Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահ եւ ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը հինգշաբթի Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչների հետ:
«Մենք քննարկել ենք Արկտիկայում հազվագյուտ հողային մետաղների, ինչպես նաեւ տարբեր այլ ոլորտներում հնարավոր փոխգործակցությունները, որտեղ կարող ենք կառուցել ստեղծագործ եւ դրական հարաբերություններ»,- TACC գործակալության հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Դմիտրեւը։
BBC-ի հաղորդմամբ՝ Դմիտրիեւը չի հստակեցրել, թե Վաշինգտոնում կոնկրետ ում հետ է հանդիպել (հաղորդվում էր Սթիվ Ուիթքոֆի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ հանդիպման մասին), սակայն հանդիպումների արդյունքները դրական է ներկայացրել. «Մենք բացարձակ հստակորեն տեսնում ենք, որ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմը, ի տարբերություն [46-րդ նախագահ Ջո] Բայդենի, տրամադրված է հարցերի լուծմանը: Նրանք չափազանց հարգալից են վերաբերվում, հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս, փոխզիջումներ են գտնում: Սա այն ստեղծագործ ոգին է, որն ընդունված է»:
Դմիտրիեւը նաեւ նշել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու հնարավորության մասին, որն ընդհատվել էր Քովիդ-19 համավարակի սկզբում եւ չէր վերականգնվել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո: «Մենք հույս ունենք առաջընթաց գրանցել այս հարցում»,- հավելել է նա:
Դմիտրիեւը առաջին բարձրաստիճան ռուս պաշտոնյան է, որն Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո հանրայնորեն այցելում է Վաշինգտոն:
Ըստ BBC-ի՝ ԱՄՆ վիզա տրամադրելու համար ժամանակավորապես հանվել էին Դմիտրիեւի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները: Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մեկնաբանում վիզային հարցերը՝ գաղտնիության պատճառով:
Փետրվարի 18-ին Դմիտրիեւը ռուսական պատվիրակության կազմում մասնակցել էր Ռիադում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններին: Նա հայտնել էր, որ Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել ներդրումային-տնտեսական ոլորտում համագործակցության մի քանի առաջարկներ: Հանդիպման ընթացքում նաեւ քննարկվել էր Ուկրաինայում ընթացող պատերազմը:
Դմիտրիեւը, որը նախկինում եղել էր ներդրումային բանկիր, համարվում է Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած անձանցից մեկը: Սպիտակ տունը դեռեւս չի մեկնաբանել նրա այցը: