ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ավելի ու ավելի է հիասթափվում» Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներից, քանի որ ցանկանում է, որ նրանք համաձայնության գան մշտական հրադադարի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ապրիլի 27-ի հանդիպման վերաբերյալ։
«Նա [Թրամփը] ավելի ու ավելի է հիասթափվում երկու երկրների ղեկավարներից եւ ցանկանում է մշտական հրադադար։ Որքանով հասկանում եմ, այսօր առավոտյան Պուտինը առաջարկել է ժամանակավոր հրադադար։ Նախագահը հստակ պարզաբանել է, որ նա ձգտում է մշտական հրադադարի՝ առաջին հերթին սպանությունները կանգնեցնելու եւ արյունահեղությունը դադարեցնելու համար»,- նշել է Լեւիթը։
Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ Թրամփը «մնում է օպտիմիստ» խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցում, սակայն միեւնույն ժամանակ «պահպանում է իրատեսական մոտեցում. երկու առաջնորդները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ իրավիճակից ելք գտնելու համար»։
Հիշեցնենք՝ այսօր՝ ապրիլի 28-ին, Կրեմլը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ ռուսական զորքերը մայիսի 8-ի կեսգիշերից մինչեւ մայիսի 11-ի կեսգիշերը կդադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակի։