Բաքվի իշխանական մամուլը շարունակում է զարգացնել «Ադրբեջանի քրիստոնեկան ժառանգության» թեման:
Այս անգամ Ադրբեջանում հիշել են Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի Բաքու այցը, որի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու հովվապետը «հանդիպել է ադրբեջանական հանրության ներկայացուցիչների հետ»:
Հանդիպմանը, եթե հավատանք ադրբեջանցի հեղինակին, մասնակցել է նաեւ «ուդիական համայնքի ներկայացուցիչ Զուրաբ Կանանչեւը»: Վերջինս, իբր, Հռոմի պապին «աղվանական խաչ է մատուցել»: Հովվապետն այն «համբուրել է եւ ընդունել»: Կանանչեւն ասել է, որ դա «աղվանական խաչ է, հայերն անեքսիայի են ենթարկել Գանձասարը»:
Ադրբեջանցի հեղինակը համարում է, որ եթե Հովհաննես-Պողոս Երկրորդն «ընդունել է աղվանական խաչը, ուրեմն ճանաչել է Ադրբեջանի տարածքի քրիստոնեական ժառանգությունը, որի հետ հայերը ոչ մի կապ չունեն»:
Արեւելյան Անդրկովկասի քրիստոնեական ժառանգության ինքնության շուրջ բանավեճը տասնամյակների պատմություն ունի, որ պատմագիտական չէ ի սկզբանե, իսկ այսօր բացառապես իրավա-քաղաքական նշանակություն ունի:
Անցած սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմը, Արցախի բնակչության բռնատեղահանումը միջազգայնորեն ընդունելի դարձնելու համար Իլհամ Ալիեւը ձգտում է լուծել պատմա-քաղաքակրթական ժառանգության «ոչ հայկականության» հարցը:
Իհարկե, կարելի է, գուցե նաեւ պետք է դժգոհել հայ պատմաբաններից, բայց խնդիրը որեւէ հեղինակավոր ամսագրում կամ թերթում Աղվանքի թեմայով հոդված հրապարակելը չէ միայն կամ էլ՝ Հայ առաքելական եկեղեցու դիվանագիտական թերացումը:
Հարցն ունի պետական նշանակություն, որեւէ կարգավորում հնարավոր է գտնել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների արդյունքում: Պատմաբանները, ազգագրագետները, հնէաբանները կարող են գիտականորեն հիմնավորված նյութեր տրամադրել:
Պատասխանատուն իշխանությունն է, արտաքին գործերի նախարարությունը, որը համաժամանկյա աշխատանք պետք է տանի քրիստոնեական եկեղեցու բոլոր կենտրոնների՝ Վատիկանի, Հունաց տիեզերական պատրիարքարանի, Ռուս եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների հետ:
Վատիկանի թերթում Աղվանքի քաղաքակրթական ինքնությունը խեղաթյուրող հոդվածից հետո, իհարկե, Սուրբ աթոռում Հայաստանի դեսպանը քննարկումներ ունեցավ, տպագրվեց Հայաստանի տեսակետը ներկայացնող պատասխան:
Բայց դա, այսպես ասած՝ պոստ-ֆակտում է, արձագանք, որ անհրաժեշտ է, բայց՝ ոչ բավարար: Ադրբեջանի «աղվանական խաչի» սպառնալիքը չեզոքացնելու համար համակարգված պետական քաղաքականություն պիտի մշակվի եւ քայլ առ քայլ գործադրվի:
Ինչպե՞ս։ Դա արդեն իշխանության, Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Հայ առաքելական եկեղեցու խնդիրն է: Բայց որպեսզի այդ կոնցեպցիան մշակվի, Հայաստանում իշխանությունը, գիտական հաստատությունը եւ Եկեղեցին պետք է միակամ-միասնական եւ համերաշխ լինեն:
Այդ համերաշխությունը չկա: Իսկ Բաքվում կույր, խուլ եւ համր չեն: Ամեն ինչ տեսնում, հասկանում եւ ստեղծված բացառիկ հնարավորությունը փորձում են իրացնել:
Դա կրոնա-դավանաբանական, անգամ քաղաքակրթական սպառնալիք չէ միայն, ավելի շատ քաղաքական է: Պետական ինքնիշխանության հիմնաքարը նրա ազգային, պատմա-մշակութային եւ քաղաքակրթական իքնությունն է: «Աղվանական խաչը» սպառնում է Հայաստանի ինքնությանը: Դա նվազ վտանգավոր չէ, քան՝ ռազմական ագրեսիան:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։