«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը չի նշանակում Եվրամիության անդամակցության հայտի ներկայացում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի հերթական քննարկման ժամանակ։
«Այս օրենքը Եվրամիության անդամակցության հայտ չէ: Այս օրենքը համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ առավել մերձեցման ուղղությանը»,- ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին միանալու մասին «Եվրաքվեի» առաջարկած օրենքի նախագծին։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» նախաձեռնած ստորագրահավաքը, որի արդյունքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
Արդեն հունվարի 24-ին օրինագծին դրական եզրակացություն տվեց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: