Վրաստանը նախատեսում է կատարել Եվրամիության բոլոր պայմանները եւ 2030 թվականին կմիանա այդ համայնքին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք հավակնոտ ծրագրեր ունենք 2030 թվականին ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման վերաբերյալ։ Սա այն տարին է, որը նշել է [Եվրամիության] առաջնորդ Շառլ Միշելը։ 2030 թվականին Վրաստանն առավել քան պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, քան որեւէ այլ թեկնածու երկիր։ Սա մեր հավակնոտ ծրագիրն է, եւ մենք հավատարիմ ենք բարեփոխումների իրականացմանը եւ այն բոլոր քայլերին, որոնք պետք է ձեռնարկվեն եվրաինտեգրման համար»,-ասել է Կոբախիձեն «Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի» նիստի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։
Փետրվարի 20-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիջը «Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի» նիստից հետո հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե երբ Վրաստանը կկարողանա անդամակցել ԵՄ-ին։ Նա ընդգծել էր, որ Թբիլիսին նախ պետք է կատարի ասոցացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու բարեփոխումները։