Մամուլում ձեւակերպվել, քաղաքական խոսույթ է մտել մտակաղապար, որ Հայաստանի երրորդ հանրապետության պետական հիմունքները կամ պետականակերտ արժեքները կորսված են:
Ինչպես Չարենցն է ձեւակերպել.
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…
Այս ֆրուստրացիան ուղղակիորեն ածանցվում է ոչնչով չհիմնավորված, զուտ էմոցիոնալ ընկալումից, իբր Հայաստանը 1990 թվականի օգոստոսի 23-ին անկախություն է հռչակել եւ անշեղ ընթացքով հասել առաջին պատերազմի ռազմական հաջողություններին, փաստացի միավորել Լեռնային Ղարաբաղը, նրա շուրջը ստեղծել անվտանգության գոտի, եւ մեզ սպասում էր молочные реки да кисельные берега ապագա, եթե 2018-ին «սորոսականները» չիրականացնեին «Հայկական նախագիծը» տապալելու թուրքա-ջհուդա-մասոնական իրենց նենգ ծրագիրը՝ իշխանության բերելով Նիկոլ Փաշինյանին:
Իրականությունը բոլորովին այլ է: Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սա ո՛չ մտավարժանք է, ո՛չ հերյուրանք կամ վերագրում, նրա այդ ելույթը տպագրված է «Ընտրանի»-ում. պաշտոնը ստանձնելուց մոտ երկու, անկախ պետականության վերականգնման գործընթացի մեկնարկի մասին Հռչակագրի ընդունումից մեկ ամիս անց ԳԽ-ի փակ նիստում առաջարկել է ԼՂ-ում անցկացնել մարզային խորհրդի եւ Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններ եւ վերականգնել նրա սահմանադրական կարգավիճակը:
Ստեփանակերտն այդ առաջարկությունը մերժել է:
Առաջին նախագահը մինչեւ վերջին պահը ամեն ինչ արել է, որ ԼՂ-ն զերծ պահի ադրբեջանական ագրեսիայից, իսկ Հայաստանը՝ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվելու փորձությունից: Ապացույցը 1991 թվականի սեպտեմբերյան բանակցություններն են, Ժելեզնովոդսկի կոմյունիկեն, որով կողմերը պարտավորվել են չեղարկել ԼՂ-ի վերաբերյալ ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող բոլոր որոշումները: Այդ փաստաթուղթը, ընդ որում, ստորագրել են ԼՂ հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչները:
Հաջորդ շատ էական նշանակության քայլը Հայաստանի ԳԽ-ն ձեռնարկել է 1991 թվականի նոյեմբերի 26-ին՝ Ադրբեջանի կողմից ԼՂԻՄ-ը լուծարելու մասին որոշման հաջորդ օրը՝ ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեին դիմելով եւ միջնորդելով, որ քննության առնվի ԼՂԻՄ-ի լուծարման ակտի ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխանության հարցը: Կոմիտեն Ադրբեջանի ԳԽ-ի այդ որոշումը ճանաչել է ԽՍՀՄ սահմանադրությանը չհամապատասխանող: Նույն որոշմամբ ԽՍՀՄ սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչվել նաեւ ՀԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը:
Այսինքն՝ այն հիմունքները կամ պետականակերտ արժեքները, որոնց համար այսօր կրծքով պայքարում են ինստիտուցիոնալ ընդդիմությանը, նրա հետ աֆիլացված ստեփանակերտյան քվազէլիտան, քաղաքական ուժերը, խմբերն ու առանձին անհատները, ԽՍՀՄ փլուզման պահին արդեն իսկ Հայաստանի իրավական համակարգի մաս չէին, դե յուրե ճանաչված էին առ ոչինչ:
Ըստ էության՝ այդ տրամաբանական ընթացքը, չնայած առաջին պատերազմի ռազմական հաջողություններին եւ ազգային-պաթետիկ ուժերի էյֆորիային, ամփոփվել է Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրության տեքստում եւ արտացոլվել այն ընդունելու իրավական ընթացակարգով:
Երրորդ հանրապետության մայր օրենքը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել ՀՀ սահմանադրական տարածք, ԼՂ-ում պետական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը չի փոխկապակցել իր ոչ միայն ուղղակի իրավազորության, այլեւ անգամ պրոտեկտորային կամ խնամակալական կառավարման հետ, իսկ սահմանադրական հանրաքվեն անցկացվել է միայն նախկին ՀԽՍՀ տարածքում: Այսինքն՝ ՀՀ իշխանության սուբյեկտ է ճանաչել նախկին ՀԽՍՀ-ում մշտական հաշվառում ունեցող անձանց:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո պետականության այս հիմունքներից Հայաստանն ի՞նչ է կորցրել: Եթե մտնենք էմոցիոնալ դաշտ, ապա բազմաթիվ կորուստներ կարելի է թվարկել: Բայց ի՞նչ կապ ունի ռեալպոլիտիկը լիրիկայի հետ: Մանավանդ եթե այն ախտածին է, վտանգավոր:
Երրորդ Հհնրապետությունը ծնվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, ոչ թե 1989 թվականի դեկտեմբերի 1-ին կամ 1990 թվականի օգոստոսի 23-ին:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծագույն վաստակն է, որ իդեալիստական Հայրենիքից իրավական-պետական Հայաստանի անցումը եղավ հնարավորինս ոչ այնքան ցավոտ ցնցումներով: Իսկ Լեռնային Ղարաբաղի ֆենոմենը սպառվել է Վազգեն Սարգսյանի մեկ նախադասությամբ. «Մեղրին ավելի կարեւոր է, քան նույնիսկ Ղարաբաղը»:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։