Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում «Ալիք Մեդիան», համագործակցելով ՀԿ Կենտրոնի հետ, Վանաձորում անկուսակցական զրույց-քննարկում անցկացրեց։ Հիշեցնենք՝ այս ծրագրի շրջանակում արդեն իսկ երեք քննարկում տեղի էր ունեցել Մասիսում, Գավառում և Երևանում։
Ծրագրի նպատակն է խոսել ժողովրդավարական արժեքների, դրանց գործնական կիրառելիության և օգուտների մասին, ներկայացնել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ` «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Զրույց-քննարկման հատուկ հյուրն էր վրաց քաղաքական-հասարակական գործիչ, իրավապաշտպան Աննա Դոլիձեն։ Նա նախ անդրադարձավ ժողովրդավարության հետ կապված այսօր Վրաստանում առկա խնդիրներին։ «Եթե դուք Վրաստան գայիք երեք-չորս տարի առաջ, մենք կկարողանայինք այնտեղ այսպիսի հանդիպում կազմակերպել, որտեղ կլինեին և՛ տեղացիներ, և՛ արտասահմանցիներ՝ տարբեր աշխարհայացքներով։ Բայց հիմա, եթե ինչ-որ մեկը ցանկանա այսպիսի հանդիպում կազմակերպել, կա՛մ չի կարողանա, կա՛մ էլ, եթե անգամ կազմակերպի, այդ քննարկմանը, ցավոք, երկու-երեք անձ կմասնակցի, որովհետև շատերը կվախենան անգամ ներկա գտնվել նման հավաքի։ Վերջին տարիների ընթացքում ահա այսպիսի փոփոխություն է տեղի ունեցել Վրաստանում»։
Աննա Դոլիձեի համոզմամբ՝ նման բացասական փոփոխությունները մի քանի պատճառ ունեն։ Այդ պատճառներից մեկը դատական համակարգի անկատարությունն է։ Ըստ վրաց իրավապաշտպանի՝ այժմ Վրաստանում դատական համակարգի 90 տոկոսը ենթարկվում է կառավարությանն ու օլիգարխներին։ Ավելին՝ այս խնդիրները միանգամից չեն առաջացել․ դրանք ի հայտ են եկել դեռեւս Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին։ «Սաակաշվիլին եկավ, որոշ դրական փոփոխություններ իրականացրեց․ օրինակ՝ մենք նույնիսկ էլեկտրաէներգիա չունեինք, երկրում չէին գործում պետական համակարգի մի շարք ինստիտուտներ եւ այո՛, նա կարողացավ այդ հարցերը լուծել։ Բայց նրա կառավարման տարիներին առաջացան խնդիրներ, որոնք մինչ օրս առկա են․ Սաակաշվիլին ուզում էր վերահսկողության տակ պահել դատավորներին, երբ մինչև այդ մեր դատավորները, կարելի է ասել, կիսաազատ էին, այսինքն՝ նրանցից ոմանք կենթարկվեին կառավարությանը, եթե իրենց վճարեին։ Իսկ Սաակաշվիլիի իշխանությունը եկավ ու ձերբազատվեց այն դատավորներից, որոնք անկախ էին։ Հիմնականում մնացին այն դատավորները, որոնք նոր էին նշանակվել։ Աշխատանքի էին վերցնում երիտասարդ, բանիմաց դատախազների, քննիչների, դատավորների, որոնց նկատմամբ կառավարությունն ուներ ոչ թե մասնակի, այլ լիակատար վերահսկողություն»,- պատմեց Դոլիձեն։
Իրավապաշտպանը մանրամասնեց՝ դրան հաջորդեցին այն դեպքերը, երբ այս կամ այն պաշտոնում նշանակում էին այնպիսի անձանց, որոնք առանձնապես կոմպետենտ չէին, հաջող մասնագետներ չէին։ Իշխանությանը նախ և առաջ պետք էին ոչ թե պրոֆեսիոնալներ, այլ ենթարկվող մարդիկ։ «Ես, օրինակ, վերջերս դատական գործ եմ շահել, բայց ասեմ, որ քաղաքացիական դատավարությանն էր առընչվում գործը։ Այսինքն՝ այն դեպքերում, երբ քաղաքական բաղադրիչ ու շահեր չկան, այսպես ասած՝ սովորական դատական գործեր են, նման դեպքերում դատական գործը կարող է նորմալ ընթանալ ու հանգուցալուծվել։
