Ստամբուլի Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցը նոր ուսումնական տարին սկսել է 75 աշակերտներով: «Ալիք Մեդիա»-ն այս մասին տեղեկացավ դպրոցից, որը նոր ուսումնական տարին Թուրքիայում ամենավաղն է սկսել՝ հետեւելով Հայաստանում սկսվող ուսումնական տարվա ժամկետներին: Դպրոցում սովորում են Ստամբուլում արտագնա աշխատանքով զբաղվող հայաստանցիների երեխաներ: Այն հիմնվել է 2003-ին, 2010 թվականից կոչվում է հրապարակախոս Հրանտ Դինքի անունով։ Դպրոցը Թուրքիայում պաշտոնական կարգավիճակ չունի, գրանցված չէ, սակայն իշխանությունները, տեղյակ լինելով նման կառույցի գոյությանը, չեն խոչընդորտում: Հրանտ Դինքի անվան դպրոցում ուսումնական պրոցեսն անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ծրագրերով, արեւելահայերենով, իսկ աշակերտների ավարտական վկայականները վավերացվում են Հայաստանում:
Դպրոցում գործում է մանկապարտեզ, նախակրթարան եւ միջնակարգի բաժին, այս տարի 22 մանկապարտեզի սան կա, իսկ նախակրթարանի ու միջնակարգի դասարաններ է հաճախում 53 հայաստանցի աշակերտ։ Նրանք այս դպրոցում սովորում են վճարովի (ամսական մոտ 70 ԱՄՆ դոլար վարձավճարով), դպրոցի մյուս ծախսերը հոգում են բարերարները, դպրոցին տարածք է տրամադրել Ստամբուլի Գետիկփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցին, որի ներքնահարկում էլ գործում է դպրոցը: Հայաստանի կրթական համակարգի հետ կապի փաստաթղթային հարցերում աշակերտներին աջակցում է պատրիարքարանը:
Իններորդ դասարանն ավարտելուց հետո աշակերտներն իրենց ուսումը շարունակում են հիմնականում Հայաստանում, քանի որ դպրոցի վկայականը վավեր է միայն Հայաստանում: Դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը նույնպես հայաստանցիներ են:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։