Հակամարտող պետությունների և կողմերի համար միշտ էլ դժվար է հաշտության և խաղաղության գնալ, հատկապես՝ պարտված կողմի համար:
Արցախյան հակամարտության դեպքում, թվում է, հենց պարտված կողմի՝ Հայաստանի համար պետք է դժվար լիներ գնալու խաղաղության, քանի որ 44-օրյա պատերազմում սարսափելի աղետներ ենք կրել ու անցել արհավիրքի միջով, տվել չորս հազարից ավելի զոհ, կորցրել տարածքներ, Արցախը հայաթափվել է, ավելին՝ ադրբեջանական զինուժը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք: Մեծ հաշվով, մղձավանջը շարունակվում է, իսկ ապագան` մնում անորոշ:
Այս ամենից հետո Հայաստանը անդադար հայտարարում է խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ Բաքուն, որ մինչև 2020-ի սեպտեմբեր քաղցր երազում անգամ չէր կարող պատկերացնել այսօրվա ստատուս-քվոն, նորանոր պայմաններ ու պահանջներ է առաջ քաշում:
Մեկ սպառնում է միջանցք գրավել, մեկ ակնարկում, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան` այն անվանելով Արևմտյան Ադրբեջան, մի այլ դեպքում Հայաստանից պահանջում, որ «ներողություն խնդրի իր կատարած պատերազմական հանցագործությունների համար»: Այսպես, Ալիևը անվերջ նոր նախապայմաններ է առաջ քաշում՝ հստակ ցույց տալով, որ չի շտապում խաղաղության պայմանագիր կամ որևէ փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ:
Երևանը դեռ որոշում չունի՝ մասնակցե՞լ Բաքվում կայանալիք COP-29-ի միջազգային համաժողովին, թե՞ ոչ:
1994-ից ի վեր բազմաթիվ հայ լրագրողներ, փորձագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ են այցելել Բաքու: Ամենաբարձր մակարդակը եղել է վարչապետ Արմեն Դարբինյանի՝ 1998 թվականի այցը Բաքու՝ մասնակցելու ՏՐԱՍԵԿԱ-ի գագաթնաժողովին:
Մինչև 2020-ի սեպտեմբեր հայկական կողմը հաղթած էր, և մեզ համար հեշտ էր գնալ Բաքու:
Հիշենք նաև, որ պարտված Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու լրագրողներ են այցելել Հայաստան, այդ թվում՝ երկու նախարար և պատգամավորներ:
Այսօր, երբ ադրբեջանական զինուժը շարունակում է օկուպացիայի տակ պահել հայկական տարածքները և հրաժարվում է կառուցողական քայլերից, պե՞տք է արդյոք մասնակցել COP-29-ին, մի գագաթնաժողովի, որը Բաքվում անցկացնելուն կողմ է քվեարկել նաև Հայաստանը, այլապես այն Ադրբեջանում տեղի չէր ունենա:
Հայաստանի որևէ պաշտոնյայի այցը հարևան պետություն արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը նախքան միջազգային այդ համաժողովի մեկնարկը վերադարձնի Բաքվի բանտերում պահվող ռազմագերիներին:
Մենք պետք է անդադար հիշենք, որ արդեն չորրորդ տարին Բաքվում պահվում են Հայաստանի քաղաքացիներ, և որևէ հայ պաշտոնյայի մասնակցությունը COP-29-ին արդարացված կլինի, եթե ռազմագերիները կամ նրանց մի մասը վերադարձած լինեն իրենց ընտանիքներ նախքան գագաթնաժողովի մեկնարկը:
Եթե դա տեղի չունենա, ապա որևէ հայ պաշտոնյայի այցը Բաքու կլինի հերթական ստորացումն ու նվաստացումը:
Բաքվի տարբեր խոսնակներ անուղղակի կերպով ակնարկում են, որ պաշտոնական Երևանը չի գնահատել Ադրբեջանի՝ ռազմագերիներ վերադարձնելու նախկին տարիների քայլերը և հրապարակավ դրական ուղերձ չի հղել:
Հայ ռազմագերիներին տուն բերելու ձգտումն ու փափագն այնքան մեծ է, որ հայ պաշտոնյաները անգամ պետք է գնան նման քայլի:
Մեր ընդդիմությունն ու տարբեր քննադատներ, բնական է, Փաշինյանին ու նրա կառավարությանը հերթական անգամ կմեղադրեն թրքամետության ու նվաստացման համար, բայց սա այն դեպքն է, երբ մեր հայացքը պետք է ուղղված լինի Բաքվում պահվող հայ ռազմագերիների մայրերի և զավակների ուղղությամբ, որոնք արդեն 4 տարի հուսահատ սպասում են որդիների ու հայերի տունդարձին:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։