• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Սեփական վախերի ու մոլորությունների հորձանուտում

Վարդան Հարությունյան 11:30 | 15.07.2021
Վարդան Հարությունյան 11:30 | 15.07.2021
lego

Մեր տխուր իրականության մասին գրելիս հաճախ ընթերցողների մի մեծ խմբի բողոքին ես բախվում։ Զանգահարում են, նամակներ են գրում, հրապարակված հոդվածի տակ գրառումներ են անում, պահանջում չցուցադրել տխրեցնող իրականությունը։ Նրանց հիմնական ասելիքն է՝ «մի՛ հուսահատեցրեք մարդկանց», «մեր վարչապետին մի՛ քննադատեք», «մի՛ գրեք, որ պարտվել ենք», «հների աջակից եք դարձել», «մենք չենք պարտվել», «պատերազմը դեռ չի ավարտվել, հաջորդ անգամ կհաղթենք»։

Կարելի էր չնկատել, եթե նման պահանջներ անդեմ ու անանուն զանգվածից հնչեին միայն։ Այդ զանգվածը հայտնի է։ Միշտ էլ ագրեսիվ ու թվաշատ է եղել։ Առաջ, երբ սոցիալական ցանցերը չկային, սրանք իրենց խոհանոցներում էին։ Լավագույն դեպքում կարող էին բակերի զրուցարաններում իրենց ցուցադրել։ Իսկ այսօր լայն հնարավորություններ են բացվել նրանց առջեւ. ցանկացած թեմայով կարող են արտահայտվել, ում հետ ցանկանան, կարող են վիճել, ինչ ցանկանան, կարող են գրել, ում ասես կարող են հայհոյել, երբ ցանկանան, կարող են սեպել իրենց անբեկանելի ճշմարտությունը։

Ցավն այն է, որ ծուռ հայելիների մեր իրականությունն այս անդեմ ու անանուն զանգվածի մեջ է ներառել նաեւ անուն, ազգանուն ու կենսագրություն ունեցող, իրենց դիրքորոշմամբ աչքի ընկած մարդկանց՝ քաղաքացիական ակտիվիստների, հրապարակային դեմքերի։ Մարդկանց, որոնք տարիներ շարունակ ակտիվ են եղել՝ չեն ընկճվել, չեն վախեցել, չեն հանձնվել։

Այս մարդիկ, որ տարիներով հների դեմ են պայքարել, նրանց որպես չարիքի մարմնավորում են դիտարկում, որոնցից մեզ Փաշինյանն է ազատել։ Փաշինյանը հեղափոխություն է արել։ Փաշինյանը քշել է նախկիններին։ Չլիներ Փաշինյանը, նրանք կլինեին։ Ուստի Փաշինյանը դուրս է քննադատությունից։ Եթե նրա հետ միասին ենք եղել 2018-ի ապրիլ-մայիսին, ուրեմն, ինչ էլ պատահի, նրա հետ պետք է մնանք։

2018-ը մեզ ամուր ու մեկընդմիշտ իրար է կապել։ Փաշինյանը խոստանում է պատժել նախկիններին։ Խոստանում է ջարդել անօրեն պետական մեքենան, վերջ դնել կամայականություններին ու կոռուպցիային։ Մինչեւ այսօր հները խանգարում էին։ Այսուհետ խանգարել չեն կարող։ Հաճելի է այս խոստումները լսելը։ Հաճելի է հներին պատժված տեսնելու հույսով ապրելը։

Այս խոստումները բավական են, որ հների վերադարձը Ազգային ժողով չտեսնելու տանք։ Որ չտեսնենք իշխանության գործած ճակատագրական սխալները։ Չտեսնենք պատերազմում արձանագրված մեր պարտությունը։ Որ գերիների գերությունը եւ անհայտ կորածների անհայտությունն արդարացնենք։ Որ անպաշտպան սահմանների ու տարածքային կորուստների վրա աչք փակենք։ Որ իշխանության անկարողության մասին խոսելը հակահեղափոխություն անվանենք։

Թվում էր` մարդկանց այս տեսակի համար պետությունը, պետականությունը, երկրի տարածքը պետք է անսակարկելի լինեին։ Բայց խառնվել են այսօր առաջնահերթությունները։ Վրեժի զգացումը, իրենց ապրածն ու կորցրածը փոխհատուցված տեսնելու մղումն առաջնային են։ Թելադրողն ու տանողը սեփական վախերն են՝ կգան հներն ու հին ժամանակները կբերեն։ Իրենց հույսերը չեն արդարանա։ Իրենց վրեժն անկատար կմնա։

Չեն ցանկանում ընդունել, որ հեղափոխությունը, որով իրենք ապրում են, վաղուց չկա։ Որ հաղթանակից անմիջապես հետո այն իշխանափոխության է վերածվել։ Չեն ցանկանում հասկանալ, որ իրենց իմացած Փաշինյանը, որ կար 2018-ի այդ մի քանի օրերին, որ ոգեւորում ու տանում էր իրենց, չկա այլեւս ու չի էլ լինելու։ Չեն ցանկանում տեսնել, որ հները վաղուց են վերադարձել։ Որ վերջին երեք տարիներին նրանք են քաղաքական օրակարգ թելադրել, իսկ այսօր պառլամենտում են արդեն։ Փակել են իրենց աչքերն այս մարդիկ, չեն ցանկանում ցավեցնող իրականությանն առերեսվել: Կրկնում ու կրկնում են. «Հանգի՛ստ թողեք մեզ։ Մեզ ցավեցնող ճշմարտություններ մի՛ ասեք։ Օրորե՛ք մեզ քաղցր ստով։ 2018-ի հեղափոխության մասի՛ն գրեք։ Պատմե՛ք մեզ մեր անցած հաղթանակների մասին։ Մեր այսօրվա պարտությունը որպես ժամանակավոր, շտկելի ու անցողիկ մի դրվա՛գ ներկայացրեք։ Մենք հպարտանալ ենք ցանկանում։ Ծովից ծովի մասին պատմություններ ենք ուզում։ Ասե՛ք, որ Շուշին մերն է լինելու։ Քուռ-Արաքսյան պետությունի՛ց խոսեք, որ վաղը գալու է։ Գրե՛ք, որ անպարտելի է մեր բանակն ու հաղթական։ Նախիջեւանի՛ց գրեք, որ Լեւոնն ազատագրել չթողեց։ Գրե՛ք, որ Քուռ գետում լվանալու ենք մեր տանկերի թրթուրներն ու առաջ ենք գնալու»։

․․․Իսկ մենք պատվերով հոդվածներ չենք գրում։ Մեր նպատակը մեր այս տխուր ու ցավեցնող իրականությունն ի ցույց դնելն է։ Ցավն է, որ պետք է սթափեցնի։ Վախենո՞ւմ եք ցավից, խուսափո՞ւմ եք ցավից, սթափվել չե՞ք ցանկանում, հեղափոխական պատրանքներով ապրե՞լ եք ուզում, ձեր մոլորության մեջ եւ անհայելի իրականությունում ձեզ հարմարավե՞տ եք զգում՝ մի՛ կարդացեք։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հռոմի պապը վերադարձել է Վատիկան
հաջորդը
ԱՄԷ-ն դեսպանատուն է բացել Իսրայելում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն