Ռուսաստանի դեպի մշտական բռնատիրություն անդունդը գահավիժելը ակնհայտ դարձավ դեռեւս 2008 թվականի նախագահական ընտրություններից եւ հետագայում նախագահի լիազորություններն ընդարձակող սահմանադրական փոփոխություններից հետո։ Սակայն 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը եւ այժմ էլ դրա շարունակումը երկիրը ընդհանրապես դրել են տոտալիտար կառավարման ուղու վրա։ Գրեթե մշտականորեն գործում է գրաքննությունը, ոտնահարվում են խոսքի ազատությունը, բանտարկվում են պատերազմին ընդդիմացողներն ու ակտիվիստները, տարբեր միջոցներով չեզոքացվում են գործող իշխանությունների քաղաքական հակառակորդները։
Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ (2000-2004 թվականներ) Միխայիլ Կասյանովը, որին Forbes-ը 2017 թվականին անվանել է ժամանակակից Ռուսաստանի պատմության ամենաարդյունավետ վարչապետներից մեկը, Новая газета Европа-ի՝ 2024 թվականի սեպտեմբերի 28-ին հրապարակված հոդվածում, հիմնվելով ՌԴ Սահմանադրության երեք առանցքային գլուխների վրա, առաջարկում է իշխանափոխության եւ ավտորիտարիզմից ժողովրդավրության անցման գործընթացի ծրագիր։
«Ալիք Մեդիա Արմենիան» ստորեւ թարգմանաբար ներկայացնում է դեռ 2005 թվականից Ռուսաստանի ղեկավարության քաղաքական ընդդիմության ակտիվ ներկայացուցիչ Միխայիլ Կասյանովի հոդվածը, որում հեղինակը տարբերակներ է առաջարկում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հեռանալուց հետո իշխանությունն իր մերձավորների ձեռքում կենտրոնացնելուց խուսափելու եւ հետպատերազմյան փուլում սոցիալական հասունացող ճգնաժամը կասեցնելու համար։
Վլադիմիր Պուտինը, ինքնիշխան Ուկրաինայի դեմ սանձազերծելով պատերազմ եւ սահմանադրական հեղաշրջում կատարելով 2020 թվականին, հատեց միջազգային իրավունքի բոլոր սահմանները եւ դրանով իրեն այլ ճանապարհ չթողեց, քան Ռուսաստանը մինչեւ իր օրերի վերջը կառավարելը։
Բայց պատմական օրինակները ցույց են տալիս, որ ավտորիտար իշխանություն ունեցող ցանկացած երկրում քաղաքական ռեժիմի ղեկավարի փոփոխություն կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, եւ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք դավանում են պետականաշինության ժողովրդավարական սկզբունքները, պետք է նախօրոք որոշեն ավտորիտարիզմից դեպի ինստիտուցիոնալ ժողովրդավարություն վերափոխման ուղիները: Հաշվի առնելով ռիսկերը նվազագույնի հասցնելու պուտինյան ռեժիմի հակումը՝ հնարավոր փոփոխությունների հիմնական սցենարը իներցիոն սցենարն է: Հանրությանը հայտնի է, որ իշխող ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները սիրում են ընդգծել իրենց բոլոր գործողությունների օրինականությունը եւ Սահմանադրության հետ համապատասխանությունը։
Համաձայն գործող Սահմանադրության՝ իր «փոփոխությունների» ամբողջ փաթեթով, «Ռուսաստանի Դաշնության նախագահը լիազորությունների իրականացումը վաղաժամկետ դադարեցնում է հրաժարականի, առողջական պատճառներով իր լիազորություններն իրականացնելու մշտական անկարողության կամ պաշտոնից հեռացվելու դեպքերում: Այս դեպքում Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան լիազորությունների վաղաժամկետ դադարեցման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո: Բոլոր այն դեպքերում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը չի կարողանում կատարել իր պարտականությունները, դրանք ժամանակավորապես կատարում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահը: Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնակատարն իրավունք չունի ցրելու Պետդուման, հանրաքվե հրավիրելու կամ առաջարկություններ անելու Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության դրույթներում փոփոխություններ կատարելու եւ վերանայելու համար»։ Նախագահական ընտրություններ նշանակելու որոշումը կայացնում է Դաշնային խորհուրդը։
Սահմանադրական այս նորմերին հետեւելը Պուտինի «անհետացման» դեպքում իշխող խմբին թույլ է տալիս պահպանել իր իշխանությունը։ Բանն այն է, որ քաղաքական կառույցների քայքայման պայմաններում, որն այսօր գոյություն ունի Ռուսաստանում՝ Պուտինի երկար տարիների ավտորիտար, իսկ այժմ տոտալիտար կառավարումից հետո, գործող իշխանությանը հակադրվող ոչ մի քաղաքական ուժ պարզապես չի կարողանա երեք ամսվա ընթացքում ստեղծել ընտրողների հետ շփման արդյունավետ մեխանիզմներ եւ կազմակերպվել այն մակարդակով, որն անհրաժեշտ է նախագահի պաշտոնի համար պայքարին։ Իշխող խմբի ներսում համաձայնեցված միասնական թեկնածուն (ուժայինների ներկայացուցիչ կամ նրանց կողմից վերահսկվող անձ) անխուսափելիորեն իշխանության կգա։ Պուտինի նման իրավահաջորդը դժվար թե նվազեցնի այն հսկայական լիազորությունները, որոնք ներկայում ունի Ռուսաստանի նախագահը Սահմանադրությամբ, եւ կառավարումը կիրականացնի Պուտինի ոճով: Նոր/հին ռեժիմը, որն ըստ էության պետական անվտանգության մարմինների իշխանությունն է, եթե նույնիսկ որոշի լքել Ուկրաինայի տարածքը եւ խորհրդանշական ազատականացում իրականացնի Ռուսաստանում՝ հանուն Արեւմուտքի հետ հարաբերությունների վերականգնման, միեւնույնն է, կձգտի ամբողջությամբ պահպանելու երկրի վրա իրական իշխանությունը, առանց իրական ժողովրդավարացման հեռանկարի։
Ընդ որում՝ բռնապետություններում նման տրանզիտների փորձը հուշում է, որ բռնապետի «անհետացումից» անմիջապես հետո իշխող խմբում սկսվում է կոշտ պայքար իշխանության համար, եւ դրա բոլոր մասնակիցները հսկայական ջանքեր են գործադրելու բյուրոկրատիայի ստորին խմբերի եւ ժողովրդի մի մասի աջակցությունը ստանալու, ինչպես նաեւ իրենց համար միջազգային ճանաչում ապահովելու համար։
Պետք է հիշել, որ 2008 թվականի մարտի ընտրություններից հետո, որոնք Մեդվեդեւին բերեցին նախագահի աթոռին, Ռուսաստանում կայացած բոլոր նախագահական ընտրությունները հիմնավոր կասկածի տակ են դրվել միջազգային հանրության կողմից՝ կապված միջազգային չափանիշերին դրանց համապատասխանության, արդյունքների արդարության եւ հավաստիության հետ: Այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկն այնքան համոզիչ կերպով անօրինական չի հայտարարվել, որքան 2024 թվականի մարտի ընտրությունները։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ Ռուսաստանի նախագահական ընտրությունները ճանաչել են որպես «ոչ ժողովրդավարական եւ ոչ լեգիտիմ»։ Բանաձեւում ասվում է, որ «Ռուսաստանում այսպես կոչված նախագահական ընտրությունները» անցել են վախի եւ բռնաճնշումների մթնոլորտում՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի ֆոնին։ Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության երկրների կառավարություններին եւ միջազգային հանրությանը չճանաչել դրանց արդյունքները։
Ռուսաստանի ներկայիս քաղաքական համակարգը համաշխարհային հանրության աչքում ամբողջովին կորցրել է իր լեգիտիմությունը, եւ այս համակարգի հիման վրա ձեւավորված նոր կառավարությունը նույնպես չի ունենա անհրաժեշտ լեգիտիմություն ու միջազգային ճանաչում։
Նոր «առաջնորդները» պետք է ապացուցեն Ուկրաինայի դեմ ագրեսիային եւ բազմաթիվ ռազմական հանցագործություններին իրենց մեղսակցության բացակայությունը եւ համոզեն Արեւմուտքին իրենց օրինականության եւ Ռուսաստանի անունից խոսելու իրավունքի մեջ։
Դրան հասնելը նրանց համար հեշտ չի լինի եւ, ամենայն հավանականությամբ, անհնար կլինի։
Բացի համաշխարհային հանրության մեծ մասի հետ առճակատումից՝ պետք է հաշվի առնել, որ պատերազմի ավարտը անխուսափելիորեն Ռուսաստանում կհանգեցնի բավականին մեծ սոցիալական լարվածության՝ տնտեսության ուժեղ ռազմական շեղվածության, զինվորականների ու արդեն ռազմական գործարանների մեծաթիվ բանվորների վճարումները դադարեցնելու պատճառով, գործարաններ, որոնք այժմ աշխատում են երեք հերթափոխով, իսկ հետո պարզապես կփակվեն անպետքության, ինչպես նաեւ մոլեգնող գնաճի պատճառով։ Պատերազմի ավարտի ցանկացած արդյունք երկիրը կտանի դեպի խոր ճգնաժամ, հատկապես առանց պուտինյան «համոզիչ հաղթանակի» հասնելու արդյունքի։ Տարածաշրջանային էլիտաները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ՝ ավելի ու ավելի շատ պահանջներ ներկայացնելով դաշնային կենտրոնին։ Իշխող խմբի ներսում փոխադարձ անվստահությունը կաճի, եւ այն չի կարողանա իրական վերահսկողություն պահպանել երկրի վրա։ Երկիրը կսկսի ընկղմվել քաոսի մեջ։ Ռուսաստանի պատասխանատու քաղաքացիները պարտավոր են կանխել դա։
Հասկանալի է, որ բռնապետի «անհետացումից» անմիջապես հետո իշխող խմբի անհապաղ հեռացումն իշխանությունից ուղղակի անհնար է։ Իշխող խմբի իշխանությունը պետք է աստիճանաբար փոխարինվի նոր լեգիտիմ ուժով, որը Սահմանադրության եւ իրավունքի պուտինյան անարգանքից հետո հիմնված է լեգիտիմության պահպանվող միակ իրական աղբյուրի՝ Ռուսաստանի քաղաքացիների քաղաքական կամքի վրա։
Որպեսզի անցումային շրջանի կառույցը ստեղծվի եւ ստանա հանրային եւ միջազգային ճանաչում, մենք իշխող խմբի համար ձեւակերպում ենք պահանջներ, առանց որոնց կատարման անհնար է ցանկացած փոխգործակցություն քաղաքացիական հասարակության հետ։
- Ռազմական գործողությունների դադարեցում եւ ռուսական բոլոր զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից։ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչում նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
- Բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում։ Կարճ ժամանակամիջոցում նրանց նկատմամբ կայացված բոլոր դատական որոշումների վերանայում։
- Դաշնային ժողովի (Դաշնության խորհուրդ եւ Պետական դումա) եւ նախագահի պաշտոնակատարի կողմից անհապաղ չեղյալ հայտարարել բոլոր ռեպրեսիվ օրենքները, որոնք խոչընդոտում են ազատ հասարակական եւ քաղաքական գործունեությունը:
- Դաշնային ժողովի եւ նախագահի պաշտոնակատարի կողմից Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սահմանադրական ժողովի (այսուհետ Հիմնադիր սահմանադրական ժողով) մասին դաշնային սահմանադրական օրենքի ընդունում, որը, ի թիվս այլ բաների, կկարգավորի Հիմնադիր սահմանադրական ժողովի ընտրությունների կարգը, նրա լիազորությունները, մշտական կառավարման մարմինների ընտրության կարգը:
Դաշնային խորհուրդը հրաժարվում է արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելուց։
- Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի (Դաշնության խորհուրդ եւ Պետական դումա) լուծարում, որպես Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի սանձազերծման եւ նրա տարածքի բռնակցման անմիջական պատասխանատու կառույց: Միեւնույն ժամանակ, մարզային օրենսդիր ժողովները եւ տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրենց աշխատանքը մինչեւ նոր ընտրություններ։
- Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ բոլոր ստորին ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են նոր սկզբունքներով` առանց դրանցում քաղաքական կուսակցությունների ներկայացվածության:
