ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սխալ» է որակել Ռուսաստանի կողմից Սումի քաղաքի վրա իրականացված հրթիռային հարվածը, որի հետեւանքով կիրակի 34 մարդ է զոհվել։ «Ես կարծում եմ՝ դա սարսափելի էր, եւ ինձ ասացին, որ նրանք սխալ են գործել։ Ես կարծում եմ, դա սարսափելի բան է։ Ես կարծում եմ, այս ամբողջ պատերազմը սարսափելի է»,- հայտարարել է Թրամփը լրագրողի հարցին պատասխանելիս։
Երբ խնդրել են պարզաբանել, թե ինչ նկատի ուներ, Թրամփը կրկնել է ռուսական կողմի սխալի մասին խոսքերը՝ ավելացնելով. «Դուք կարող եք իրենցից հարցնել»։
Այնուհետեւ Թրամփը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին՝ նրան մեղադրելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին սկիզբ դնելու համար։
Ուկրաինայի Սումի քաղաքում կիրակի Ռուսաստանի իրականացրած կրկնակի հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է առնվազն 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, իսկ վիրավորների թիվը հասել է 117-ի։
«Բժիշկներն անում են ամեն ինչ՝ փրկելու վիրավորների կյանքը եւ պահպանելու նրանց առողջությունը։ Հրթիռակոծության հետեւանքով, համալսարանից բացի, վնասվել են հինգ բազմաբնակարան շենքեր, սրճարաններ եւ խանութներ, ինչպես նաեւ շրջանային դատարանը։ Ռուսներն իրենց հարվածով վնասել են ընդհանուր 20 շինություն»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է Սումիի վրա հարվածը՝ այն կոչելով «սարսափելի»։ Նրա խոսքերով՝ նման հարձակումները «դաժան հիշեցում են շարունակվող արյունահեղության մասին», որի համար պատասխանատու է Ռուսաստանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի հարձակումը Սումիի վրա ցույց է տալիս «անարգ վերաբերմունք մարդկային կյանքի հանդեպ»։
Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը եւս դատապարտել է Սումիի վրա ռուսական բանակի իրականացրած հրթիռային հարվածը։ Դատապարտմանը միացել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին։
ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալլասը Սումիի վրա հարձակումն անվանել է «սարսափեցնող օրինակ ուժգնացող հարձակումների շարքում»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել հարվածը։ Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Ուկրաինայում հարվածներ քաղաքացիական օբյեկտներին չեն հասցվում։