Իսկ քաղաքականությանը որևէ կերպ առընչվող քրեական գործերը լիովին վերահսկվում են իշխանության կողմից։ Այսինքն՝ թափանցիկություն չկա այս գործերում։ Վերջերս եղած մի դատական գործ եղավ, երբ կառավարությունը դատը շահեց, քաղաքացիները պարտվեցին։ Կամ եղան դատական գործեր, որտեղ օլիգարխը դատը շահեց»։ Ըստ Դոլիձեի՝ Վրաստանում քաղաքացիները դատական համակարգը հանրության համար կարևոր ինստիտուտ չեն համարում, ինչպես օրինակ՝ կրթական հաստատություններն են կարևորում, ինչը` ըստ բանախոսի, մեծ խնդիր է։
Վրաստանում մյուս մեծ խնդիրը ոչ ֆորմալ կառավարություն ունենալն է․ հատկապես կադրային քաղաքականության մեջ ցցուն օրինակներ կան։ «Օրինակ՝ կառավարության ղեկավարը առողջապահության նախարար է նշանակել իր ատամնաբույժին, իր թիկնապահին նշանակել է ներքին գործերի նախարար, մյուս թիկնապահին՝ հատուկ ծառայության ղեկավար, իր իրավաբանին եւս պաշտոն է տվել․․․ և այսպիսի այլ օրինակներ էլ կան։ Սա պարզապես ավտորիտարիզմ չէ, սա նշանակում է իշխանության զավթում»։
Դոլիձեի պնդմամբ՝ Վրաստանի քաղաքական կյանքում վերջին տարիները նշանավորվել են ժողովրդավարության համար ճակատագրական դարձած օրենսդրական փոփոխություններով, որոնք մասնագիտական շրջանակներում հաճախ որակվում են որպես պետության զավթման և ավտորիտարիզմի հաստատման հստակ փորձեր։ 2023 թվականին իշխանությունն առաջին անգամ փորձեց օրինականացնել քաղաքացիական հասարակության վերահսկողությունը։ 2023-ին զանգվածային բողոքի ցույցերը ստիպեցին իշխանություններին ժամանակավորապես հետ կանչել նախագիծը։ Բայց 2024 թվականի մայիսին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, չնայած զանգվածային բողոքի ցույցերին և միջազգային հանրության կոշտ քննադատությանը, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքը։ Այս փաստաթուղթը պարտադրեց արտերկրից ֆինանսավորվող բոլոր հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող գործակալներ»․ սա գործնականում թիրախավորեց երկրի քաղաքացիական հասարակությունը և ազատ մամուլը։
2026 թվականի մարտին Վրաստանում իշխանությունը ձեռնարկեց ավելի կտրուկ քայլեր՝ ուղղված միջազգային դոնորների գործունեության սահմանափակմանը։ Ընդունված նոր կարգավորումների համաձայն՝ արտերկրից տրվող դրամաշնորհները հայտնվեցին կառավարության անմիջական վերահսկողության տակ․ այսուհետ որեւէ միջազգային հիմնադրամ իրավունք չունի ֆինանսավորում տրամադրել տեղական կազմակերպություններին առանց պետության նախնական համաձայնության։ Ավելին, սահմանվեց քրեական պատասխանատվություն այն կազմակերպությունների համար, որոնք կփորձեն շրջանցել այս արգելքը կամ իրականացնել քաղաքական ենթատեքստ ունեցող ծրագրեր։ Այս քաղաքականության հերեւանքով կասեցվեց կամ առկախվեց Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը։
Աննա Դոլիձեն նշեց, որ տեղի ունեցածի պատճառներից մեկն այն էր, որ շատ քաղաքացիներ առանձնապես լուրջ չէին ընդունում այս կամ այն գործընթացը, չէին կենտրոնանում դրանց վրա, և այս անտարբերության ֆոնին տեղի ունեցան նման բացասական շրջադարձային փոփոխություններ։ Զրույցի վերջում Դոլիձեն ասաց՝ հետևելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հարևան Հայաստանը կարող է դասեր քաղել։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին, բանախոսը շեշտեց՝ հարկավոր է հասկանալ՝ ո՛ր թեկնածուին ընտրելու դեպքում երկրում ի՛նչ սցենար կարող է զարգանալ, և հարկավոր է հիշել՝ քաղաքացիներն ընտրությունների միջոցով կարող են կերտել երկրի ապագան, որոշել՝ որ ուղղությամբ է գնալու երկիրը։

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։