- Բռնապետի «անհետացումից» 6 ամիս անց Հիմնադիր սահմանադրական ժողովում կանցկացվեն ընտրություններ, որը կփոխարինի Ռուսաստանի Դաշնության ներկայիս Դաշնային ժողովին մինչեւ նոր ընտրություններ եւ կդառնա Ռուսաստանի հիմնական օրինական իշխանությունը։ Դաշնության հիմնադիր սահմանադրական ժողովի ընտրություններն անցկացվում են լիարժեք հանրային եւ միջազգային վերահսկողության ներքո՝ առանց քաղաքական կուսակցությունների մասնակցության՝ ամենապարզ մեծամասնական սխեմայով։ Ընտրողներն ընտրում են լավագույն մարդկանց, որոնց անձամբ վստահում են: Քաղաքական խմբերը ձեւավորվում են Հիմնադիր սահմանադրական ժողովի ներսում։
Ներկայիս իշխող խումբը որոշ ժամանակ կմնա որպես Հիմնադիր սահմանադրական ժողովին ենթակա գործադիր իշխանություն՝ ապահովելով, ի թիվս այլ բաների, պատշաճ վերահսկողություն երկրի միջուկային զինանոցի նկատմամբ:
Համաձայն Դաշնային սահմանադրական օրենքի՝ Հիմնադիր սահմանադրական ժողովը սկսում է իր լիազորություններն իրականացնել ընտրություններից անմիջապես հետո եւ սկսում է աշխատանքը՝ վերանայելով գործող Սահմանադրության փոփոխվող մասերը, առաջին հերթին՝ նախագահի լիազորությունների ծավալի մասով, սահմանում է Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի եւ ամբողջ դատական համակարգի ձեւավորման կարգը, ձեւավորում է Բարձրագույն դատական կոլեգիա, որն իրականացնում է Գերագույն դատարանի գործառույթները մինչեւ մշտական կառավարման մարմինների ձեւավորումը, նշանակում է նախագահի, Դաշնության խորհրդի եւ Պետդումայի ընտրությունները։ Հիմնադիր սահմանադրական ժողովն ընդունում է օրենքներ տեղական ինքնակառավարման մարմինների, տարածաշրջանային իշխանությունների եւ դաշնային իշխանությունների միջեւ լիազորությունների բաշխման մասին, Ռուսաստանի Դաշնության այլ օրենքներ:
Հիմնադիր սահմանադրական ժողովի աշխատանքի սկսվելուց վեց ամիս անց, դրա ընդունած օրենքների համաձայն, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Իր աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց Հիմնադիր սահմանադրական ժողովը նշանակում է ժամանակավոր կառավարություն, որը փոխարինում է իշխող խմբին որպես գործադիր իշխանություն եւ դառնում Ռուսաստանի օրինական կառավարությունը։
Հիմնադիր սահմանադրական ժողովի աշխատանքի սկսվելուց մեկուկես տարի անց, ԿՈՒՍ-ի ընդունած օրենքների համաձայն, անցկացվում են շրջանային (հանրապետական, երկրամասային եւ մարզային) դումայի (օրենսդիր ժողովների) ընտրություններ։
Եվս վեց ամիս հետո Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը եւ Հիմնադիր սահմանադրական ժողովն ապահովում են նոր Պետական դումայի եւ նոր Դաշնային խորհրդի ընտրությունները, որոնց լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են Հիմնադիր սահմանադրական ժողովի սահմանած Սահմանադրության նորմերին համապատասխան: Դրանից հետո Հիմնադիր սահմանադրական ժողովը դադարեցնում է իր աշխատանքը, եւ նոր օրենսդիր մարմինները ձեւավորում են Ռուսաստանի նոր կառավարությունը։ Պետության ղեկավարի (նախագահի) ընտրություններն անցկացվում են Սահմանադրական դատարանի կողմից սահմանված սահմանադրական նորմերին համապատասխան։
Ռուսաստանի Դաշնության 1993 թվականի Սահմանադրության գլուխները, որոնք ժողովրդավարական պետականության հիմքն են, մասնավորապես Գլուխ 1-ը՝ «Սահմանադրական համակարգի հիմունքները», Գլուխ 2-ը՝ «Մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները», եւ Գլուխ 9-ը՝ «Սահմանադրական փոփոխություններ եւ Սահմանադրության վերանայում», առ այսօր որեւէ փոփոխություն չեն կրել եւ չեն պահանջում որեւէ վերանայում, քանի որ դրանք ճիշտ եւ շատ հաջող ձեւակերպվել են Սահմանադրությունը մշակողների կողմից։
Այսպես՝ Ռուսաստանն ավարտում է իշխանության անցումը հնարավոր իրավական քաոսից եւ ավտորիտար դեսպոտիզմից դեպի պետության օրինական ժողովրդավարական կառուցվածք։