Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի արտաքին գործերի Կոմիտեն անցած տարեվերջին հրապարակել էր զեկույց, որ հասցեագրված էր կառավարությանը:
Այն նվիրված էր Կենտրոնական Ասիային եւ այդ կարեւորագույն տարածաշրջանում Միացյալ թագավորության շահերին: Դիվանագիտական աղբյուրներից մամուլին հայտնի էր դարձել, որ կառավարությունը հավանություն է տվել 5+1 ձեւաչափով Կենտրոնական Ասիա (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան)-Մեծ Բրիտանիա երկխոսություն սկսելու առաջարկությանը:
Նախնական պայմանավորվածությամբ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդների եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի գագաթնաժողովը նախատեսվում էր կազմակերպել Լոնդոնում՝ այս տարվա ընթացքում:
Այս առթիվ ռուսաստանյան Независимая газата-ի վերլուծականը հակիրճ ձեւակերպել էր՝ «Մեծ Բրիտանիան վերադառնում է Ասիա»: Ըստ երեւույթին, գագաթաժողովի կազմակերպման հարցերով էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, նախկին վարչապետ Քեմերոնը մեկնել Ղազախստան, բայց կարճ ժամանակ անց Սունակի կառավարությունը հրաժարական տվեց, իշխանության եկան պահպանողականները:
Մեծ Բրիտանիա-Կենտրոնական Ասիա գագաթաժողով, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում տեղի չի ունենա:
Փոխարենը Ղազախստան է այցելել Հարավային Կորեայի նախագահը, նախապատրաստվում էր Ճապոնիա-Կենտրոնական Ասիա գագաթաժողով, որ վերջին պահին հետաձգվել է Ճապոնիայում կանխատեսված երկրաշարժի պատճառով:
Օգոստոսի 8-ին Աստանայում գումարվել է Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների առաջնորդների Խորհրդատվական վեցերորդ հանդիպումը: Ընդունվել է ամփոփիչ կոմյունիկե: Այն սահմանում է մինչեւ 2040 թվականը Կենտրոնական Ասիայի՝ որպես մեկ-միասնական, անբաժանելի աշխարհաքաղաքական տարածության, ձեւավորման նպատակ:
Որքանո՞վ կհաջողի իրականացնել այդ աշխարհաքաղաքական նախագիծը՝ ոչ ոք չի կարող կանխատեսել: Բայց շատ էական է, որ հրապարակված փաստաթղթում խոսք չկա «թուրքական աշխարհի» մասին: Մինչդեռ Սյունիքի հարավում հաղորդակցությունների բացման հարցը կապվում է Թուրքիայի հովանու ներքո «Մեծ Թուրանի» ստեղծման ծրագրի հետ:
Դա Հայաստանում, հայ իրականության մեջ ընկալվում է որպես էքզիստենցիալ սպառնալիք:
Կենտրոնական Ասիայի երկները հռչակագրել են նաեւ կոմունիկացիոն նոր նախագիծ: Պայմանականորեն այն անվանվում է «Տրանսաֆղանական միջանցք»: Խոսքն Աֆղանստանի տարածքով Պակիստան ելքի մասին է, որ թույլ կտա օգտվել այդ երկրի նավահանգիստներից: Քննարկվում է նաեւ Թուրքմենստան-Իրան-Պարսից ծոց հաղորդակցության հարցը:
Այդ քննարկումները վկայում են, որ Կենտրոնական Ասիան ձգտում է ներքին ինտեգրացիայի, որ կախված չի լինի ուժային որեւէ բեւեւռից կամ գերտերության ազդեցությունից: Իհարկե, դա շատ դժվար լուծելի խնդիր է, բայց Հայաստանի շուրջ առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում հնարավորություն է տալիս, որ հայկական դիվանագիտությունը փորձի վերանայել Կենտրոնական Ասիայի մանավանդ թուրքախոս պետությունների նկատմամբ մոտեցումները:
Անկախության առաջին տարիներին Հայաստանը բավական արդյունավետ համագործակցել է Ղրղզստանի եւ հատկապես Թուրքմենստանի հետ՝ Իրանի տարածքով ցամաքային կապի միջոցով: Հետագայում այդ ռեսուրսն ինչո՞ւ է անտեսվել՝ պարզ չէ: Այսօր, երեւի, ժամանակն է, որ Հայաստանը Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրման քննարկումներում առաջարկի իր հնարավոր մասնակցությունը: Ղազախստանի նախագահ Տոկաեւի պաշտոնական այցը Երեւան տպավորիչ նախադեպ է:
Կենտրոնական Ասիայի անվտանգային ինտեգրացիան, հավանաբար, կանխատեսվում է ՀԱՊԿ-ի կազմալուծման հավանականության համատեքստում: Փոխարենն ի՞նչ է ստեղծվելու: Ադրբեջանն արդեն իսկ համագործակցության առաջարկ է արել: Անվտանգային ի՞նչ համակարգում է լինելու Հայաստանը: Եթե Կենտրոնական Ասիայում ձեւավորվի միասնական-անբաժանելի անվտանգային տարածություն, Հայաստանի շուրջ իրավիճակը կբարեփոխվի:
Բայց մեծ է նաեւ Կենտրոնական Ասիայի անվտանգային ինտեգրացիային կոշտ հակազդեցության հավանականությունը: Եթե այդ տարածաշրջանում բախվում են Մեծ Բրիտանիայի, Եվրոմիության, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի եւ Իրանի, վերջին շրջանում՝ նաեւ Հնդկաստանի ու Պակիստանի շահերը եւ հետաքրքրությունները, ապա «պայթյուն» կարող է լինել ցանկացած պահի:Ամեն ինչ կախված է նրանից, թե ուժային բեւեռներն ինչ համաձայնության կարող են գալ:
Անկախությունից ի վեր Կենտրոնական Ասիայի հատկապես թուրքախոս երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, մեղմ ասած, սառն են եղել, ինչը թույլ է տվել Ադրբեջանին նույնիսկ բաց տեքստով հայտարարել, որ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Բաքուն ավելի շատ դաշնակիցներ ունի, քան՝ Երեւանը: Ղազախստանի նախագահը Հայաստան այցի հրավերն ընդունել է երկկողմ հարաբերությունների բարենորոգման համատեքստո՞ւմ, թե՞ դրանով խորհրդանշվում է Կենտրոնական Ասիա- Հայաստան առանցքային նշանակության երկխոսություն՝ հնարավոր համագործակցության հեռանկարով:
Եթե առկա է երկրորդ տարբերակի հավանականություն, ապա Հայաստանը ո՞ր դեպքում կարող է գործընկեր լինել՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Եվրոմիություն, թե՞ Մեծ Բրիտանիա- Կենտրոնական Ասիա լոգիստիկայի:
Ոչ պակաս կարեւոր է, իհարկե, հենց Հայաստան-Ղազախստան առեւտրա-տնտեսական կապի կոմունիկացիոն բաղադրիչը: Երկու երկներն էլ ԵԱՏՄ անդամ են, բայց դեպի Ղազախստան Հայաստանն ունի ցամաքային մեկ ոչ այնքան հուսալի՝ Վրաստանով եւ Ռուսաստանով միջնորդավորված ճանապարհ, երկրորդը կարող է ապահովել Ադրբեջանը, բայց դրա պայմանն Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունն է:
Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության հովանավորն է արդեն ավելի քան քառորդ դար: Իլհամ Ալիեւը պաշտոնապես հռչակել է նավթային գործոնից տնտեսական կախվածությունը հաղթահարելու նպատակ: Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի պաշարներն անսպառ չեն: Փորձագետներից շատերը համարում են, որ եւս երկու-երեք տասնամյակ ներկա ծավալներով արդյունահանման դեպքում 2050-60-ական թվականներին BP-ն Ադրբեջանում «այլեւս հետաքրքրություն չի ունենա»: Լոնդոնը ծարագրում է Կենտրոնական Ասիայում նոր նավթա-գազային կոնսորցիո՞ւմ ստեղծել, թե՞ «վերադառնում է Ասիա»՝ վերահսկելու Աֆղանստանը:
Ռուսաստանը, կարծես, չկարողացավ կամ չցանկացավ Աֆղանստանից ԱՄՆ հեռանալու հնարավորությունն օգտագործել եւ լիովին վերահսկել Կենտրոնական Ասիան: Թուրքիայի հավակնությունները զսպվում են, իսկ Չինաստանը՝ «ուշանում»:
Դեպի Կենտրոնական Ասիա բրիտնական առյուծի ցատկը ԱՄՆ-Չինաստան «մրցակցենք, բայց չհակամարտենք» պայմանավորվածության շրջանակի՞ց է: Դա կարո՞ղ է Հայաստանի համար աշխարհաքաղաքական մեկուսացվածությունը որոշակիորեն հաղթահարելու հնարավորություն լինել: Հայկական խաղաղության խաչմերուկը կաշխատի՞:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։