• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱրտաքինՔաղաքականություն

Քաղաքական պատվաստումներ Սոչիում

Վահրամ Աթանեսյան 11:30 | 02.10.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 02.10.2021
Putin & Erdogan

Լրատվամիջոցները հատուկ ուշադրության են արժանացրել Սոչիի նստավայրից Էրդողանին ճանապարհելիս Վլադիմիր Պուտինի՝ թուրք պաշտոնակցին արած առաջարկությանը, թե արժե, որ նա կորոնավիրուսից ապահովագրվելու համար վերապատվաստվի ռուսական «Սպուտնիկով»։ Դրան Թուրքիայի նախագահը պատասխանել է, թե արդեն երրորդ, բայց ոչ ռուսական պատվաստանյութի, չափաբաժինն է ընդունել: «Այդ դեպքում՝ հաջորդ անգամ»,- խոսակցությունը լայն ժպիտով փակել է Ռուսաստանի նախագահը, եւ Էրդողանը լռել է:

Այդ մակարդակի շփումներում ցանկացած մանրուք առանձնակի իմաստ ունի: Այս դեպքում, կարելի է վստահաբար ասել, որ երկխոսությունը բնութագրել է բանակցությունների բարդությունը. Էրդողանը ռուսական «պատվաստանյութ դեռեւս չի ընդունել»: Նրա համար, սակայն, այդ հնարավորությունը մնում է բաց:

Независимая газета-ն Պուտին-Էրդողան հանդիպումը բնորոշել է «Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի ստվերի տակ անցած»: Իսկ Московский комсомолец-ը բաց տեքստով ձեւակերպել է, որ անցյալ աշնանը Թուրքիան եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում «կանգնել են սահմանագծի վրա, որից այն կողմ Ռուսաստանը նրանց քաղաքավարի խնդրել է առաջ չշարժվել»: Այս համատեքստում, անշուշտ, քառասունչորսօրյա պատերազմի մասին Հայաստանում՝ դավադրապաշտական, Ադրբեջանում՝ էյֆորիկ դատողությունները, մտավարժանքները եւ ապագայի շուրջ կանխատեսումները ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլեւ, կարելի է ասել, իրավիճակին ադեկվատ:

Regnum-ի Բաքվի թղթակիցը սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից գրառումների «փունջ» է ներկայացրել, որտեղ իշխող վերաբերմունքն այն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերջնականապես լուծված չէ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ, եւ իշխանությունները չունեն ապագայի հստակ տեսլական: Ադրբեջանցի օգտատերերն այս կամ այն սցենարը գերազանցապես պայմանավորում են ռուս-թուրքական հարաբերություններով: Իսկ դրանք, ինչպես ակնհայտորեն ցույց տվեց Պուտին-Էրդողան հանդիպումը, բոլորովին էլ անամպ չեն՝ մեղմ ասած:

Այս իմաստով գրեթե բոլոր մեկնաբանություններում մի տեսակետ է գերիշխում՝ Էրդողանի համար մեկ առաջնահերթություն կա՝ Սիրիան, սիրիական Իդլիբը՝ վերջին տեղաշրջանը, որ Բաշար ալ-Ասադի զորքերի վերահսկողությունից դուրս է:

Независимая газета-ն ոչ պաշտոնական տեղեկություն է տարածել, որ Սոչի ուղեւորության ընթացքում Էրդողանի հետ է եղել Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության տնօրենը: Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ սիրիական բանակը պատրաստվում է գրոհելու Իդլիբը: Առանց ռուսական աջակցության այդ ենթադրյալ հարձակումը հաջողության ոչ մի հեռանկար չունի: Մեծ է հավանականությունը, որ թուրքական հատուկ ծառայության տնօրենը Իդլիբը գրոհելու՝ ռուս-սիրիական համատեղ նախապատրաստությունների մասին հետախուզական տեղեկությունների «թղթապանակ» ունի, որը Սոչի է հասցվել՝ որպես ապացույց, որ Ռուսաստանը «չի կատարում երկկողմ համաձայնություններով ստանձնած պարտավորությունը»:

Դա է հուշում ՌԴ արտգործնախարար Լավրովի ակնարկը, որ Իդլիբում Թուրքիան «մեղսունակ ընդդիմադիրներին չի առանձնացրել ծայրահեղական իսլամիստներից»: Խոսքը Սիրիայի կառավարությանն ընդդիմադիր ուժերի եւ ահաբեկչական խմբավորումների տարանջատման մասին է, որ պետք է աներ Թուրքիան՝ Իդլիբի շրջանում իրավիճակը կառավարելի պահելու համար:

Անցած օրերին Ռուսաստանի ռազմատիեզերական օդուժը ծանր հարվածներ է հասցրել Իդլիբում գործող իսլամական ահաբեկիչների հենակետերին: Թուրքիան համարում է, որ դա աջակցություն է Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում քրդական ուժերին, ինչն, ըստ Էրդողանի, վտանգում է Թուրքիայի սահմանները եւ սպառնում տարածքային ամբողջականությանը:

Եթե զուգահեռենք այս իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համագործակցության «կայունացնող» գործոնի մասին Վլադիմիր Պուտինի դիտարկումը, ապա հասկանալի կդառնա, որ ԼՂ-ում անցյալ աշնանը Ռուսաստանի «քաղաքավարի խնդրանքով» ձեւավորված ռուս-թուրքական «մրցակցային համագործակցության սահմանն» այն կարմիր գիծն է, որ Թուրքիան երբեք չպետք է անցնի:

Որոշ առումով կա հավանականություն, որ դրա փոխարեն Ռուսաստանը կարող է հասկանալ Սիրիայի հյուսիսի նկատմամբ Թուրքիայի առանձահատուկ հետաքրքրությունը՞ Մյուս կողմից, սակայն, Սիրիայի նախագահի հետ ինքնամեկուսացումից կարճ ժամանակ առաջ հանդիպմանը Պուտինը հստակ ձեւակերպել է, որ արաբական այդ երկրում առանց ՄԱԿ-ի մանդատի եւ Բաշար ալ-Ասադի կառավարության համաձայնության գտնվող օտար բոլոր զինված ուժերը պետք է հեռանան: Ռուսաստանը նաեւ պնդում է, որ դեկտեմբերին տեղի ունենալիք ընտրություններից հետո օտարերկրյա զինուժը պետք է հեռանա Լիբիայից:

Ըստ երեւույթին, հունիսի կեսերին Ժնեւում ՌԴ-ԱՄՆ բարձր մակարդակի բանակցություններում ոչ միայն Աֆղանստանի, այլեւ Մերձավոր Արեւելքի հարցերով նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այս վարկածի օգտին անուղղակի վկայում է ԱՄՆ նախագահի կողմից Էրդողանի հետ հանդիպման առաջարկի շատ չոր մերժումը:

Եթե փորձենք համադրել, կստացվի, որ Թուրքիան կա՛մ ստիպված կլինի ընդունել սիրիական կարգավորման նախագիծը, եւ Մերձավոր Արեւելքում կունենանք հարաբերական-կայուն եւ կանխատեսելի նոր իրավիճակ, կա՛մ կփորձի Հարավային Կովկասում «խաղաքարտեր խառնել»՝ գնալով հավելյալ լարվածության: Ավելի պարզ ասած՝ կա՛մ Մերձավոր Արեւելքը գոնե ֆորմալ առումով կխաղաղվի, կա՛մ Հարավային Կովկասը կխրվի «սիրիականացման ճահճում»:

Թուրքիայի որոշման վրա, ամենայն հավանականությամբ, ազդեցություն կունենա նաեւ արտգործնախարարների մակարդակով Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումը: Եթե հաջողվի հաղթահարել սուր տարաձայնությունները, եւ նախանշվի Ռեիսի-Էրդողան-Ալիեւ գագաթնաժողով, ապա Հարավային Կովկասը, հավանաբար, կմտնի նոր դիմակայության փուլ: Ցավոք, հայկական արտաքին քաղաքական, փորձագիտական եւ վերլուծաբանական դիսկուրսը, կամա թե ակամա, էական չէ, առայժմ շրջանցում է խորքային տեղաշարժերի եւ դրանց հակազդելու կամ ներգրավելու հավանականությունը, իսկ քաղաքական դասը՝ մնում Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք պարզունակ երկընտրանքի պարտադրած փակ շրջանում:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թաթուլ Հակոբյանի զրույցը Սիմոն Մաղաքյանի հետ
հաջորդը
«Խեբարի նվաճողները» Ադրբեջանի սահմանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն