Բաքվում պաշտոնապես մեկնարկել է Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովը: Ադրբեջանական մամուլը պատվավոր հյուրերի ամբողջական ցանկ չի հրապարակել, միջոցառման ներկայացուցչականության մասին հնարավոր է դատել ոչ այնքան կանոնակարգված տեղեկատվությունից:
Հայտնի չէ, թե ով է գլխավորում Միացյալ Նահանգների պատվիրակությունը: Փոխարենը նոյեմբերի 11-ի երեկոյան Բաքու է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթրամերը, իսկ մինչ այդ՝ BP-ի գլխավոր գործադիր տնօրենը:
Գերմանիան ներկայացնում է արտաքին գործերի նախարար Բերբոկը, Բելգիան մասնակցում է վարչապետի մակարդակով: Թեեւ անոնսավորված էր, առայժմ տեղեկություն չկա խորհրդաժողովին Իտալիայի վարչապետ Մելոնիի ներկայության մասին:
Պարսից ծոցի երկրներից ամենաբարձր՝ նախագահի մակարդակի ներկայացուցչություն ունի Արաբական Միացյալ Էմիրությունները:
Խորհրդաժողովին չի ներկայացել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ինչպես նաեւ Հնդկաստանի վարչապետ Մոդին: Բաքու չի ժամանել նաեւ Բրազիլիայի նախագահը, թեեւ մինչեւ վերջին պահը նրան սպասում էին:
Բավական արտառոց է, որ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովն անտեսած՝ Սերբիայի նախագահ Վուչիչը ժամանել է Բաքու: Ադրբեջանի մայրաքաղաք չի այցելել Իրաքի վարչապետը, նրան փոխարինում է նախագահը, իսկ Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավար Բարզանին անձամբ է ներկայացել:
Հետխորհրդային երկրներից Բաքվի համաժողովին մասնակցում են Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Մոլդովայի նախագահները, ինչպես նաեւ Վրաստանի վարչապետը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 11-ին մեկնել է Սաուդյան Արաբիա, Էր-Ռիադում մասնակցել Արաբական լիգայի եւ Իսլամական համերաշխության կազմակերպության երկրների արտահերթ գագաթնաժողովին, որտեղից նույն օրվա երեկոյան ժամանել է Բաքու:
Կլիմայի հարցերով Բաքվի խորհրդաժողովին դեռ չի ներկայացել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Կարծես թե Բաքվում չէ նաեւ Իսրայելի նախագահ Հերցոգը: Համենայն դեպս, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նրա եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին տեղեկություն չի տարածել:
Եվրոպական երկրներից Բաքու են այցելել Ֆինլանդիայի, Սլովակիայի եւ Բուլղարիայի նախագահները, ինչպես նաեւ Հունգարիայի վարչապետը:
Նոյեմբերի 11-ի օրվա վերջին դրությամբ տեղեկություն չկար Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահների Բաքու այցի մասին: Ադրբեջանական մամուլը տեղեկություն չի հայտնում նաեւ Պակիստանի վարչապետի այցի մասին: Ավելի վաղ փորձագիտական շրջանակներից արտահոսք է կազմակերպվել, որ Բաքվում ծրագրվում է Հնդկաստանի եւ Պակիստանի վարչապետի հանդիպում:
Կլիմայի հարցերով խորհրդաժողովի բավական բարձր ներկայացուցչություն է ապահովել Վատիկանը՝ արտաքին կապերի պատասխանատու կարդինալ Պարոլինի մակարդակով: Ուշագրավ հանգամանք է, որ նոյեմբերի 11-ին Բաքվում Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը կլիմայի փոփոխության հարցերով բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ եւ ներկայացրել առաջարկությունների փաթեթ: «Անադոլու» գործակալությունն այդ առթիվ մասնագիտական տեսակետ է փոխանցել, որ կլիմայի փոփոխության դեմ արդյունավետ պայքարը տարեկան ավելի քան երկու տրիլիոն դոլար ներդրումներ է պահանջում:
Ըստ որոշ աղբյուրների՝ Բաքվի խորհրդաժողովի ներկայացուցչական մակարդակը շատ զգալիորեն զիջում է Դուբայի անցյալ տարվա միջոցառմանը: Դա բացատրվում է ոչ միայն Ադրբեջանում իշխող վարչակազմի նկատմամբ վերաբերմունքով, այլեւ նրանով, որ ԱՄՆ-ը, Կանադան, Եվրամիության առաջատար երկրները խուսափում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսական հիմնադրամի խոշոր նվիրատուներ լինելուց: Խորհրդաժողովին մոտ կանգնած աղբյուրների գնահատմամբ՝ այդ հարցով գործնական որոշում չի կայացվի: Առավելագույնը, ինչ հնարավոր է, հիմնադրամի ձեւավորման սկզբունքների մասին համաձայնությունն է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։