Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե «աշխարհը մեզ որպես ազգ-նահատակ է ընկալում»։ Որքան էլ անցանկալի է ու վիրավորական, բայց նրա այս խոսքի մեջ ճշմարտություն կա։
Եթե հետհայացք նետենք, ապա չենք կարող չնկատել, որ մեր երկարատեւ պատմության ընթացքում մենք անընդմեջ կորուստներ ենք գրանցել։ Թվացյալ հաղթանակների մասին կան առասպելներ, կան երգեր ու վեպեր, վերջնարդյունքում, բայց, տարածքային կորուստներ են մնացել ու մեզ կոտորելու եւ մեր նահանջների մասին հիշողությունները։
Օսմանյան կայսրությունը, անկասկած, ժողովուրդների բանտ էր։ Այդ լծից պետք էր ազատվել։ Մեզ բախտակից շատ ժողովուրդներ այդ խնդիրն էին լուծում։ Եղեռնի, բայց, մենք ենթարկվեցինք, ու մենք կորցրինք մեր հայրենիքը։ Իհարկե, սուլթան համիդներն ու թալեաթները մեղավոր են, իհարկե, նրանք են ծրագրել ու իրականացրել հայերի կոտորածներն ու արտաքսումները, բայց եթե զգացմունքները մի կողմ թողնելով պատճառների մեջ խորանալ փորձենք, ապա չենք կարող նաեւ մեր մեղքը չտեսնել։ Լավ օրինակ կարող է լինել, ասենք, 1896-ին «Բանկ Օտոմանի» գրավումը, որի նպատակը հայկական հարցի վրա աշխարհի ուշադրության սեւեռումն էր։ Եվրոպան ու Ռուսաստանը, ըստ կազմակերպիչների, այդ գործողությունը տեսնելով պետք է հիշեին հայերին ու ստիպեին սուլթանին կատարել Սան-Ստեֆանոյում հանձն առած պարտավորությունը՝ բարելավել հայերի վիճակը։ Այն, սակայն, հայկական ջարդերին ու հայերի նկատմամբ հալածանքներին նոր թափ հաղորդելու առիթ դարձավ։ Ոչ պակաս լավ օրինակներ է իր «Չորս տարի կիսալուսնի տակ» գրքում հիշատակում 1915-ից թուրքական բանակում ծառայող վենեսուելացի Ռաֆայել դե Նոգալեսը։ Օսմանյան բանակի գեներալ-մայորը մատնացույց է անում կոտորածների ու, վերջին հաշվով, Արեւմտյան Հայաստանի կորստին նպաստած հայերի սխալները, ապա եզրակացնում է. «Եթե հայերը ցուցաբերեին ավելի շատ հաշվենկատություն ու լինեին քիչ ամբիցիոզ, ապա նրանք այսօր, հնարավոր է, վերահսկելու էին Թուրքիան»։
Մենք, իհարկե, սիրում ենք մեր պատմությունը գեղեցիկ դրվագներով զարդարել ու չենք ցանկանում տեսնել մեր սխալները կամ քիչ ենք խոսում մեր սխալներից։ Բայց ազնիվ լինելու դեպքում պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում մեր կորուստները նաեւ մեզնով են եղել պայմանավորված։
Ստամբուլն արյան ծով դարձնելու կարգախոսով, ապա՝ առանց հաշվի առնելու, որ սահմանից այն կողմ մեր անպաշտպան ազգակիցներն են, ռուսական կայսրության դրդմամբ ռուսական բանակի կազմում թուրքական ճակատ մեկնելու համար հայկական կամավորական զորամիավորումներ կազմելով, մեր չափով նպաստեցինք Արեւմտյան Հայաստանի հայաթափմանն ու վերջնական կորստին։ Իսկ ավելի ուշ՝ Առաջին աշխարհամարտի ավարտին, պարտված ու թուլացած Թուրքիայի հետ պայմանավորվել չցանկանալով, երբ նրանք դրան պատրաստ էին, եւ մեր հնարավորություններից վեր ծրագրեր կազմելով՝ հանգեցինք 1920-ի պատերազմին, մեր ջախջախիչ պարտությանն ու մեր երկրի տարածքի կեսի կորստին։
Եղեռնը, հայրենազրկումը, գաղթականների հոսքը աշխարհի աչքերում մեզ դարձրին զոհի խորհրդանիշ։ Օտարների հետ միասին ինքներս էլ ենք մեզ որպես զոհի դիտարկել ու համակերպվել զոհի կարգավիճակին։
Բայց եկան 1990-ականների առաջին տարիներն ու ամեն ինչ փոխեցին։ Ազատեցին այդ տարիները մեզ անընդհատ պարտություններ ու կորուստներ գրանցող նահատակի բարդույթից։ Հռչակեցինք մեր երկիրը, մարտադաշտում հաջողություն գրանցեցինք, մեր պայմաններով զինադադար կնքեցինք։ Ե՛վ մեզ, ե՛ւ աշխարհին ցույց տվեցինք, որ նահատակ չենք բոլորովին։ Որ կարող ենք ոտքի կանգնել, կազմակերպվել, հաղթել, կառուցել մեր երկիրն ու հարեւանի հետ արժանապատիվ հաշտության եզրեր որոնել։ Մնում էր հաջողությունը նյութականացնելու գործը, բայց … բայց կրկին տապալվեցինք։
Մեր սխալների, մեր աներեւակայելի անպատասխանատվության ու կամակորության հետեւանքով մսխեցինք տարիների մեր ձեռքբերումները։ Փոշիացրինք այն, ինչն ունենալու համար հսկայական ջանք էինք ներդրել, քրտինք էինք թափել ու արյուն էինք տվել ու հանգեցինք 2020-ի պարտությանը, Արցախի կորստին, Հայաստանի ներկա վիճակին ու, կրկին (!), զոհի կերպարին։
Փոշիացման ընթացքը սկսվել էր 1998-ից, երբ Ղարաբաղի հարցը պատրվակ դարձրած ուժերը երկրում իշխանություն խլեցին ու սկսեցին անպատասխանատվության իրենց արշավը։ Տեսանելի էր արհավիրքը, որին պետք է հանգեինք։ Պետք էր խուսափել դրանից, պետք էր բեկել դեպի կործանում տանող ընթացքը, բայց եկավ Փաշինյանն ու մեզ չկործանվելու ոչ մի շանս չթողեց։ Տարավ մեզ պատերազմի ու ջախջախիչ պարտության։
Ու հիմա նա, ով մեզ պարտության է տարել, ով նպաստել է, որ մեզ կրկին որպես զոհի դիտարկեն, հայտնագործություն կատարած դպրոցականի անմիջականությամբ ասում է, թե «աշխարհը մեզ որպես ազգ-նահատակ է ընկալում»։ Իսկ ի՞նչ անի աշխարհը, եթե զոհի կարգավիճակում ենք։ Ի՞նչ անի աշխարհը, եթե քեզ նման ավարտված պոպուլիստը ականջահաճո ճիչերով ու ականջահաճո կոչերով, շրիշակի մակարդակի բառապաշարով ու շրիշակի մակարդակի մտքերով ամբոխի համակրանքն է շահում ու, կառավարման, կազմակերպման, արտաքին աշխարհի, հարեւանների հետ հարաբերվելու ու բանակցելու կարողություններ չունենալով բոլորովին, երկրի ղեկին է հայտնվում ու նահատակի բարդույթից նոր ազատված ժողովրդին տանում է անհավասար պատերազմի ու նոր պարտությունների։
Վիրավորական է իհարկե, որ աշխարհը մեզ որպես զոհի է ընկալում։ Բայց 2020-ի մեր պարտությունը, մեր խոցված սահմանները, Արցախի հայաթափումը, մեր երկիրը ներկայացնողների անկարողությունը, նրանց ընկճված վիճակը, նահանջելու նրանց պատրաստակամությունը այլ ընկալում առաջացնել չեն կարող։
Մնում է հույսը, որ առջեւում մեզ նոր հնարավորություն է սպասում, որն արդեն չենք կորցնելու։
Հավատանք։

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։