• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-5

aliq 19:00 | 07.02.2023
aliq 19:00 | 07.02.2023
Budapest
Լուսանկարը՝ հեղինակի

ԻՄՐԵ ԿԵՐՏԵՍ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՈՉ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

IV

«Ապրել նշանակում է հարմարվել» կամ Նոբելյան մրցանակի «բիզնեսը»

Բուդապեշտում կա մի թանգարան, որը կոչվում է «Ահաբեկության տուն» (Terror Háza Múzeum)։ Պետական անվտանգության նախկին շենքում է, որտեղ շատ մանրակրկիտ ներկայացված է քաղաքական մահապատիժների, ճնշումների, ահաբեկումների պատմությունը Առաջին աշխարհամարտի ավարտից մինչեւ 1980-ականներ։ Բաց են նկուղները, որտեղ պահել են ձերբակալվածներին։ Պատժախուցը, օրինակ, մեկ մարդու լայնություն ունի՝ միայն ուղիղ կանգնել է հնարավոր։ Մյուս հարկերը պատմում են, թե ֆաշիստամետ ու սովետամետ վարչակարգերը ինչպես են կոտորել երկրի քաղաքացիներին։ Հարյուր հազարների։ Մի մասին, որովհետեւ հրեա էին, մյուսներին՝ կուլակների դասին պատկանելու կամ ստրկական պայմաններին չհամակերպվելու համար։

Ճնշող է, հաճախ՝ զարհուրելի։ Կան նաեւ սրահներ, որտեղ ներկայացվում է քարոզչական մեդիան, հովվերգական, բայց կեղծ պատկերներով։ Ցավալի է, որ արգելված էր լուսանկարելը հետապնդումներին նվիրված թանգարանում, բացի ներքին բակի տանկից։ Նույնիսկ Վիկտոր Օրբանի՝ երկրի ներկա վարչապետի ելույթը։ Երիտասարդ, նիհար՝ 1989-ի բազմամարդ հանրահավաքին նա բուռն կերպով դատապարտում է սովետական ներխուժումը, գրաքննությունը, կոռուպցիան։ Բայց Օրբանի հավատարիմ թիմակցի՝ Մարիա Շմիդտի թանգարանում տեղ չի գտնվել տեռորի դեմ պայքարած հունգարացիների մի քանի սերնդից ուրիշ ոչ մեկի համար, այդ թվում՝ համակենտրոնացման ճամբարից մազապուրծ Իմրե Կերտեսի, հրաշալի բանաստեղծներ Յանոշ Պիլինսկու, Դյորդյ Պետրիի, որոնցից մեկը 9-ը, մյուսը 20 տարի գրաքննության կողմից արգելված էր «սոցիալիզմի» օրոք։

Այդ թեմայով իր վրդովմունքը հայտնեց երիտասարդ բանաստեղծ եւ հետազոտող Ռենատո Ֆեհերը. «Հունգարիայի առաջին նախագահ Արպադ Գյոնցին դուրս են մղում 1989-1990-ի պատմությունից, Օրբանին դնում տեղը»։

budapest

Լուսանկարը՝ հեղինակի

Օրբանը իր վարչապետության առաջին ժամկետում է բացել «Ահաբեկության տունը», բայց այժմ այնտեղ գործում է նրա «օժանդակ ջոկատը»՝ Մարիա Շմիդտի ղեկավարությամբ։

BudapestԵս Զոլտան Հաֆներին հարցրի Իմրե Կերտեսի եւ Օրբանի վարչակարգի հարաբերությունների մասին։ 2002-ին հունգարական քաղաքական գործիչներից միայն Օրբանն է մեկէջանոց տեքստով շնորհավորել գրողի մրցանակը՝ մանրամասն անդրադառնալով նրա ստեղծագործությանը, մյուսները չորուցամաք մի քանի տողով են բավարարվել։ Երբ Կերտեսը Գերմանիայում ապրելու ընթացքում Բուդապեշտ է եկել, նրան լավագույն հյուրանոցներում են տեղավորել։ Եվ, ի վերջո, իշխանությունը նրանից խնդրել է իր գրական արխիվը, որ Կերտեսի ինստիտուտ հիմնի։ Գրողը համաձայնեց, բայց չապրեց մինչեւ ինստիտուտի բացումը, երբ Հունգարիայում ասել-խոսելիք դարձավ 2,6 միլիարդ ֆորինտը, որով պետք է վերանորոգվեր ինստիտուտին հատկացված առանձնատունը (10 միլիոն դոլարից ավելի՝ ժամանակի փոխարժեքով)։ Նախատեսվածից տարիներ ավելի երկար տեւած վերանորոգումից վերը արդեն հիշատակածս Մարիա Շմիդտի ղեկավարած հիմնադրամը հետո բացեց ինստիտուտը հանրության համար, բայց այնքան շատ փող է ծախսում այցելուների էքսկուրսիաների եւ քիչ՝ հետազոտությունների ու անտիպ գործերը հրատարակելու համար, որ ինստիտուտի տնօրեն Զոլտան Հաֆները լքեց իր պաշտոնը։ Սա, իհարկե, «Ահաբեկության տան» ժամանակներին բնորոշ պատկեր չէ, բայց հիշեցնում է պուտինյան Ռուսաստանի կոռուպցիոն պատմությունները մշակույթի ոլորտում։

Budapest

Հունգարիայի Խորհրդարանի շենքը գեղեցիկ է, օրվա բոլոր ժամերին, եթե նույնիսկ նկարում ես ավտոմեքենայի պատուհանից։ Լուսանկարը՝ հեղինակի

Բախտավորություն
«Մեր պալատում ազատ մահճակալները վերացան, եւ սովորական խոցերի, կտրած վերքերի թվում ես առաջին անգամ լսեցի մի տղայից՝ հանդիպակաց պատի մոտ պառկած հունգարացուց, որ հրացանի գնդակից է վիրավորվել։ Դա պատահել էր բազմօրյա հետիոտն երթով մի հեռավոր եւ, ինչպես հասկացա իր պատմությունից, Ցեյցին շատ նման ճամբարից գալուց, որը եղել է ինչ-որ, եթե ես ճիշտ լսեցի, Օրդրուֆ անունով գյուղում. ամբողջ ճանապարհին փորձել են խուսափել հակառակորդից, այսինքն՝ ամերիկյան բանակից, իսկ գնդակը, որ, ըստ էության, նրա կողքից ընթացող մարդու բաժինն է եղել, բայց սա ցած է տապալվել ուժասպառությունից, դիպել է տղայի ոտքին։ Դեռ բախտս բերել է, որ ոսկորին չի կպել` ավելացրեց նա, եւ ես մտածեցի. ինձ հետ այդպիսի բան չէր կարող պատահել՝ որտեղիս էլ գնդակը կպներ՝ ոտքիս, թե ուրիշ տեղ, ոսկորի էր դեմ առնելու, անխոս։ Շուտով պարզվեց, որ նա համակենտրոնացման ճամբարում է միայն աշնանից, եւ իր համարն էլ՝ ութսուն հազար քանի, առանձնապես երեւելի չէր, մանավանդ մեր պալատում»։

Դյուրիի մարմնին արդեն միս չկա… Նրա համարը մեծերից է, նա արդեն նորեկ չէ Օսվենցիմով անցած միլիոնից ավելի մարդկանց թվում… Մանրուքնե՞ր են։ Բայց այստեղ է Կերտեսի «Անբախտության» ուժը. նա գերի է վերցնում ժամանակակից ընթերցողին՝ նրան պարգեւելով «ներկայության էֆեկտը», որը XXI դարի մեդիան առօրեական դարձրեց XXI դարի մարդու համար (իսկ 1970-ականների ընթերցողը միգուցե դրա կարիքը չէ՞ր զգում)։ Համենայնդեպս, ես փնտրեցի ու չգտա որեւէ ապացույց, որը վեպը հիացրել է էսսեների իմ շարքի մյուս հերոսներին՝ հրեական խնդիրների հանդեպ խիստ զգայուն Յանոշ Պիլինսկուն (1921-1981), որին Կերտեսը ընծայագրել էր գիրքը՝ պաշտում էր նրան։ Դյորդյ Պետրիի (1943-2000) մտերիմները եւս չհիշեցին, որ նա վեպը գովաբանած լինի։

«Անբախտությունը» գլուխգործոց է համարել Պետեր Հայնոցին (1942–1981)՝ զգայուն, կրթված, մարգինալ հարբեցողը,- պատմում է Դյորդյ Շպիրոն։- Նա չափազանց ծույլ էր, որ իր կարծիքը գրի, բայց իմ ուշադրությունն էլ նա է հրավիրել վեպի վրա: Հետագայում փոշմանեց, երբ մի շիշ գինիով հյուր գնաց առանց զանգելու, եւ Կերտեսը դուռը դեմքին շրխկացրեց: Երկուսն էլ լուսանցքում էին, բայց Կերտեսն իր քաղքենիական ձեւով էր շեղված, ոչ այնպես, ինչպես կուզենար Հայնոցին»։

Համակենտրոնացման ճամբար եւ քաղքենիությո՞ւն… Չափազանց բարդ համադրություն է վերլուծության համար, ես փորձեցի հաղթահարել միայն համակենտրոնացման ճամբարի անբախտության թեման։ Իսկ հարբեցողության առումով Հայնոցիի երկվորյակն էր Դյորդյ Պետրին՝ իմ հաջորդ էսսեի հերոսը, որը, սակայն, դարձավ «լուսանցքի» ամենանշանակալի դեմքը՝ իր միանգամայն սթափ վերաբերմունքով դեպի ժամանակի իրողությունները եւ այսօր, առանց որեւէ վերապահության, համարվում է Հունգարիայի լավագույն բանաստեղծներից մեկը։

My Hungarians: Faces, Places and Traces
#EU4Culture

Հունգարական օրագիր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի. ԱՀԿ
հաջորդը
Ճշմարտություն ասողներին պարտվողական ածականն են տվել. Մանուկ Նիգոյան

Նման հոդվածներ

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-4

19:00 | 06.02.2023

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-3

19:00 | 04.02.2023

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-2

20:15 | 03.02.2023

Վահրամ Մարտիրոսյան. Հունգարական օրագիր-1

16:30 | 17.12.2022

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու կոչ Բաքվին

    22:27 | 22.03.2023
  • Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է...

    21:42 | 22.03.2023
  • Սպիտակ տունը Բաքվին ու Երեւանին լարվածությունը թուլացնելու կոչ...

    21:28 | 22.03.2023
  • Հայկական կողմը զորք եւ զինամթերք չի տեղափոխել․ Արցախի...

    20:47 | 22.03.2023
  • Սյունիքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է

    20:11 | 22.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա