Ես որոշել էի չանդրադառնալ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը, սակայն քանի որ Հանրային հեռարձակողի խորհրդի (ՀՀԽ) անդամներից ոմանք իրենց որոշումն արդարացնելու թույլ ու անհամոզիչ փորձեր են անում, ստիպված եմ պարզ բաներ գրել՝ հիմնավորելու համար, թե ինչու ինքս չեմ հավատում իրենց ընտրության արդարությանն ու անաչառությանը։
Նախ, եթե ՀՀԽ անդամները ցանկանում էին, որ հանրությունը հավատա իրենց, պետք է կազմակերպեին թափանցիկ ու բաց ընտրություն։ Սա նշանակում է, որ տնօրենի բոլոր թեկնածուները պիտի գային եւ հատկացված որոշակի ժամանակահատվածում (ասենք՝ յուրաքանչյուրը 40 րոպե) ներկայացնեին իրենց հայեցակարգը, պատասխանեին հարցերին, այս ողջ գործընթացը հեռարձակվեր, մենք էլ հետեւեինք դրան եւ համոզվեինք, որ արդար ընտրություն է կատարվել։ Թե չէ՝ ով էլ ասես կարող է լավ հայեցակարգ գրել, կամ էլ՝ գրել տալ, կամ էլ՝ մեկի համար գրեն նրանք, ովքեր արդեն իսկ «դաբրո» էին տվել այդ մեկի թեկնածությանը։ Իսկ բանավոր քննարկումը ցույց կտար, թե ով է իսկապես տիրապետում իրավիճակին եւ առաջարկում հիմնավոր լուծումներ։
Իհարկե, կարող են ինձ առարկել, թե մրցութային կարգում նման բան նախատեսված չէ։ Բայց չէ՞ որ իրենք են ասում, որ օրենքով մրցութային կարգի սահմանումը վերապահված է ՀՀԽ-ին։ Սահմանեիք եւ անեիք։ Չէ՞ որ գիտեիք, որ կասկածները մնալու են։
Իսկ քանի որ բաց քննարկում չի կազմակերպվել, եւ հանրությունն էլ ծանոթ չէ մասնակիցների ծրագրերին, ապա մեկը ես՝ օգտվում եմ կասկածելու իմ իրավունքից եւ անում եմ գնահատող դատողություն. ՀՀԽ-ի որոշման միակ շարժառիթը եղել է անցանկալի տնօրենից ազատվելը, որովհետեւ նա համարձակվել էր քննադատել «նորին գերազանցությանը»։
Իսկ մնացածը՝ «հաղթածի ամենալավ ծրագիր», «հումորի զգացում» եւ այլն, ընդամենը շղարշ են՝ քողարկելու համար իրական նպատակը։ Նույն շղարշն է նաեւ այլ թեկնածուին տված մեկ ձայնը. տեսեք՝ մեզ մոտ միակարծություն չէ։ Ճիշտ սովետական ընտրությունների նման, երբ դեմոկրատիայի պատրանք էր ստեղծում «կոմունիստների եւ անկուսակցականների անխախտ բլոկի» թեկնածուին դեմ տված 0,01 տոկոս ձայնը։
2002 թվականին էլ, երբ անցկացվեցին հեռուստահեռարձակման լիցենզավորման առաջին մրցույթները, պատվերը «Ա1+»-ին եթերից զրկելն էր։ Մնացածը՝ «թույլիկ ծրագիր» եւ այլն, նույն շղարշն էին։ Քսաներկու տարում ոչինչ չի փոխվել, բացի պատվիրատուից ու պատվեր կատարողից։
Իմ անվստահության երկրորդ պատճառը. ՀՀԽ նախագահ Արա Շիրինյանը «Ֆակտորին» տված հարցազրույցում հերքում է, թե ինքը Արմեն Քոլոյանի հետ եղել է կառավարությունում, բայց հաստատում է, որ հանդիպել է նրան, քայլել են մինչեւ մոտակա սրճարան (սուրճ խմել են, թե ոչ չի հստակեցնում)։ Հետո արագ էլ հավելում է, թե «էդ ժամանակ ինքը թեկնածու չէր»։ Ինչի՞ համար է էս հավելումը, եթե ոչ ինքնարդարացման։
Իրավունք ունե՞մ ես ենթադրելու, որ Շիրինյանն արդեն տեղյակ էր, որ Քոլոյանն առաջադրվելու է, եւ այդ հանդիպման նպատակն էր նրան վստահեցնել, որ «դաբրոն» կա, եւ թեկնածությունը դնելու դեպքում ինքն է ընտրվելու։ Իհարկե ունեմ։
Ենթադրում եմ։
Եվ հենց միայն այս հանդիպման փաստը բավարար է՝ կասկածելու ՀՀԽ նախագահի անկողմնակալությանը։ Բա մյուս թեկնածուների հետ ինչո՞ւ էդպես «պատահաբար» չհանդիպեց։
Նորմալ երկրում, նորմալ պայմաններում ընտրություններից մեկ-երկու շաբաթ առաջ ընտրական հանձնախմբի (ինչպիսին տվյալ դեպքում ՀՀԽ-ն է) նախագահի հանդիպումը որեւէ պոտենցիալ թեկնածուի հետ հիմք կլիներ, որ նույն նախագահը բարոյական իր ընտրությունը կատարեր՝ ասելով, թե շահերի բախում է առաջացել, եւ ինքն իրեն իրավունք չի վերապահում մասնակցելու ընտրական գործընթացներին։ Սակայն Շիրինյանը ոչ միայն չհրաժարվեց, այլեւ հիմա հայտարարում է, թե հանդիպել-զրուցել է ու կարծես թե դրանում ոչ մի վատ բան չի տեսնում։
Իսկ քանի որ նա շահերի բախում չտեսավ ու չհրաժարվեց մրցույթային հանձնաժողովը ղեկավարելուց, ապա իմ ենթադրությունը մնում է ուժի մեջ. այդ հանդիպումը «դաբրո» տալու/ստանալու նպատակ ուներ։
Կարելի էր այստեղ ավարտել։ Սակայն մի իրադարձություն եւս եղավ այս ընթացքում։ Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» քաղաքական-վերլուծական հաղորդման հեղինակ Գեւորգ Մելիքյանը հայտարարեց, թե ՀՀԽ-ն փակել է իր հաղորդումը։
«Առավոտին» տված պարզաբանման մեջ Արա Շիրինյանը, իրենց որոշման այլ հիմնավորումներից բացի, նաեւ օրինակներ է բերում, թե հաղորդումը վարողը անընդհատ միջամտում եւ ընդհատում է զրուցակցին։ Նաեւ՝ մեջբերում է արձանագրությունից մի հատված. «Հաղորդավարը, շարունակ ընդհատելով զրուցակցին, գրեթե պարտադրում էր իր պատկերացումները՝ հնարավորություն չտալով հյուրին սպառիչ ներկայացնել իր կարծիքը»։
Դասականը կասեր՝ «Իյա՝ իրո՞ք»։
Իսկ էն որ Հ1-ի Պետրոս Ղազարյանը պարբերաբար ընդհատում է զրուցակիցներին, ժողովրդական բառերով ասած «թռնում հյուրերի դեմքին», մանավանդ՝ երբ դիմացն ընդդիմադիր է, Խորհուրդը չի՞ նկատել։ Թե՞ չնկատելու է տալիս, որովհետեւ, ինչպես ասել է մի այլ դասական՝ «Սամոսան, իհարկե, սրիկա է, բայց նա մե՛ր սրիկան է»։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։