• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Թույլ չտալ պատմության կրկնությունը

Հասմիկ Բալեյան 13:30 | 17.06.2023
Հասմիկ Բալեյան 13:30 | 17.06.2023
EPF, 14 june

Հունիսի 14-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կազմակերպել էր խորհրդային տարիների բռնադատվածների հիշատակի օրվան նվիրված միջոցառում՝ «Ստալինյան բռնաճնշումներ. հետեւանքները եւ հիշողության քաղաքականությունը» խորագրով։ Միջոցառման նպատակն էր ոչ միայն հիշել 20-րդ դարի բռնաճնշումների զոհերին, այլեւ հասկանալ եւ վերլուծել պատմության այդ ժամանակահատվածը:

2006 թվականից Հայաստանում հունիսի 14-ը պաշտոնապես նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր։ Թեեւ խորհրդային տարիներին բռնաճնշումներ եղել են գրեթե միշտ, բայց այս օրը խորհրդանշական է. 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից աքսորվել է ավելի քան 13 հազար մարդ։ Զանգվածային նույն աքսորի շրջանում հազարավոր հայեր են տեղահանվել նաեւ Վրաստանից, Ադրբեջանից, Սեւ ծովի առափնյա բնակավայրերից։

Բռնադատվածների հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 3-ին։ Հուշարձանի համահեղինակներն են ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանն ու Ջիմ Թորոսյանը, որի հայրը նույնպես բռնադատված է եղել։

Միջոցառման ընթացքում հետազոտող Հանս Գուտբրոդը ներկայացրեց իր «Երեւանի Կասկադի՝ բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր. վերադառնալով մարգինալացված բլրագագաթից» հոդվածը: Հոդվածում նա անդրադառնում է քաղաքական ոգեկոչման մեթոդին, որը հնարավոր է դարձնում նորովի մեկնաբանել հիշատակին եւ հիշողությանն առնչվող հարցերը։

14 june«1936-1938 թվականների սուտ մատնություններն ազդել են մարդկանց կյանքի վրա։ Ընդ որում՝ այդ մարդկանց շարքում եղել են ցեղասպանությունից փրկված մարդիկ։ Երբ պետությունն է բռնություն իրականացնում, դա կոտրում է հիմնարար արժեքները. պետությունն այդ կերպ փաստորեն սպառնալիք է դառնում․․․ Երեւանում գտնվող Բռնադատվածների հուշահամալիր. սա ինչ-որ իմաստով այդ տարիների հուշն ու հիշողությունները պահպանելու ձեւ է»,- ասաց Հանս Գուտբրոդը։

Ըստ նրա՝ կարեւոր փաստ էր, որ անցյալ տարի հուշահամալիրում ընթերցվեցին բռնադատվածների անունները, որոնց մեջ էր նաեւ Եղիշե Չարենցը։

«Չարենցի մասին կարդալով կամ նրա տուն-թանգարան այցելելով՝ տեսնում ենք, թե ստալինյան տարիների բռնաճնշումներն ինչպես են ազդել նրա եւ ընտանիքի անդամների վրա․․․ Այսօր, երբ քայլում ես Բռնադատվածների հուշարձանի շուրջը, տեսնում ես Երեւանի տարբեր մասերը, մի կողմից կարելի է տեսնել Արարատը, մյուս կողմից՝ երկինքը։ Կարծում եմ՝ այս գաղափարը խորհրդանշական է, որը կապվում է բանտարկության հետ»,- ասաց Հանս Գուտբրոդը։

Նա հիշեցրեց՝ հուշարձանը փակ է տարվա 364 օրերին, այնտեղ գնացողը միայն փոշի կարող է տեսնել․․․ Ըստ Գուտբրոդի՝ եթե այդ տարածքը փակ մնա, հնարավոր է, որ քիչ թվով մարդիկ իմանան դրա մասին, մինչդեռ մարդիկ պիտի իմանան ե՛ւ հուշարձանի, ե՛ւ բռնադատվածների, ե՛ւ այդ ժամանակաշրջանի մասին։ Մարդիկ պիտի իմանան Չարենցի ու մյուսների կյանքի այդ ցավոտ դրվագները, որպեսզի թույլ չտան, որ նման դեպքեր կրկնվեն պատմության մեջ։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարանի» շնորհանդեսը։ Բառարանը կազմելու համար հետազոտություններ են իրականացվել։ Անցկացվել է 45 խորացված եւ 10 փորձագիտական հարցազրույց, որոնցից 20-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, 15-ը՝ Երեւանի եւ Գյումրու թաղամասերում՝ գողական ենթամշակույթին առնչված անձանց միջավայրում։

Այս բառարանը «ԵՀՀ համալսարան» խորագրով հրապարակվող ձեռնարկների շարքից է։ Հեղինակներն են մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանն ու մշակութաբան Նիկոլ Մարգարյանը, որոնք իրենց ելույթներում անդրադարձան քրեական միջավայրում (եւ դրա սահմաններից դուրս) գործածվող բառերի նշանակությանն ու ծագմանը։ Քննարկվեցին քրեական բարքերի, խոսվածքի եւ վարքի առաջացման ու տարածման նախապայմաններն ու պատճառները։ Բառարանի ստեղծման գաղափարը պայմանավորված է այն իրողությամբ, որ այդ բառերը ներթափանցել են հասարակական կյանք, եւ դրանք կիրառում են հատկապես դեռահասները։

Բառարանի համահեղինակ Նիկոլ Մարգարյանը նշեց՝ «գողական» եզրույթը կիրառվում է 1920-ականներից։ Գողական ենթամշակույթի ստեղծման պատճառը քրեական աշխարհի նկատմամբ խորհրդային իշխանությունների կտրուկ քաղաքականությունն էր։ Նրանք որոշեցին, որ քրեական աշխարհում հեղինակավոր հանցագործները «գողերն» էին, ընդ որում՝ որոշ դեպքերում գողությունը կարող էր ներվել, քանի որ իշխանությունները ցանկանում էին ընչազրկել հարուստներին, կապիտալիստներին։ Եվ «գողերը» սկսեցին հեղինակավոր խմբեր ձեւավորել ազատության մեջ։

«Հետո գողերից ոմանք ավելի ծանր հանցագործություններ կատարելու պատճառով հայտնվեցին կալանավայրերում՝ այնտեղ հանդիպելով քաղաքական հանցագործների, որոնք հեղինակություն ունեին եւ մերժում էին խորհրդային իշխանություններին՝ սաբոտաժի ենթարկելով, հրաժարվելով աշխատելուց, ծառայելուց։ Կալանավայրերում խորհրդային իշխանություններն ուզում էին իջեցնել այս մարդկանց հեղինակությունը, ուստի թույլ տվեցին, որ քաղաքական հանցագործների իշխանությունն աստիճանաբար անցնի գողերին։ Եվ այդպես «գողական» կաստան դարձավ կալանավայրային հեղինակություն։ Հետո դատապարտվածները ազատության մեջ են հայտնվում եւ բանտի բարքերը, խոսվածքը սկսում են տարածել հանրության մեջ»,- պատմեց Նիկոլ Մարգարյանը։

Բառարանի համահեղինակ Աղասի Թադեւոսյանն էլ նշեց՝ թաղային ու բակային կյանքում այսօր էլ հաստատված է կարգուկանոն, որը դուրս է օրենքից։ Գողական ֆենոմենը 1950-1960-ականներից հայտնվեց հանրային կյանքում ու ամրապնդվեց։ Այդ ժամանակահատվածում Հայաստանի բնակչության մոտ 60 տոկոսը աշխատավորներ էին։ Երեւանի բնակչության շուրջ 80 տոկոսն էր աշխատավոր։ Իսկ այդ ժամանակահատվածում Խորհրդային Միությունում օրենքով պաշտպանված էր միայն վարչական եւ ինտելեկտուալ վերնախավը, oրինակ՝ հայտնի գրողները, նկարիչները․․․ Այս մարդիկ խնդիրներ ունենալու դեպքում զանգահարում էին ոչ թե ոստիկանություն, այլ միանգամից ոստիկանապետին։

«Ստացվում է՝ այս արտոնյալ մարդիկ, ի տարբերություն բանվորների ու աշխատավորների, վայելում էին իրավապահների հովանավորչությունը։ Ըստ այդմ՝ եթե մի բանվոր ու մի արտոնյալ վիճեին, իրավապահները կարող էին գործը շուռ տալ անգամ տուժողի վրա՝ աջակցելով արտոնյալին»,- պատմեց Աղասի Թադեւոսյանը։

Այսպիսի շատ դեպքեր էին լինում, ուստի աշխատավորներն իրենց անպաշտպան էին զգում եւ սկսեցին դիմել այլընտրանքային արդարադատության համակարգին՝ գողականներին։ Գողերը մեծ ընդունելություն գտան նաեւ բանվորների շրջանում՝ մտնելով թաղային միջավայր: Նա ընդգծեց՝ զրուցել է դեռահասների ու երիտասարդների հետ, որոնցից շատերն ակնածանքով են խոսում այս ենթամշակույթի մասին։

«Զրուցելիս բացատրում էի, որ օրենքով ապրելն է հայրենասիրություն․ փորձում էի նրանց քաղաքացիական արժեքների դաշտ տանել, բայց զգում էի, թե որքան մեծ է դիմադրությունը։ Նրանցից շատերը չեն գիտակցում, որ գողական հասկացություններով ապրելը դեմ է  պետությանը եւ օրենքին»,- ասաց Աղասի Թադեւոսյանը։

Այս համատեքստում տվյալ հետազոտությունն անցկացնելն ու բառարանը կազմելը շատ կարեւոր են։ Ըստ Թադեւոսյանի՝ արդարացված չեն այն կարծիքներն ու մտավախությունները, թե բառարանը կարող է դառնալ պատանիների ձեռքի գիրք, որ նրանք կսովորեն այս բառերը։ Պատանիներն առանց բառարանի էլ միմյանցից արագորեն սովորում են դրանք, մինչդեռ բառարանն օգնում է ախտորոշելու այդ երեւույթի շատ կողմեր․ ընդ որում՝ թեման դեռ նոր հետազոտությունների եւ ուսումնասիրությունների կարիք ունի։

«Կարեւոր է ամրագրել այն փաստը, որ նման ինքնաճանաչողական հետազոտությունները օգնում են հասկանալու, թե ինչպես կարող ենք աշխատել մեր հասարակության եւ հատկապես երիտասարդների հետ, օգնում են, որ գիտակցենք, թե հայրենասիրության ընկալումներն ինչպես կարելի է կապել պետության եւ օրենքի հետ, քանի որ, այո՛, օրենքով ապրելը հայրենասիրություն է»,- եզրափակեց Աղասի Թադեւոսյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռադիոիզոտոպների կենտրոնը կմիավորվի ուռուցքաբանության կենտրոնին
հաջորդը
Իրանում հուսով են՝ քաղաքական թյուրիմացությունները չեն ազդի «Հյուսիս-հարավ»-ի վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն