Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերի հուշերն ու հատորները կարևոր ուղերձներ են ոչ միայն և ոչ այնքան պատմաբանների ու հետազոտողների, որքան այսօրվա քաղաքական առաջնորդների և ընդդիմադիր խոսնակների համար:
Հաջորդական կառավարությունները, ընդդիմությունը, մտավորականությունն ու հայ քաղաքական միտքը ընդհանրապես հաճախ առաջնորդվել են ոչ թե սառը իրապաշտությամբ, հնարավորն ու անհրաժեշտը ստանալու թելադրանքով՝ համադրելով դա երկրորդ և երրորդ կողմերի տնտեսական, քաղաքական շահերի հետ, այլ անպատասխանատու, անսահման հայրենասիրությամբ ու ազգային սին երազանքներով ու պատրանքներով:
Այսօր ուզում եմ մի դրվագ ներկայացնել հայ-գերմանական առնչություններից, որ տեղ է գտել առաջին արտգործնախարար և երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հուշերում:
1918 թվականի մայիսին Բաթումում ընթացող Օսմանյան կայսրություն-Անդրկովկաս բանակցություններին, որպես երրորդ կողմ, մասնակցում էր նաև գերմանական պատվիրակությունը ֆոն Լոսսովի գլխավորությամբ:
Թիֆլիսում 1914 թվականին գերմանական հյուպատոս կոմս Շուլենբերգը, որ Լոսսովի պատվիրակության անդամներից էր և գիտեր Կովկասի յուրաքանչյուր անկյուն, հանդիպում է Խատիսյանի հետ: Շուլենբերգն ու Խատիսյանը տարիների ծանոթություն ունեին. Հայաստանի առաջին արտգործնախարարը 20-րդ դարասկզբին եղել էր Թիֆլիսի քաղաքապետը:
Շուլենբերգը Խատիսյանին բացատրում է, որ գերմանացիները շահագրգռված են Անդրկովկասի անկախությամբ (հայերը 1918 թվականի մայիսին լսել անգամ չէին ուզում «անկախություն» բառը և փորձում էին կախված մնալ ռուսական փեշից — Թ. Հ.), Վրաստանի բարգավաճմամբ և Բորչալուի գավառի գերմանացի բնակիչների բարեկեցությամբ:
«Եթե Դուք,- ասում է Շուլենբերգը Խատիսյանին,- օգնեք գերմանացի պանրագործներին ու գործարարներին Լոռու շրջանում, որը վիճելի է համարվում հայերի և վրացիների միջև, ապա մենք՝ գերմանացիներս, կօգնենք ձեզ»:
Ֆոն Կուչենբախի խոշոր ընկերությունը և մի շարք այլ ձեռնարկություններ, որոնք այն տարիներին գործում էին հայ-վրացական վիճելի շրջանում, գերմանացիների համար ունեին լուրջ հետաքրքրություն:
Տարիներ անց, երբ արդեն բոլշևիկները իշխանության էին եկել, Հայաստանը խորհրդայնացվել ու դարձել էր ԽՍՀՄ-ի մաս, Խատիսյանը պիտի գրեր, որ խնամակալությունները ծնվում են տնտեսական շահերի, ոչ թե պատմական հուշարձանների կամ էլ վիճակագրական հաշվառումների շնորհիվ:
«Մենք այդ ժամանակ այդ ամենը վատ էինք հասկանում և ուշադրություն չէինք դարձնում քաղաքական դասավորությունների տնտեսական ենթադիրներին: Փոխանակ ընդունեինք կյանքը, ինչպես որ այն կար, մենք ձգտում էինք այն տեղավորելու իդեալիստական պատկերացումների շրջանակների մեջ: Այս փոքրիկ օրինակի վրա ես ցանկանում եմ ցույց տալ, թե ինչպես անասնապահների և պանրագործների շահերը կարող են մեզ համար ավելի օգտակար լինել, քան բնակչության կազմը: Վիճելի տարածքում բնակվում էին 60 հազար հայ և ընդամենը 3 հազար վրացի, տարածաշրջանը լի է հայկական հուշարձաններով: Վերջին փաստարկները մեզ թվում էին սպառիչ և չափազանց համոզիչ, իսկ տնտեսական գործոնին մենք բավականաչափ լուրջ չէինք նայում»,- գրում է Խատիսյանը:
Այսօր էլ հայ քաղաքական միտքը վերլուծություններում շարունակում է կարևորություն տալ պատմական հուշարձաններին, բնակչության ազգային կազմին, պատմական արդարությանն ու պատմական իրավունքին, ազգային երազանքին ավելի, քան երկրորդ, երրորդ կողմերի տնտեսական, քաղաքական շահերին:
Վերջերս, երբ Ֆրանսիայի կառավարությունը ձևավորվեց, Հայաստանում հնչեցին հուսալի հայտարարություններ, որ այդ կառավարության կազմում 2-3 հայեր կան:
Ժամանակին մենք ոգևորված էինք, որ Սերգեյ Լավրովը հայ է, Թիֆլիսի հայ:
Մեր ոգևորությունն էլ ավելի էր, երբ Մարիա Զախարովան «Զվարթնոց» օդանավակայանում Լավրովին թիկունքից նկարեց՝ Արարատի սիլուետի ֆոնին:
Կարսի աղետը, 1920-ի անկախության կորուստը, մեր վերջին 33 տարիների անկախության շրջանը, Արցախի արհավիրքն ու հայազրկումը բավարար չեղան, որպեսզի սառը իրապաշտությամբ քաղաքական շահն ու ազգային երազանքը չխառնենք իրարու:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։