• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ֆարսի վերածված ողբերգություն

Վահրամ Աթանեսյան 11:30 | 05.10.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 05.10.2021
Press Armenian general

Ինչ-որ մեկն իր համար հայտնագործել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարն ազգությամբ հայ է: Եվ սոցիալական ցանցերում հայտնվել է «տեսանյութ, որտեղ նա, իբր, ասում է, թե հինգ օր ժամանակ է պետք, որ վերստին ազատագրի ամբողջ Արցախը»:

Հետեւում են հիացական բացականչություններ եւ, իհարկե, դժգոհություն, թե Հայաստանի կառավարությունն ինչու նրան շտապ չի հրավիրում, որպեսզի իրականանա բոլոր հայերի բաղձանքը:

Անլրջությո՞ւն է: Ո՛չ, ողբերգություն է, որ կարող է վերջնականապես ամբողջանալ, եթե ֆարսը շարունակվի եւ ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց համար դառնա կենսակերպ՝ հավերժական սպասում, որ, ահա, կգա Սուրբ Գեւորգը եւ նիզակի շեշտակի հարվածով կխոցի օձագլուխ հրեշին: Իսկ եթե այդպես չլինի, հայ մարդը կհավաքի ճամպրուկները, կհեռանա Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա: Թեկուզ՝ Մոզամբիկ, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի ապրել մի երկրում, որը թուրքին ծնկի չի բերում:

Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան հարթակում արցախահայուհի մտավորականն ինձ ասաց, թե այստեղ ապրելու իմաստ այլեւս չի տեսնում եւ բացատրեց. «Որովհետեւ չգիտեմ, թե ինչ կարգավիճակ ունենք»: Հարցիս, թե մինչ քառասունչորսօրյա պատերազմ տեւած քսանվեց տարիներին ինքը համոզվա՞ծ էր, որ Արցախի խնդիր չկա, մենք այն վերջնականապես լուծել ենք, ստացա դրական պատասխան:

Նա իմ սերնդի մարդ է, բանասիրական գիտությունների թեկնածու եւ, ինչպես նախկին ուսանողուհիներից մեկն էր մեր երկխոսությանը մեկնաբանություն գրել, ստուգարք-քննություններին ավելի շատ պահանջել է Նժդեհից մեջբերում անել, քան պատասխանել տոմսի հարցերին: Նժդեհի ֆետիշացումը եւ ՆԱՏՕ-ական հայազգի գեներալից ակնկալիքները նույն մեդալի երկու տարբեր կողմերն են:

Եվ ես հիշեցի հեռավոր 80-ականների վերջը, երբ մարդիկ գոնե Ստեփանակերտում ոգեւորված էին, որ Կալիֆոռնիայի հայազգի նահանգապետն, ահա, կհանդիպի Գորբաչովին, եւ ԼՂ հարցը կունենա մեզ համար ցանկալի լուծում: Անցած մոտ քառասուն տարում մենք չենք փոխվել: Այլապես ֆեյսբուքյան բանավեճի մեկ այլ «պատմագետ» ինձ չէր ասի, որ Սարդարապատում Օսմանյան կայսրությանը հաղթել էինք, բայց ապաշնորհ քաղական գործիչները չկարողացան հասնել դիվանագիտական հաջողության, արդյունքում ունեցանք «Բաթումի խայտառակ պայմանագիր»: Եվ օրվա իշխանության քարոզիչ «քաղաքագետը» նախագահ Տեր-Պետրոսյանին չէր մեղադրի «հրադադարը կապիտուլյացիայի չվերածելու» մեջ:

Ահա այսպես՝ Թուրքիան Ուկրաինայի հետ է, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասում է, թե իր երկիրը Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի չի աջակցում, այլ փորձում է կողմերին բերել հաշտության կամ գոնե հանդուրժողականության, Ադրբեջանը միշտ Իսրայելի հետ է, բայց հայ մտավորականը, միեւնույնն է, վարկածում է, որ Հայաստանի «կործանումը Ռուսաստանը եւ Ուկրաինան զավթելու թուրք-ջհուդա-մասոնական ծրագիր է, որի սպասարկուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է»:

Նոնսենս չէ՞, երբ Լեռնային Ղարաբաղ ազատագրած, անվտանգության գոտի ձեւավորած եւ խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման լրջագույն հիմքեր ձեւավորած նախագահին նման վերագրում է արվում: Իհարկե, բայց դա՝ բանական մարդու հայացքով: Իսկ մեզանում առաջին հերթին հենց բանականության, տրամաբանության, աշխարհընկալման սով է: Ողջախոհության սով:

Մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը մեր ներսում է՝ հոգեխանգարմունքը, երբ դեռ պաշտելի է Անհատը, Նվիրյալը, Վճռական մենակը: Հայի ֆենոմենացումը, երբ չես կարողանում հասկացնել, որ, ախր, հայ էր նաեւ Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Նորատունկյանը, բայց նրա եւ ցարական ներքին գործերի նախարար Լորիս-Մելիքովի միջեւ ոչ մի տարբերություն չի եղել: Երկուսն էլ ծառայել են կայսրությանը, նրա շահերին: Եվ եթե վաղը Թուրքիայում մի հայ նախարար կամ Էրդողանի խորհրդական նշանակվի կամ Ռուսաստանում՝ նահանգապետ, ոչինչ չի փոխվելու: Հայաստանի խնդիրները պետք է նրա իշխանությունը լուծի՝ քաղաքացիների կամքով:

Մենք քաղաքական-քաղաքացիական հանրությո՞ւն ենք, թե՞ ծխական համայնք: Թե՞ անգամ այդ հավաքականությունն ենք կորցրել եւ այլեւս մեր ներսում ոչ մի հեղինակություն չենք ճանաչում: Մենք ողբերգությունը ֆարսի վերածելուն շատ մոտ եւ այդքանով էլ չափազանց վտանգավոր իրավիճակում ենք:

Հավատալ, որ ՆԱՏՕ-ական հայազգի գեներալը կարող է վերահաստատել 1994-ի սահմաննե՞րը: Ոչ միայն հավատալ, այլեւ սադրել-տարածել նման մտայնությո՞ւն։ Այն էլ 21-րդ դարի երրորդ տասնամյակո՞ւմ: Բայց ի՞նչ ասես ֆեյսբուքյան օգտատերերին, եթե իրեն քաղաքական գործիչ կամ փորձագետ-վերլուծաբան համարողն էլ մյուս կողմից է «ավետիս անում», թե Իրանը «կգա եւ տաք արճիճով կբացի Գորիս-Կապան մայրուղին»: Նրա ուղեղին, երեւի, հասու չէ, որ դրանից հետո Իրանը չի հեռանա Սյունիքից: Եվ՝ որ ի՞նչ տարբերություն, թե ով է քո երկրում «միջանցք» կառավարում՝ ռո՞ւսը, թո՞ւրքը, թե՞ պարսիկը: Քո երկրում եթե նույնիսկ «միջանցք» պիտի բացվի, հսկողությունը դու պիտի իրականացնես: Մյուս բոլոր տարբերակները քո հաշվին են, եթե ոչ՝ քո դեմ:

Ստիպված էի Ֆեյսբուքում խորհուրդ տալ, որ մարդիկ կարդան առաջին նախագահի հրաժարականի տեքստը: Այնտեղ ամեն ինչ, որ հիմա իրողություն է, կանխատեսված-հուշված է, զգուշացված, թե ինչ է հետեւելու, եթե խաղաղության հաստատման ամենաօպտիմալ հնարավորությունը բաց թողնվի: Տարածքի եւ մարդկային կորուստները փոխհատուցելի են, անդառնալին ողջախոհության հոգեխանգարմունքի փոխակերպումը կլինի՝ որպես պետական կազմաքանդման մեխանիզմ: Իսկ երբ մեխանիզմը լինի, այն գործի դնելը՝ Կովկասից հայ ինքնության օտարումը, կվերածվի տեխնիկայի, ժամանակի եւ թշնամու ցանկության հարցի:

Կուզենան՝ կհանդուրժեն, որ Հայաստանն անվանական պետություն լինի, չեն ուզենա՝ կվերածեն «Երեւան քաղաք-ինքնավարության»: Շատ հնարավոր է՝ ՆԱՏՕ-ի կամ ռուսական կամ թուրքական կամ պարսկական բանակի մի հայազգի գեներալի ձեռքով կամ բոլոր կողմերի հայազգի գործիչների «օրհնյալ» համաձայնությամբ: Մինչեւ ինքնաոչնչացման ականի թայմերը չկանգնեցվի, որեւէ խնդիր չի լուծվելու: Ո՞վ կկանգնեցնի:

Մի քանի օր առաջ գրել էի, որ փորձառու քաղաքական գործիչներ, դիտողունակ փարձագետ-վերլուծաբաններ կան մի քանի կուսակցություններում, եւ շատ կուզեի նրանց տեսնել նույն հարթակում նույն նպատակին ծառայելիս: Ֆեյսբուքահայության մեծամասնությունը պարզապես մերժելով մերժեց գաղափարը, նույնիսկ ծաղրեց: Ամենամեծ սպառնալիքն, ահա, ֆարսի վերածված այս ողբերգությունն է:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքական զnրքերը պետք է հեռանան
հաջորդը
Համաշխարհային մասշտաբի տեղային խափանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն