ԴՅՈՐԴՅ ՊԵՏՐԻ՝ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
I
Վերջին մարգարեն
ՍՍՀՄ մոտալուտ փլուզումը 1982-ին սովետահայերից ոչ ոք չէր կանխատեսում։ Ամբողջ աշխարհում էլ՝ երեւի նույնը։ Դյորդյ Պետրին հատուկենտ մարգարեներից էր.
ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉ ԲՐԵԺՆԵՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Տապալվեց ծուռբերան քոթուկը.
սկսվեց ռուս-հունգարական միապետության վերջը։
Յարուն ու Չաուն՝ անդուր դեմքերով գերեզմանապահներ,
Արեւելյան Եվրոպայի սնանկացման երկու կառավարիչ՝
այցելում են նրան՝ թեյավճարի հաշիվ կա ոնց որ։
Փնչում են, քաշքշում ծաղկեպսակները։
Ականջ դնում՝ համազարկը տվեցին-չտվեցի՞ն։
Ինչ որ է, մեռավ։
Էլ մեջտեղ չի հանի
շեռալաքայոտ շորի ճեղքից Հոկտեմբերյան Մեծը։
(Այս եւ հետագա բոլոր թարգմանությունները՝ բնագրից, էսսեի հեղինակի)
«Սկսվեց ռուս-հունգարական միապետության վերջը»՝ ազդարարեց Պետրին 1982-ին… թեեւ ՍՍՀՄ-ում Լեոնիդ Բրեժնեւին փոխարինել էր ամենազոր КГБ-ի երկարամյա նախագահը՝ Յուրի Անդրոպովը (1967-1982 թթ.), իսկ Յանոշ Կադարը, որ 1956-ից Հունգարիայի ղեկավարն էր, մնաց իր պաշտոնին եւս վեց տարի։
Ինձ հետաքրքրում էր՝ արդյոք բանաստեղծությունից բացի Պետրին (1943-2000) խոսել է այս թեմայով։ Դիմեցի նրա կյանքի վերջին տասնամյակի մտերմուհուն` Մարիա Պապին, որին հուզիչ տողեր է նվիրել բանաստեղծը, որ բոլորին, ամեն ինչ եւ ինքն իրեն միշտ հեգնում էր իր պոեզիայում։ Մարիան հիվանդ էր, չհաջողվեց Բուդապեշտում հանդիպել, բայց ավելի ուշ նամակով պատմեց, որ Պետրին Արեւմտյան Բեռլինում (որտեղ նա մեկ տարի հյուրընկալվեց DAAD-ի ծրագրով) 1985-ին «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է գրաքննության մասին, որ պաշտոնական չէր, բայց ամենահաս էր Հունգարիայում (ներառյալ՝ իշխող կուսակցության ղեկավարության գաղտնիության մոլուցքը), նաեւ ասել, որ համակարգը շուտով կփլուզվի։ Բեռլինում նրա լավատեսության հիմքը այս անգամ Հունգարիայի գործող ղեկավարության հույժ գաղտնի փաստաթղթերն էին, որ ձեռքն էին ընկել ինչ-որ կերպ, թե քանի տեսակի ընդդիմություն կա երկրում (եւ ինչպես պետք է նրանց հետ վարվել տարբեր իրավիճակներում):
Ինչու եմ համարում, որ Պետրին վերջի՛ն մարգարեն էր։ Մենք 1990-ականներից, ըստ ամերիկյան փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի, մտել ենք «պատմության ավարտի» փուլ, երբ չնչին է աշխարհակարգային փոփոխությունների հավանականությունը, քանի որ զարգացման ժողովրդավարական ուղին անառարկելի է, գործընթացները՝ անշրջելի, հետեւաբար իմաստազրկվել է մարգարեների գոյությունը։ Նույնիսկ երբ պուտինյան վարչակարգը պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ՝ «ռուսական աշխարհի» կայսերապաշտական կարգախոսներով, այն արդարացնելու համար հաճախ հղում է անում փոքրամասնությունների լեզվական իրավունքներին եւ զավեշտալի անճարակությամբ «արեւմտյան» բառապաշար է օգտագործում՝ «ֆեյք նյուզ», մեդիամանիպուլյացիա եւ այլն։
Հունգարիայի վերջին քաղաքական բանաստեղծը
Բրեժնեւի մասին Պետրիի բանաստեղծությունը Հունգարիայում հազվադեպ են հիշատակում որպես մարգարեություն, ավելի հաճախ՝ որպես քաղաքական պոեզիայի վառ նմուշ, եւ մեջբերում ուրիշ թեւավոր խոսքեր եւս, որոնք դեռ շատ երկրների իշխանությունների կբնութագրեն ճշգրիտ կերպով։ Զորօրինակ՝
տականքների ծաղկման ժամանակը:
(«ՉԷՉԷՉԷ»)
Բայց զուտ քաղաքական բանաստեղծություններ Պետրին շատ չի գրել։ Տոկոսային հարաբերությամբ՝ տասից մեկն էլ չէ։ Բայց մի շարք հանգամանքներ կային, որ նրան քաղաքական բանաստեղծ էին դարձնում «սոցիալիզմի» տարիներին։
2. Նորարարությունը, քանի որ բռնապետական գաղափարախոսությունը ծնում է մշակույթ, որն ամենօրյա հանրային կեղծիքը սովորաբար պաշտպանում է ավանդական «անշառ» արտահայտչամիջոցների օգնությամբ։ Պետրին մերժում էր դասականի գրականության այս ընդօրինակումը, էպիգոնությունը՝ որպես «սեքընդ հենդ», որը նկատի ունենալով՝ հունգարացի քննադատներից մեկը նրա պոեզիայի պաթոսը բնորոշել է որպես «գարշանքի բարոյականություն»:
3. Հրաժարումը իշխանության կողմից բաշխվող «բարիքներից»։ Պետրին հասակ էր առել մի համակարգում, որտեղ գրքերի հրատարակումը պետության մենաշնորհն էր՝ գրաքննության իրավասությամբ։ Նա երկու ժողովածու էր տպագրել, բայց երբ խմբագիրը երրորդ ժողովածուից դուրս թողեց քսան գործ, բանաստեղծը որոշեց, որ այլեւս գիրք չի տպագրի պետական ֆինանսավորմամբ, քանի դեռ այդ համակարգը գոյություն ունի։
4. Պաշտոնական գաղափարախոսությանը հակասող մեկ ստեղծագործությունը բավական է ամբողջատիրական համակարգում, որ հեղինակը համարվի այլախոհ։
Մարիա Պապը մի քանի հարցազրույց է վարել Պետրիի հետ, որոնցից մեկում հարցրել է, թե արդյոք քաղաքականությունը վայել է իսկական մտավորականին։
Ինչո՞ւ է Պետրին վերջի՛ն քաղաքական բանաստեղծը։ 1980-ականների վերջին Հունգարիայում տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն», երկրում հաստատվեց ժողովրդավարություն, եւ գրականությունը դադարեց արգելված թեմաներն արծարծելու հարթակ լինելուց։ Ճիշտ է, 2010 թվականից, երբ երկրի վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնեց Վիկտոր Օրբանը՝ որպես ՖԻԴԵՍ (Երիտասարդ ժողովրդավարների միություն) կուսակցության առաջնորդ, իշխանությունը սկսեց սահմանափակել քաղաքական ազատությունները, ինչը արձանագրել է միջազգային հանրությունը։ Բայց նույնիսկ այս հետընթացի պայմաններում, երբ իշխանությունը ավելի շատ նմանակում է ժողովրդավարությունը, գրողները, մտավորականությունը այլեւս ընդդիմություն չեն. կա քիչ թե շատ ուժեղ ընդդիմություն, քիչ թե շատ ազատ մեդիա։ Եվ երբ բռնատիրական միտումներն ուժեղանում են, եւ նորից պահանջ է առաջանում իրավիճակի գեղարվեստական բնորոշման, դա արվում է մեջբերումների ձեւով՝ Պետրիից եւ ավելի վաղ «քաղաքական» հեղինակներից։
շարունակելի