• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շատ ուսուցիչներ ձախողվում են

Հասմիկ Բալեյան 15:00 | 23.05.2023
Հասմիկ Բալեյան 15:00 | 23.05.2023

Հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման գործընթացը մեկնարկել է 2021 թվականին՝ որպես փորձնական ծրագիր 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Այդ տարում ատեստավորմանը դիմել էր 1372 ուսուցիչ, որոնցից գործընթացին մասնակցել էր 996-ը: Կամավոր ատեստավորման արդյունքով 644 ուսուցիչ անցել է ատեստավորումը, որոնցից հավելավճար է ստանում 475-ը:

«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի եւ դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ին ընդունված N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն՝ 2022 թվականին ատեստավորումը նախատեսված էր 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: 2023 թվականից ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար, այսինքն՝ այս տարի կամավոր սկզբունքով ատեստավորման կարող են մասնակցել հանրակրթական դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչները։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդել է 30253 ուսուցիչ։

Araxia SvajyanԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ի պատասխան «Ալիք Մեդիայի» գրավոր հարցման, նշել է, որ 2022 թվականին 30253 ուսուցչից կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել 3883-ը, որոնցից 2329-ն է մասնակցել գործընթացին: 1553 ուսուցիչ ատեստավորվել է, իսկ 1090-ի դրույքավճարը բարձրացել է, ցուցաբերած արդյունքին համապատասխան՝ նրանք ստանում են նաեւ հավելավճար։

Ստացվում է՝ 2022 թվականին 30253 ուսուցչից միայն 2329-ն է կամավոր մասնակցել ատեստավորման գործընթացին․ նրանցից 776-ը չի հաղթահարել 60 տոկոսի շեմը։

Ատեստավորումն անցած ուսուցիչներին հավելավճար տրվում է 5 տարի ժամկետով։ Եթե անգամ ուսուցիչը փոխի աշխատավայրը՝ աշխատանքի անցնելով մեկ այլ դպրոցում, այդուամենայնիվ, ստանալու է հավելավճարը։ Ատեստավորման ընթացքում ստուգվում են ուսուցչի գիտելիքները տվյալ առարկայից․ մանկավարժական այլ հմտություններ չեն ստուգվում։

Կառավարության N 596-Ն որոշմամբ սահմանվում է նաեւ ատեստավորման անցկացման կարգը։ Ատեստավորումն անցկացվում է թեստավորմամբ։ Ուսուցիչների ատեստավորման քննության թեստի ուղեցույցերին, աշխատակարգերին կարելի է ծանոթանալ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում։

2023 թվականին ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը մեկնարկել է մարտի 27-ից եւ տեւելու է մինչեւ հուլիսի 15-ը, հետեւաբար 2023-ի ատեստավորման գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կլինի ատեստավորման գործընթացն ամփոփելուց հետո:

«Կամավոր ատեստավորման նպատակն է ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը, ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը եւ հավելավճարի տրամադրումը, ուստի կարգով սահմանված պահանջի համաձայն՝ կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած արդյունքի հիմքով վերջինիս դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200000 դրամ (նախկին 108800 դրամի փոխարեն) մեկ դրույք զբաղվածության համար, ապա դրան գումարվում է համապատասխան չափով հավելավճարը»,- ասում է Արաքսիա Սվաջյանը։

Որոշ ուսուցիչներ թեպետ ատեստավորվում են, այդուամենայնիվ, հավելավճար չեն ստանում։ Դրույքաչափի բարձրացման եւ հավելավճարի ստացման համար անհրաժեշտ է, որ ուսուցիչը բարձր միավոր ստանա։ Կառավարության որոշման համաձայն՝ դրույքաչափի բարձրացման հետ մեկտեղ ստանում են հավելավճար։

1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200000 դրամ, տրվում է նաեւ հավելավճար՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով.

2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200000 դրամ, տրվում է նաեւ հավելավճար՝ աշխատավարձի 40 տոկոսի չափով.

3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200000 դրամ, տրվում է նաեւ հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով.

4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, աշխատավարձը պահպանվում է՝ առանց դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի:

ԿԳՄՍՆ-ից «Ալիք Մեդիային» տեղեկացրին, որ հրապարակման ենթակա չէ, թե ատեստավորված ուսուցիչներից քանիսը քանի տոկոս արդյունք է ցուցաբերել։ Հրապարակվում են միայն ատեստավորում անցած եւ հավելավճար ստացող ուսուցիչների ընդհանուր թվերը։

«Հանրակրթության մասին» օրենքի 25-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) շաբաթական 22 դասաժամ է:

Դիցուք՝ ուսուցիչն աշխատում է մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ։ Ատեստավորվելիս 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում նրա դրույքաչափը կդառնա 200000 դրամ, եւ դրան կգումարվի հավելավճար՝ 200000 դրամի 50 տոկոսի չափով, այսինքն՝ ընդհանուր առմամբ կստանա 300000 դրամ աշխատավարձ (խոսքը գրանցված աշխատավարձի մասին է՝ հարկերը ներառյալ, այսինքն՝ այս գումարից հանվում են եկամտահարկը, սոցիալական վճարը, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարը)։

Կառավարության N 596-Ն որոշման 78-րդ կետի համաձայն՝ ատեստավորման 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման մեկ տարվա ընթացքում։ Նման դեպքերում «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան՝ կազմակերպվում է առարկայական պարտադիր վերապատրաստում: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցիչն ազատվում է աշխատանքից՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 13-րդ մասի:

Ատեստավորման արդյունքով 60 եւ ավելի տոկոս միավոր հավաքած ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել եւ մասնակցել ատեստավորման գործընթացին։ Ըստ այդմ՝

1) նախորդ արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ.

2) նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի հավելավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ.

3) նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով:

Արաքսիա Սվաջյանի համոզմամբ՝ ատեստավորման ծրագիրը հնարավորություն է տալիս ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ: Կամավոր ատեստավորման միջոցով ուսուցչի մասնագիտական աճին նպաստելը կբարձրացնի մասնագիտության գրավչությունը՝ հնարավորինս խթանելով նոր, ստեղծագործ եւ մոտիվացված ուսուցիչների սերնդի զարգացումը:

«Հիմք ընդունելով այս երկու տարվա արդյունքները՝ կամավոր ատեստավորման գործընթացը գրանցել է առաջընթաց եւ շարունակաբար բարելավվելով՝ կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը եւ հավելավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի եւ արդյունավետության բարձրացմանը»,- ասում է Արաքսիա Սվաջյանը։

Gohar BaleyanԵրեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Գոհար Բալեյանն ատեստավորվել է ծրագրի առաջին փուլում՝ քննություն հանձնելով 2021 թվականի սեպտեմբերին: Այժմ նա վարձատրվում է բարձր (200 հազար դրամ) դրույքաչափով․ դրան գումարվել է նաեւ հավելավճար՝ ատեստավորվելիս ցուցաբերած արդյունքին համապատասխան (քանի որ հրապարակման ենթակա չէ, չենք նշում, թե ուսուցչուհին կոնկրետ քանի տոկոս արդյունք է ցուցաբերել ատեստավորվելիս)։

Գոհար Բալեյանը կարծում է՝ ատեստավորման գնահատականն ուսուցչի համար չի կարող լինել ինքնաբավության կամ ինքնագնահատականի անկման պատճառ, քանի որ գրել մասնագիտական թեստ չի նշանակում լավ ուսուցիչ լինել: Ըստ նրա՝ ատեստավորման քննությունը հանձնելիս հիմնականում հաջողում են կրկնուսույցները, որոնք թեստերի տեխնիկային ծանոթ են։

«Այն պարզապես հաստատում է ակադեմիական գիտելիքների առկայությունը, որն իհարկե, կարեւոր է, բայց լավ ուսուցիչ լինելու միակ նախապայմանը չէ։ Բացի այդ՝ երբեմն արագությունը խնդիր է դառնում․ արագ գրելը կարեւոր նախապայման է, մինչդեռ արագությունը ոչ բոլորին բնորոշ հատկանիշ է»,- նշում է ուսուցչուհին։

Գոհար Բալեյանն ասում է՝ իհարկե, հաճելի է կրկնակիից ավելի բարձր աշխատավարձ ստանալ, սակայն նա արդարացի է համարում նաեւ ուսուցչական համայնքի բողոքները ատեստավորման գործընթացի վերաբերյալ, երբ որոշ ուսուցիչներ ասում են՝ ինչո՞ւ պետք է ուսուցչի աշխատավարձն այնքան ցածր լինի, որ ոմանք կամավոր գնան քննություն հանձնելու, որպեսզի բարձր աշխատավարձ ստանան։ Բալեյանն ասում է՝ տարիների փորձ ունեցող ուսուցիչներ կան, որոնք դժգոհ են, որ աշխատավարձի բարձրացման համար «փորձություններ» պետք է անցնեն այն դեպքում, երբ պետական համակարգում շատ դեպքերում պետական պաշտոնյան առանց այդ «փորձությունների» բարձր աշխատավարձ է ստանում։

Siranush GrigoryanԵրեւանի թիվ 190 ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Սիրանուշ Գրիգորյանն ատեստավորվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Ատեստավորումից հետո նա վարձատրվում է բարձր (200000 դրամ) դրույքաչափով․ դրան գումարվել է նաեւ հավելավճար՝ ատեստավորվելիս ցուցաբերած արդյունքին համապատասխան։

Ուսուցչուհին կարծում է՝ ատեստավորումն ուսուցիչների համար ինչ-որ չափով խթան եւ անձնային աճին նպաստող գործընթաց է։

«Իմ փորձով կարող եմ ասել՝ թեստերը լավ էին կազմված, ամբողջությամբ համապատասխանում էին սահմանված չափանիշներին, դպրոցական ծրագրից դուրս այլ հարցեր չկային։ Կարծում եմ՝ այդ հարցերը կարող էին բարդ լինել այն ուսուցիչների համար, որոնք առարկային չեն տիրապետում։ 60 հարց էր, 2,5-3 ժամ էր տրամադրվել թեստերի լրացման համար։ Ես ավելի շուտ ավարտեցի»,- ասում է Սիրանուշ Գրիգորյանը։

Հասարակագիտության ուսուցչուհին կարծում է՝ եթե ուսուցիչը դասավանդում է որեւէ առարկա, ապա պետք է տիրապետի այդ առարկային, պետք է լավ իմանա, հետեւաբար ատեստավորումից վախենալու կամ խուսափելու որեւէ պատճառ չպետք է լինի։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
WhatsApp-ով ուղարկված հաղորդագրությունն այսուհետեւ կարելի է խմբագրել
հաջորդը
Ուկրաինայում պատերազմը սառեցնելու փորձերը սխալ են. Ռիշի Սունակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն