• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Հնդկա-պակիստանյան ճգնաժամ․ հետհայաց

Բորիս Ղազարյան 22:14 | 28.04.2025
Բորիս Ղազարյան 22:14 | 28.04.2025
Հնդիկ զինվորականները Ջամմու եւ Քաշմիրի հյուսիսային շրջաններում

Ապրիլի 22-ին Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վիճելի համարվող Ջամմու եւ Քաշմիր նահանգում մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով զոհվեց 26 մարդ։ 

Հնդկական The Times of India թերթը, հղում կատարելով հնդկական հետախուզության աղբյուրներին, գրեց, որ հարձակումն իրականացրել են Պակիստանում գործող «Լաշկար-է-Թայբա» իսլամական ​​խմբավորման դիվերսիոն թեւ հանդիսացող «Դիմադրության ճակատի» մարտիկները։ Դրանից հետո Հնդկաստանի կառավարությունը կրճատեց Իսլամաբադում իր դեսպանատան աշխատակիցների քանակը, Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ​​​​առաքելության ռազմական խորհրդականներին հայտարարեց անցանկալի անձ եւ կասեցրեց Ինդոս գետի վերաբերյալ 1960 թվականի պայմանագիրը, որը կողմերի համար կարգավորում էր ջրային ռեսուրսների օգտագործման իրավունքը։ 

Ի պատասխան՝ Իսլամաբադը հերքեց «Դիմադրության ճակատի»  ունեցած կապերի մասին տեղեկությունները, փակեց իր օդային տարածքը հնդկական օդանավերի համար եւ հայտարարեց Հնդկաստանի դեսպանատնից ռազմական կցորդների վտարման մասին։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆն էլ հայտարարել է, որ իր երկիրը հնդկական կողմից Ինդոս գետի հունը շեղելու ցանկացած փորձ կհամարի պատերազմական ակտ եւ կպատասխանի «ամբողջ ուժով», եթե Հնդկաստանը հարձակման անցնի։

Վերջին օրերին նաեւ հաղորդվում է Ջամմու եւ Քաշմիր նահանգում Հնդկաստանի եւ Պակիստանի զինված ուժերի միջեւ ակտիվացած փոխհրաձգությունների մասին։ Նման  իրավիճակը մուջակաին զենք ունեցող երկու այս երկրների միջեւ նոր հակամարտության բռնկման սպառնալիքներ է ստեղծում։

Ընդգծենք, որ Հնդկաստանն ու Պակիստանը առաջին անգամ չէ, որ բախվում են նման ճգնաժամի, եւ երկու երկրներն ունեն երկարատեւ ռազմական հակամարտությունների եւ հրադադարների պատմություն։ Դիտարկենք այդ իրադարձությունները, որը կօգնի առավել խորքային հասկանալու ներկայիս լարվածության պատճառները։ 

Երեք մեծ պատերազմները 

Մինչեւ 20-րդ դարի կեսերը ժամանակակից Հնդկաստանի եւ Պակիստանի տարածքները կազմում էին Մեծ Բրիտանիայի գաղութային տիրապետության մաս եւ հաճախ ընդհանրական ձեւով կոչվում Բրիտանական Հնդկաստան։ 1947 թվականին գաղութը բաժանվեց երկու պետությունների՝ Հնդկաստանի Դաշնության եւ Պակիստանի, որոնց շնորհվել էր դոմինիոնի կարգավիճակ (Բրիտանական կայսրության կազմում գտնվող պրոտեկտորատ, որն անկախ էր մետրոպոլիայից, սակայն Մեծ Բրիտանիայի միապետին ճանաչում էր որպես պետության ղեկավար, որն էլ իր հերթին այդ երկրում ներկայացված էր գեներալ-նահանգապետի մակարդակով)։ Այս բաժանումը կատարվել էր բնակչության կրոնական պատկանելության հիման վրա. գերազանցապես մուսուլման բնակչություն ունեցող նահանգները անցել էին Պակիստանին, իսկ հինդուիստական մեծամասնություն ունեցողները՝ Հնդկաստանին։ 

Այս իրադարձությունները լուրջ բախումների էին հանգեցրել իսլամադավան եւ հինդուիստ բնակչության միջեւ, որն էլ իր հերթին փախստականների հսկայական հոսքերի պատճառ էր դարձել։ Տարբեր գնահատականներով՝ մոտ 6.5 միլիոն մուսուլման Հնդկաստանից գաղթել էր Պակիստան, իսկ մոտ 4.7 միլիոն հինդուիստ եւ սիկխ՝ հակառակ ուղղությամբ։

Կրոնական բախումները եւ հետագա միգրացիաները մինչեւ 500,000 մարդու կյանք խլեցին։ 

Տարածքային պատկանելության հարցով ամենաթեժ վեճը բռնկվեց Ջամմուի եւ Քաշմիրի իշխանություն շուրջ։ Չնայած այն հանգամանքին, որ Քաշմիրի բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ էին, Ջամմուի եւ Քաշմիրի կառավարիչ մահարաջա Հարի Սինգխը հրաժարվեց հանրաքվե անցկացնելուց եւ հայտարարեց Ջամմուն Քաշմիրի հետ Հնդկաստանին միավորելու մասին։ Այս որոշման արդյունքը դարձավ 1947-1949 թվականների Առաջին հնդկա-պակիստանյան պատերազմը, որն ավարտվեց ՄԱԿ-ի միջնորդության շնորհիվ։ 

Հնդկական բանակի հրետանավորները Ջամմու եւ Քաշմիր մարզում 1947 թվականին

Նշենք, որ հրադադարը ուժի մեջ էր մտել դեռեւս 1948 թվականի ամռանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած թիվ 13 բանաձեւի հիման վրա, որը Պակիստանից պահանջում էր Ջամմուի եւ Քաշմիրի տարածքից դուրս բերել բանակը եւ ոչ կանոնավոր զորամիավորումները, մինչդեռ Հնդկաստանին թույլատրում էր սահմանափակ ուժեր պահել տարածքում՝ կարգուկանոնը պահպանելու համար։ Սրան զուգահեռ նախատեսվում էր նաեւ հանրաքվեի անցկացում՝ շրջանի հետագա կարգավիճակը որոշելու նպատակով։ Սակայն, բացի հրադադարից, կողմերը բանաձեւի որեւէ դրույթ այդպես էլ կյանքի չկոչեցին։  

1949 թվականի հուլիսին կողմերը ստորագրեցին Կարաչիի համաձայնագիրը, որով Ջամմուի եւ Քաշմիրի տարածքում հաստատված հրադադարի գծով նահանգի 60%-ը անցավ Հնդկաստանի, իսկ 40%-ը՝ Պակիստանի վերահսկողության ներքո։ 

Սրան հաջորդեց 1965 թվականի օգոստոս-սեպտեմբերրին տեղի ունեցած Երկրորդ հնդկա-պակիստանյան պատերազմը, որը սկսվել էր նահանգի վրա լիակատար վերահսկողություն հաստատելուն ուղղված Պակիստանի փորձերի պատճառով։ Այս հակամարտությունը կանգնեցվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 20-ին ընդունած թիվ 211 բանաձեւի հիման վրա, որով կողմերից պահանջվում էր անհապաղ դադարեցնել կրակը։ Հնդկաստանն անմիջապես հայտարարել էր այն ընդունելու մասին, մինչդեռ Պակիստանը հրադադարին համաձայնել էր սեպտեմբերի 23-ին։ 

1966 թվականի հունվարին Խորհրդային Միության միջնորդական ջանքերի շնորհիվ կողմերը ստորագրել էին Տաշքենդի համաձայնագիրը, որով պարտավորվում էին զորքերը հետ քաշել նախապատերազմյան շրջանում զբաղեցրած դիրքեր։ Արդյունքում 1949-ից ձեւավորված ստատուս-քվոն որեւէ էական փոփոխության չէր ենթարկվել։  

Հնդիկ զինվորականները 1965 թվականի պատերազմի օրերին

Հրադադարի գիծը փոփոխությունների չենթարկվեց մինչեւ 1971 թվականը, երբ Հնդկաստանը սկսել էր միջամտել Արեւելյան Պակիստանի տարածքում ընթացող քաղաքացիական պատերազմին եւ ի վերջո ճանաչել այնտեղ ձեւավորված Բանգլադեշ պետությունը։ Սա Պակիստանի իշխանությունները գնահատել էին որպես նախկինում ձեռք բերված համաձայնությունների խախտում, որն էլ դարձավ Երրորդ հնդկա-պակիստանյան պատերազմի պատրվակ։ 

Այս հակամարտությունն ավարտվեց 1971 թվականի դեկտեմբերի 16-ին «Պակիստանի կապիտուլյացիայի մասին փաստաթղթի» ստորագրմամբ, որն իրականացվել էր Դաքայում, մի կողմից՝ Հնդկաստանի եւ նորանկախ Բանգլադեշի զինված ուժերի ներկայացուցիչների, մյուս կողմից՝ Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչի կողմից։ Արդեն հաջորդ օրը Հնդկաստանը հայտարարել էր նաեւ արեւմտյան ճակատում՝ Պակիստանի հետ անմիջական սահմանին ռազմական գործողությունների դադարեցման մասին։ 

Պակիստանի բանակի գեներալ-գնդապետ Ամիր Աբդուլլա Խան Նիազին ստորագրում է կապիտուլյացիայի ակտը Հնդկաստանի բանակի եւ Բանգլադեշի ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ջագջիտ Սինգխ Արորայի ներկայությամբ․ 1971 թվականի դեկտեմբերի 16

Արդեն 1972 թվականի հուլիսի 2-ին կողմերը ստորագրեցին Սիլմայի համաձայնագիրը, որոով կողմերը համաձայնություն էին ձեռք բերել նոր շփման գիծ հաստատել Ջամմուի եւ Քաշմիրի շրջանում, ինչպես նաեւ հետ քաշել զինված ուժերը միջպետական սահմանի երկայնքով։ 

Այսպիսով՝ Ջամմուի եւ Քաշմիրի նախկին իշխանության տարածքի 60%-ը մնաց Հնդկաստանի վերահսկողության տակ (սա Ջամմու եւ Քաշմիր հնդկական նահանգն է), իսկ 30%-ը անցավ Պակիստանին (սա Ազադ Քաշմիրի նահանգն է եւ Հյուսիսային նահանգը): Շրջանի մոտավորապես 10%-ն էլ 1950-1960-ականներին օկուպացրել է Չինաստանը։ 

Պակիստանի վարչապետ Յահյա Խանի պատկերով եւ Հնդկաստանի դեմ «ջիհադին» ֆինանսական աջակցության կոչող հատվածներ պակիստանյան անգլալեզու «Դավն» թերթից․ 1971 թվականի դեկտեմբեր

Սահմանային հակամարտությունը

1980-ականների վերջին Քաշմիրում կտրուկ աճեց ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իսլամական ​​կարգախոսներով սկսել էին «ազատություն պահանջել Հնդկաստանի օկուպացրած Քաշմիրի համար»։ Չնայած այս հանգամանքին՝ 1990-ականների վերջին Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերություններում որոշակի ջերմացում նկատվեց. բարելավվեցին տրանսպորտային կապերը, տեղի ունեցան մի քանի բարձր մակարդակի հանդիպումներ, իսկ 1999 թվականի փետրվարին ստորագրվեց Լահորի հռչակագիրը, որը կոչված էր միջուկային զենքի պատահական կամ չարտոնված օգտագործման ռիսկը նվազեցնելուն (Հնդկաստանն իր առաջին փորձարկումներն անցկացրել էր 1974 թվականին, իսկ Պակիստանը՝ 1998 թվականին):

Սակայն 1999 թվականի մայիս-հուլիսին երկրների սահմանին կտրուկ աճեց լարվածությունը եւ հանգեցրեց նոր զինված հակամարտության, որը հայտնի դարձավ որպես Կարգիլի պատերազմ։ Այդ ժամանակ Պակիստանը նոր փորձ նախաձեռնեց Ջամմու եւ Քաշմիր նահանգի նկատմամբ վերահսկողությունը ընդարձակելու համար, որի արդյունքում երկրի զինված ուժերը ներխուժեցին Կարգիլ կոչվող շրջան։ Այս ամենին զուգահեռ ակտիվ պարտիզանական գործողություններ էին սկսել նաեւ Պակիստանի հետ միավորմանը կողմնակից շրջանում գործող մուսուլմանական ռազմականցված խմբավորումները։

Կոշտ դիմադրություն ցույց տալուց հետո հնդկական բանակին հաջողվել էր հետ գրավել հակամարտության առաջին օրերին կորցրած շրջանները, որից հետո պակիստանյան բանակը համաձայնել էր հետեւել հրադադարի նախկին ռեժիմին։

Հնդիկ հրետանավորները Կարգիլի պատերազմի օրերին

Երկու երկրների միջեւ հարաբերություններում նոր լուրջ սրացում տեղի ունեցավ 2001-2002 թվականներին։ Դրա պատճառը 2001 թվականի դեկտեմբերին Դելիում Հնդկաստանի խորհրդարանի շենքի վրա անջատողական խմբավորումներից մեկի հարձակումն էր, որոնք պաշտպանում էին վիճելի տարածքի Պակիստանի հետ միավորման գաղափարը։ Հնդկաստանի իշխանությունները տեղի ունեցածի համար ուղիղ մեղադրեցին Պակիստանին՝ նշելով, որ անջատողականներին աջակցել էր Իսլամաբադը։  Երկու երկրները մասշտաբային զորահավաք կազմակերպեցին, եւ արդեն 2002 թվականի հունվարին սահմանի հնդկական կողմում կուտակված զորքերի թիվը հասել էր 500 հազարի, իսկ պակիստանյան կողմինը՝ 300 հազարի։ Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունների պատմության մեջ սա դարձավ սահմանային ամենամասշտաբային բախումը։ Թեեւ հաջողվեց խուսափել լայնածավալ հակամարտությունից, այնուամենայնիվ սահմանային բախումների հետեւանքով զոհվեց մոտ 3000 զինվոր։ Իրավիճակը կայունացավ 2003 թվականին ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Վերջին տասնամյակում Ջամմուի եւ Քաշմիրի տարածքում հաստատված շփման գծի երկայնքով լարվածության աճ հաճախ է տեղի ունեցել։ Այդ ամենին զուգահեռ շրջանում շարունակում են գործել Պակիստանի հետ միավորման կողմնակից խմբավորումները, որոնց ավելացել են նաեւ իսլամական պետություն ստեղծելու կողմնակից շարժումները։  

2019 թվականին Քաշմիրում 45 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո, որի պատասխանատվությունը ստանձնեց Պակիստանում գործող «Ջայշ-է-Մուհամմադ» խմբավորումը, Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պատասխան հարվածներ հասցրին Պակիստանի տարածքում տեղակայված այս միավորման ճամբարներին։ Իսլամաբադը ռմբակոծությունները որակեց «ագրեսիայի ակտ», իսկ բանակը բերվեց մարտական ​​պատրաստության վիճակի։ Փետրվարի 27-ին Քաշմիրի երկնքում տեղի ունեցավ օդային մարտ, որին մասնակցեցին 8 հնդկական եւ 24 պակիստանյան ռազմաօդային ուժերի կործանիչներ։

Նույն թվականին Հնդկաստանի կառավարությունը վերացրեց Ջամմու եւ Քաշմիր նահանգը՝ դրա փոխարեն ստեղծելով երկու միութենական տարածքներ (դրանցից մեկը պահպանեց Ջամմու եւ Քաշմիր անվանումը, իսկ մյուսը կոչվեց Լադակ), որոնք նահանգներից ավելի քիչ ինքնակառավարման իրավունքներ ունեն եւ այժմ կառավարվում են անմիջապես կենտրոնից։ Կառավարության այս որոշումը Հնդկաստանի գերագույն դատարանը հաստատեց արդեն 2023 թվականին։ 

Պակիստանը դատապարտել է Դելիի այս որոշումը՝  Հնդկաստանին կոչ անելով «դադարեցնել  ու չեղարկել բոլոր անօրինական եւ ապակայունացնող գործողությունները»։ Ավելին՝ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունն անգամ  հայտարարեց, որ Իսլամաբադը «չի ճանաչում Հնդկաստանի սահմանադրության գերակայությունը» տարածքների նկատմամբ։

2020 թվականին սահմանային բախումները հասան ռեկորդային թվի՝ հասնելով 5100-ի։ 2021 թվականի փետրվարին Հնդկաստանի եւ Պակիստանի զինվորականները համաձայնության եկան նոր հրադադարի վերաբերյալ։

 

Boris Ghazaryan
Բորիս Ղազարյան

Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփն «ավելի ու ավելի է հիասթափվում» Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներից․ Սպիտակ տուն
հաջորդը
Ռուսաստանի վրա ճնշումները կշարունակվեն․ Մակրոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն