2024 թվականի հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Լիբանանի հարավային շրջաններում «Հեզբոլլահ» շարժման դեմ սահմանափակ ցամաքային գործողություն սկսելու մասին։
Արդեն հոկտեմբերի 2-ին թե՛ «Հեզբոլլահը» եւ թե՛ Իսրայելի բանակը հայտարարեցին սահմանային հատվածի լիբանանյան բնակավայրերի տարածքում ակտիվ բախումների մասին։
Լիբանանի տարածք ներխուժելուց հետո իսրայելական կողմը հայտնել է 9 զինվորականի կորստի մասին։
«Հեզբոլլահը» դեռեւս չի հաղորդել իր զոհված մարտիկների թիվը, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ այն արդեն գերազանցում է 250-ը։ Հաղորդվում է նաեւ, որ իրենց բնակավայրերը լքել են շուրջ 1,2 մլն Լիբանանի քաղաքացիներ։
Սա երկու հարեւան պետությունների պատմության մեջ առաջին նման հակամարտությունը չէ։
Տարածաշրջանի համար պայթյունավտանգ այս իրադարձության եւ իսրայելա-լիբանանյան սահմանին շարունակակն լարվածության մասին պատկերացում կազմելու համար «Ալիք Մեդիա Հայաստանը» ներկայացնում է Լիբանանի տարածքում Իսրայելի ռազմական գործողությունների պատմությունը։
Առաջին արաբ-իսրայելական պատերազմ
1947 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց թիվ 181 բանաձեւը՝ Պաղեստինի կառավարման համար բրիտանական մանդատի դադարեցման եւ նրա տարածքում երկու անկախ արաբական (Պաղեստին) եւ հրեական (Իսրայել) պետությունների ստեղծման մասին: Արաբները, որոնք բնակչության 65%-ն էին, ստացան տարածքի մոտ 42%-ը (շուրջ 11 հազար քառ. կմ), հրեաները, որոնց թիվը Պաղեստինի ընդհանուր բնակիչության 30%-ն էր, ստացան 56%-ը (14 հազար քառ. կմ), իսկ Երուսաղեմ քաղաքին տրվեց հատուկ միջազգային կարգավիճակ։
Գլխավոր վեհաժողովի որոշումը արաբների եւ հրեաների միջեւ առանց այն էլ լարված շրջանում նոր բախումների հանգեցրեց: Իսկ 1948 թվականի մայիսի 14-ին Իսրայել պետության հռչակումից հետո արաբական երկրները, նրանց թվում Լիբանանը (հիմնական ուժերը ներկայացնում էին Հորդանանը, Եգիպտոսը, Սիրիան եւ Իրաքը), իրենց զորքերն ուղարկեցին Պաղեստին՝ «արաբ բնակչությանը ճնշումներից պաշտպանելու» նպատակով: Այսպիսով սկսվեց արաբա-իսրայելական առաջին պատերազմը, որը տեւեց մինչեւ 1949 թվականի կեսերը եւ ավարտվեց փաստացի Իսրայելի հաղթանակով։ Արդյունքում այդպես էլ չստեղծվեց պաղեստինյան արաբական պետություն, մինչդեռ Իսրայելը կարողացավ գրավել Երուսաղեմի արեւմտյան հատվածը եւ ՄԱԿ-ի կողմից արաբական պետության համար հատկացված տարածքի մի մասը՝ իր տարածքը 14 հազարից հասցնելով 20 հազար քառակուսի կիլոմետրի։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց ՄԱԿ-ի հովանու ներքո մեկնարկեցին ուղիղ բանակցությունները հակամարտող կողմերի միջեւ (դրանց մասնակցելուց հրաժարվել էր միայն Իրաքը), որոնց ընթացքում որոշվել էր հաստատել զինադադար եւ դեմարկացիոն գծեր։ Լիբանանի եւ Իսրայելի զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրվեց 1949 թվականի մարտի 23-ին։
Արաբա-իսրայելական առաջին պատերազմից հետո Լիբանան պետությունը Իսրայելի հետ այլեւս հակամարտությունների մեջ չներգրավվեց: Սակայն երկրների միջեւ հարաբերությունները կտրուկ լարվեցին 1970 թվականին, երբ Հորդանանից «Պաղեստինի ազատագրության կազմակերպության» (ՊԱԿ) ռազմականացված թեւը տեղափոխվեց Լիբանան։ Այնտեղից Իսրայելի դեմ կազմակերպության հարձակումները պատճառ դարձան, որ Թել Ավիվը մի շարք ռազմական գործողություններ իրականացնի այս երկրի տարածքում։
«Երիտասարդության գարուն» գործողություն
Լիբանանի տարածքում առաջին գործողությունը տեղի ունեցավ 1973 թվականի ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ 30 իսրայելցի զինվորականներ դեսանտավորվեցին Բեյրութ քաղաքի հարակից լողափում՝ նպատակադրվելով ոչնչացնել ՊԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին, որոնք պատասխանատու էին 1960-ականներին եւ 1970-ականներին Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակումների համար: Գործողության ընթացքում հարձակման ենթարկվեցին ՊԱԿ-ի մի քանի ենթակառուցվածքներ, սպանվեց մոտ 20 ներկայացուցիչ։ Բացի այդ՝ զոհվել էին նաեւ լիբանանցի երկու ոստիկան եւ չորս խաղաղ բնակիչ։ Իսրայելական կողմն ունեցել էր երկու զոհ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թիվ 332 բանաձեւով դատապարտեց Իսրայելի գործողությունները։
«Լատինի» գործողություն
Այս գործողությունը Լիբանանի տարածքում անցկացվել է 1978 թվականի մարտի 14-21-ը։ Դրա պատճառը դարձել էր 1978 թվականի մարտի 11-ի ահաբեկչությունը, երբ ՊԱԿ-ի մարտիկները Հայֆա քաղաքից հարավ գրավել էին քաղաքացիական ավտոբուսը, որի հետեւանքով զոհվեց 38 իսրայելցի խաղաղ բնակիչ։
Մոտ 25 հազար իսրայելցի զինվորականների ներգրավմամբ իրականացված ռազմական գործողության նպատակը Իսրայելի հյուսիսային շրջանների անվտանգությունն ապահովելն ու պաղեստինյան ռազմականացված խմբերը Իսրայել-Լիբանան սահմանային շրջաններից դուրս մղելն էր։ Մարտերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը, բացառությամբ Տյուրոս քաղաքի, գրավել էր հարավային Լիբանանի ամբողջ տարածքը՝ հասնելով մինչեւ Լիտանի գետը (Իսրայելի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա)։ Մարտի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց Լիբանանից իսրայելական զորքերի անհապաղ դուրսբերման եւ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր (UNIFIL) տեղակայելու մասին։ Արդեն Մարտի 21-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց գործողության նպատակներին հասնելու եւ զորքերը դուրս բերելու մասին։ Մարտի 23-ին սկսվեց UNIFIL-ի ուժերի տեղակայումը, որի խնդիրն էր վերահսկել իսրայելական զորքերի դուրսբերման գործընթացը, ապահովել Լիբանանի հարավային շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը եւ աջակցել լիբանանյան կառավարությանը՝ վերականգնելու այս տարածքի նկատմամբ վերահսկողությունը:
Իսրայելի տվյալներով՝ բանակը կորցրել է 18, իսկ ՊԱԿ-ը՝ շուրջ 300 մարտիկի։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ զոհվել եւ վիրավորվել է 600-700 իսրայելցի զինվոր։ Լիբանանի կողմից զոհվել է 1000- 2000 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Գործողության ընթացքում հարավային Լիբանանից տեղահանվել էր շուրջ 250 հազար բնակիչ։
«Խաղաղություն Գալիլիային» եւ առաջին Լիբանանյան պատերազմը
1982 թվականին լիբանանա-իսրայելական սահմանին վերսկսվեցին ՊԱԿ-ի հարձակումները։ Այս ամենին զուգահեռ նույն տարվա հունիսի 3-ին Լոնդոնում մահափորձ կատարվեց Միացյալ Թագավորությունում Իսրայելի դեսպանի դեմ։ Թեեւ դիվանագետի դեմ հարձակման պատասխանատվություննը իր վրա վերցրել էր «Աբու Նիդալ» ռազմականացված կազմակերպությունը, որն անջատվել էր ՊԱԿ-ից եւ հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները որոշեցին ռազմական գործողություններ սկսել ՊԱԿ-ի դեմ։
1982 թվականի հունիսի 6-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Լիբանանի հետ սահմանն անցնելու եւ ռազմական գործողություններ սկսելու մասին: «Խաղաղություն Գալիլիային» կոդային անվանումը ստացած այս գործողության հայտարարված նպատակը Հարավային Լիբանանում ՊԱԿ-ի հենակետերի ոչնչացումն էր, որտեղից իսրայելական կողմի պնդմամբ իրականացվել էին Իսրայելի հյուսիսային տարածքների դեմ ուղղված հարձակումները։
Թեեւ ի սկզբանե հայտարարվել էր, որ Լիբանանի տարածքում գործողությունների խորությունը չի գերազանցելու 40 կիլոմետրը, այնուամենայնիվ, հունիսի 14-ին Իսրայելի պաշտպանության բանակը հասավ ընդհուպ մայրաքաղաք Բեյրութ, որը Իսրայելի հետ սահմանից հեռու է շուրջ 110 կիլոմետր: Արդյունքում իսրայելական բանակը ամբողջական շրջափակման ենթարկեց քաղաքի արեւմտյան հատվածը, որտեղ տեղակայված էին ՊԱԿ-ի գլխավոր շտաբը եւ մյուս կարեւոր հենակետերը։ Բեյրութի պաշարումը քաղաքացիական անձանց շրջանում հանգեցրեց մեծաթիվ զոհերի։
Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հակամարտող կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին, որոնց համաձայն՝ ՊԱԿ-ը պարտավորվում էր հեռանալ Լիբանանի տարածքից, իսկ Իսրայելը՝ չգրավել Բեյրութը։ Արդեն սեպտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ուժերի հսկողությամբ ՊԱԿ-ի անդամները Լիբանանից տարհանվեցին Թունիս եւ այլ երկրներ։ Լիբանանից ՊԱԿ-ի դուրսբերմամբ ավարտվեց «Խաղաղություն Գալիլիային» գործողությունը:
Հարավային Լիբանանից ՊԱԿ-ին դուրս մղելուց բացի՝, Իսրայելի լայնածավալ ներխուժման նպատակն էր քրիստոնեական ուժերին ռազմաքաղաքական աջակցության տրամադրման միջոցով հակազդել նաեւ այս երկրում աճող սիրական ազդեցությանը, որի զինվորականները Լիբանան մտցվել էին դեռեւս 1976-ից։ Այդ ժամանակ Լիբանանում ընթանում էր քաղաքացիական պատերազմ, որտեղ Սիրիայի դաշնակից «Լիբանանի ազգային շարժումը» (ռազմաքաղաքական ուղղվածությամբ կուսակցություն, որը ձեւավորվել էր մանր իսլամական կուսակցություններից եւ աշխարհազորային խմբերից) եւ նրա պաղեստինյան դաշնակիցները զինված դիմակայության մեջ էին «Լիբանանյան ճակատ» աջակողմյան քրիստոնեական ուժերի կոալիցիայի հետ։ 1982 թվականի օգոստոսին Իսրայելի աջակցությամբ Լիբանանի նախագահ ընտրվեց Բաշիր Ժմայելը, որը գլխավորում էր «Լիբանանի ուժերը», որ «Լիբանանյան ճակատի» զինված թեւն էր։ Սակայն նա սպանվեց այդ տարվա սեպտեմբերի 14-ին իր աշխատասենյակում տեղադրված ռումբի պայթյունից։ Սա որպես պատրվակ օգտագործելով,՝ Իսրայելը խախտեց ՊԱԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ գրավեց Բեյրութը` իր գործողությունները բացատրելով «մուսուլման բնակչության նկատմամբ քրիստոնյաների վրեժը կանխելու» ցանկությամբ: Այդ նույն ժամանակ Լիբանանի քրիստոնյա-փաղանգավոր մարտիկները հարձակվել էին Սաբրա եւ Շատիլա փախստականների ճամբարների վրա եւ ջարդեր կազմակերպել։
Սեպտեմբերի 21-ին Լիբանանի նոր նախագահ ընտրվեց Բաշիրի եղբայր Ամին Ժմայելը, որին հաջողվեց 1983 թվականի մայիսին իսրայելական կողմի հետ համաձայնագիր ստորագրել երկրի տարածքից իսրայելական զորքերը դուրս բերելու եւ հարավում Լիբանանի բանակի կողմից «անվտանգության գոտի» ստեղծելու պայմանով: 1985 թվականի հունիսին իսրայելական բանակի հիմնական ուժերը դուրս բերվեցին լիբանանյան տարածքից, սակայն զորքերի մի մասը դաշնակից իսրայելամետ Հարավային Լիբանանի բանակի հետ (բաղկացած է քրիստոնեական ճամբարի խմբակցություններից) պահպանեց վերահսկողությունը սահմանային հատվածի վրա (մոտ 850 քառ. կմ, Լիբանանի տարածքի 8%-ը)։
Իսրայելի կողմից երկրի հարավի փաստացի բռնազավթումը հանգեցրեց քաղաքացիական պատերազմին մասնակցած շիա զինված խմբավորումների միավորմանը եւ դրանց հիման վրա «Հեզբոլլահ» կազմակերպության ձեւավորմանը, որի հայտարարված նպատակներից մեկը Իսրայելի ոչնչացումն էր։ Այս գործընթացում իր ակտիվ դերակատարումն է ունեցել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը շիա ռազմականացված կազմավորումներին գաղափարական, ռազմական ու տեխնիկական մեծ աջակցություն է ցուցաբերել իսրայելական բանակին դիմակայելու գործում։
Իսրայելական ուժերը ամբողջովին դուրս բերվեցին Լիբանանից միայն 2000 թվականին։ Բաց աղբյուրների համաձայն՝ Իսրայելը պատերազմի հիմնական փուլում կորցրել է 657 զինվորի, մինչդեռ ՊԱԿ-ի զոհերի թիվը եղել է 1000, իսկ սիրիական կողմինը՝ շուրջ 370 մարտիկ։ Բացի այդ՝ զոհվել է մոտ 19 հազար խաղաղ բնակիչ, որոնց հիմնական մասը լիբանանցիներ ու պաղեստինցիներ են եղել։
«Գիշերային ժամերին» գործողություն
Իրականացվել է 1992 թվականի փետրվարի 16-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, որի հետեւանքով թիրախավորվել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Աբբաս ալ-Մուսավիի ավտոշարասյունը։ Ուղղաթիռային հարձակման հետեւանքով զոհեցին Մուսավին, նրա կինը, հինգ տարեկան երեխան եւ նրանց ուղեկցող այլ անձինք։ Իսրայելական կողմը գործողությունից հետո հայտարարեց, որ «Հեզբոլլահի» առաջնորդը թիրախավորվել է ի պատասխան 1986 թվականին իսրայելցի զինվորների առեւանգման ու սպանությանը, ինչպես նաեւ 1988 թվականին ԱՄՆ ծովային հետեւակի սպա եւ ՄԱԿ-ի խաղաղապահ Ուիլյամ Հիգինսի առեւանգմանը:
«Հաշիվների մաքրում» գործողություն
1993 թվականի հուլիսի 25-ին, ի պատասխան «Հեզբոլլահի» հարձակման հետեւանքով հինգ իսրայելցի զինվորների մահվան, Իսրայելը սկսեց զանգվածային ռմբակոծման ենթարկել Լիբանանի հարավում շիաների կողմից վերահսկվող շրջանները: Ավերվեց երկրի հարավի քաղաքացիական ենթակառուցվածքների մեծ մասը, իսկ շուրջ 500 հազար լիբանանցիներ հարկադրված լքեցին մշտական բնակության վայրերը։ Հակամարտող կողմերը զինադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցին օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ։
«Ցասումի ողկույզներ» գործողություն
Գործողությունն իրականացվել է 1996 թվականի ապրիլի 16-27-ը կրկին «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի հյուսիսային շրջանների ռմբակոծությունները դադարեցնելու նպատակով։ Նման հարձակումները լիբանանյան շարժումն իրականացրել էր ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի հրթիռային հարձակումների, որոնց հետեւանքով Լիբանանի հարավում զոհվել էր երկու քաղաքացի։
«Ցասումի ողկույզներ» գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավում իրականացրել է լայնածավալ օդային հարձակումներ (շուրջ 2,5 հազար թռիչք) եւ հրետանային ռմբակոծություններ (արձակելով մոտ 21 հազար արկ)։ «Հեզբոլլահը» ի պատասխան 500 հրթիռ է արձակել Իսրայելի եւ «անվտանգության գոտում» գտնվող 300 թիրախների ուղղությամբ։ Արդյունքում կրկին ավերվեցին ճանապարհները, կամուրջները, էլեկտրահաղորդման գծերը, էլեկտրակայանները եւ քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ։
Հակամարտության հետեւանքով զոհվել են լիբանանյան բանակի երկու զինվորականներ եւ մինչեւ 200 քաղաքացիներ։ «Հեզբոլլահի» ղեկավարությունն էլ իր հերթին հաստատել է 9 մարտիկի կորստի մասին։ Իսրայելական կողմից զոհվեցին 3 զինվորական, եւ ավելի քան 60 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան հրթիռակոծությունների ժամանակ։
«Արժանի հատուցում» գործողություն կամ Երկրորդ լիբանանյան պատերազմ
2006 թվականի հուլիսի 12-ին «Հեզբոլլահի» մարտիկները հրթիռահրետանային հարձակումներ իրականացրին Լիբանանի, Իսրայելի եւ Սիրիայի սահմանների հատման կետում գտնվող Շեբաա շրջանում տեղակայված իսրայելական բանակի դիրքերի վրա, որից հետո գերի վերցրին երկու իսրայելցի զինվորականի։ «Հեզբոլլահը» տարածած հայտարարության տեքստում, նման կտրուկ գործողությունների դիմելը բացատրել էր որպես «համերաշխության նշան Իսրայելի ագրեսիային ընդդիմացող պաղեստինցիներին» եւ պահանջել ազատ արձակել իսրայելական բանտերում պահվող լիբանանցի եւ պաղեստինցի բանտարկյալներին՝ իսրայելցիների ազատ արձակման դիմաց: Իսրայելի այդ ժամանակվա վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարեց «ահաբեկիչների» հետ բանակցությունների անթույլատրելիության մասին, իսկ երկրի կառավարությունը որոշեց սկսել «Արժանի հատուցում» գործողությունը։
Հուլիսի 13-ին Իսրայելի զինված ուժերը սկսում են Լիբանանի օդային եւ ծովային շրջափակումը՝ զուգահեռաբար զանգվածային ավիահարվածներ հասցնելով երկրի ամբողջ տարածքում տեղակայված «Հեզբոլլահի» բազաներին։ Հուլիսի 14-ին «Հեզբոլլահի» առաջնորդ Շեյխ Հասան Նասրալլաը հայտարարեց Իսրայելի դեմ «բաց պատերազմի» մեկնարկի մասին, որին հաջորդում է Իսրայելի գրեթե ամբողջ տարածքի հրթիռակոծումը։
Հուլիսի 16-22-ը զրահատեխնիկայի եւ ուղղաթիռների աջակցությամբ Իսրայելի պաշտպանության բանակի 2 հազարի հասնող հետեւակային ստորաբաժանումները մտնում են Լիբանանի տարածք եւ վերահսկողություն հաստատում 6 կիլոմետր խորություն ունեցող բուֆերային գոտու վրա։ «Հեզբոլլահի» մարտիկները ցամաքային ներխուժման դիմադրության կազմակերպման ընթացքում լայնորեն կիրառում են հակատանկային հրթիռային համակարգերի տարբեր տեսակներ, ձեռքի նռնականետեր եւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Լիբանանի տարածք ներթափանցած կազմավորումներն ուժեղացնելու համար Իսրայելը օգոստոսի 1-ին ուղարկում է պահեստազորայինների առաջին բրիգադը, իսկ օգոստոսի 12-ին անցնում զանգվածային դեսանտային գրոհի։ Ընդհանուր առմամբ, ցամաքային գործողությանը ներգրավվում է 30 հազար իսրայելցի զինծառայող։
2006 թվականի օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունում է թիվ 1701 բանաձեւը, որը հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնելու ռազմական գործողությունները։ Օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտել հրադադարը։ Նույն օրը Իսրայելը սկսում է զորքերի աստիճանական դուրսբերումը՝ ազատված տարածքները հանձնելով լիբանանյան բանակին։ Բացի այդ՝ «անվտանգության գոտում» կրկնապատկվում է Լիբանանում 1978 թվականից տեղակայված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի թվաքանակը (4-15 հազար զինվորական): Սեպտեմբերի 8-ին Իսրայելը վերացնում է Լիբանանի շրջափակումը, իսկ իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումն ավարտում 2006 թվականի հոկտեմբերի 1-ին։
Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ «Հեզբոլլահի» զոհված մարտիկների թիվը եղել է շուրջ 250։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 1,2 հազարի, իսկ վիրավորների թիվը՝ շուրջ 4 հազարի։ Փախստական է դարձել շուրջ 1 միլիոն մարդ։ Իսրայելական կողմը կորցրել է 121 զինվոր, եւ 49 քաղաքացիական անձ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ավելի քան 1,3 հազար խաղաղ բնակիչ եւ Իսրայելի բանակի 1,2 հազար զինվոր։
Պատերազմի ժամանակ Իսրայելի ղեկավարության գործողությունները հետաքննելու նպատակով Իսրայելում ստեղծված հանձնաժողովը հետագայում եզրակացրել է, որ գործողության ցամաքային մասը չի ավարտվել, եւ բանակը չի հասել «Հեզբոլլահին» չեզոքացնելու իր առջեւ դրված նպատակներին։ Շիայական շարժումը իսրայելական զորքերի դուրսբերումը գնահատել է որպես հաղթանակ։
2023-2024 թվականների Իսրայել-«Հեզբոլլահ» առճակատումը եւ «Հյուսիսի նետեր» գործողությունը
Իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Արդյունքում Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:
«Հեզբոլլահը» հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու եւ պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաների ռմբակոծությունների մասին։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան Իսրայելի պաշտանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։
2024 թվականի սեպտեմբերի 17-18-ը փեյջերների, հեռակապերի եւ հեռախոսների պայթյունների հետեւանքով Լիբանանում, երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, զոհվում է 37 մարդ, վիրավորվում՝ շուրջ 5 հազարը։ Հիմնականում տուժել են «Հեզբոլլահի» ներկայացուցիչները։ Տեղի ունեցած համար լիբանանյան շարժումը մեղադրեց Իսրայելի իշխանություններին, որը հաստատեցին նաեւ արեւմտյան լրատվամիջոցների վստահելի բարձրաստիճան աղբյուրները։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։
Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։
Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ սեպտեմբերի 28-ի գիշերը իսրայելական ավիահարվածների հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։
Հոկտեմբերի 1-ին արդեն Լիբանանում ցամաքային գործողությունների մեկնարկի մասին հայտարարելուց հետո «Հեզբոլլահի» գլխավոր հովանավոր եւ դաշնակից Իրանը հրթիռային հարձակում սկսեց Իսրայելի դեմ։ 180 հրթիռների արձակումից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ հաջողվել է խոցել նախանշված թիրախների 90 %-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը «մեծ սխալ է թույլ տվել եւ կվճարի դրա համար»։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։