ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից հեռանալուց հետո երեքշաբթի հանդես է եկել իր առաջին մեծ ելույթով, որի ընթացքում խստորեն քննադատել է Սոցիալական ապահովության ծառայության (SSA) նկատմամբ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները: Ելույթը տեղի է ունեցել Չիկագոյում՝ հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ:
Բայդենը հայտարարեց, որ Թրամփի վարչակազմը «կացինով հարձակվել է Սոցիալական ապահովության ծառայության վրա՝ վնաս հասցնելով միլիոնավոր ամերիկացիների, որոնք կախված են պետության կենսական աջակցությունից:
«Այս նոր վարչակազմը այնքան շատ վնաս եւ ավերածություն է հասցրել: Սոցիալական ապահովությունը պարզապես ծրագիր չէ: Դա սուրբ խոստում է, որը մեր ազգը տվել է: Մենք գիտենք, թե որքան մեծ ազդեցություն ունի այն մարդկանց առօրյա կյանքի վրա»,- նշել է Բայդենը:
ԱՄՆ Սոցիալական ապահովության ծառայությունը տարեկան շուրջ 1.4 տրիլիոն դոլար է վճարում ավելի քան 70 միլիոն տարեց եւ հաշմանդամ ամերիկացիների։ Չնայած այս վճարումները չկրճատելու Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներին՝ նրա վարչակազմի կողմից ստեղծված Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը ղեկավարում է Իլոն Մասկը, նախաձեռնել է լայնածավալ բարեփոխումներ։ Այս բարեփոխումների շրջանակում նախատեսվում է կրճատել Սոցիալական ապահովության ծառայության 7,000 աշխատակցի եւ փակել մի շարք գրասենյակներ ամբողջ երկրում։
Սոցիալական ապահովության ծառայության այս նոր բարեփոխումները մտահոգություն են առաջացրել նպաստառուների եւ իրավապաշտպանների շրջանում։ Շատերը վախենում են սպասման ժամկետների երկարացումից, վճարումների ուշացումներից եւ կառույցի առցանց ծառայությունների հասանելիության խնդիրներից։
Բարեփոխումների շրջանակում DOGE-ի աշխատակիցները հասանելիություն են ստացել Սոցիալական ապահովության ծառայության ներքին տվյալների բազաներին՝ առանց համապատասխան ստուգումների կամ համաձայնագրերի։ Սա հանգեցրել է դատական գործի՝ կապված անձնական տվյալների գաղտնիության խախտման հետ։ Արդյունքում Դաշնային դատարանը ժամանակավորապես արգելել է DOGE-ի աշխատակիցներին մուտք գործել SSA-ի համակարգեր՝ պահանջելով նաեւ ջնջել արդեն ձեռք բերված անձնական տվյալները։