• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Էնջի Պողոսյան․ Ես ստեղծում եմ

aliq 15:00 | 19.03.2022
aliq 15:00 | 19.03.2022

«Մարդ պետք է ունենա առնվազն մի տեղ՝ ջարդված սիրտը նորոգելու»։ Էնջին իր համար գտել է այդ տեղը, գտել է նյութը, բովանդակությունը։ Նա նաեւ վերամշակում է իրերը, դրանք համադրում կավից սարքած իր աշխատանքների կամ հայելիների հետ, որոնք հետո դառնում են արվեստի գործեր եւ վաճառվում։

«Համոզված եմ, որ ապրելու համար պետք է պատմություններ պատմել»․ սա քո հաճախ հանդիպող մտքերից է։ Ի՞նչ պատմություն է հասունանում քո մեջ հիմա։

Վերջին շրջանում պատմություններիս առանցքում մայրս է, նա ինձ շատ է ոգեշնչում։ Մոտ երեք տարի է, ինչ տեղափոխվել է Ֆրանսիա՝ նոր կյանք սկսելու։ Արդեն ֆրանսերեն ազատ խոսում է, ունի տեղացի ընկերներ, այցելում է թանգարաններ, թատրոններ, զբաղվում է ինքնակրթությամբ։ Եվ այս ամենը՝ 40+ տարիքում, մի բան, որը հաճախ չես հանդիպի, հատկապես մեզ մոտ։ Հայաստանում մարդիկ իրենց կյանքն ավարտված են համարում հաճախ անգամ 30-ից հետո, ինչը ցավալի է։ Մամաս ցույց է տալիս, որ ցանկացած տարիքում կարելի է փոխել կյանքը, սկսել նոր էջից։

Angie PoghosyanԴեռ չգիտեմ՝ այս պատմությունն ինչ ֆորմատով եմ պատմելու, բաց դա անպայման մի օր աշխարհ պիտի գա։ Առհասարակ, ինձ շատ է ոգեշնչում մայրության թեման, ամենուր տեսնում եմ մայրության ձգվող արմատները։ Ինքս շատ եմ ուզում բալիկ ունենալ։ Դեռ չեմ պլանավորում, բայց բալիկս արդեն կա իմ ներսում՝ որպես պատմություն։ Շատ հստակ զգացողություն ունեմ, որ կա առնվազն մեկը, որը սպասում է իմ միջոցով աշխարհ գալուն, սպասում է, որ ես կլինեմ իր մաման։

Ո՞ր գործդ է ամենաշատը պատմում քո մասին։

Իմ գործերից յուրաքանչյուրն ինձնից մասնիկ ունի․ դրանք չեն կարող չպատմել իմ մասին։ Ամենաշատը, հավանաբար, պատմում են այն գործերս, որոնք ծովի թեմայով են։ Միշտ կա այդ ակցենտը։ Ջուրն ինձ շատ է ոգեշնչում, եւ այն, ինչ կապված է ջրի հետ, նաեւ իմ մասին է։

Որտեղի՞ց ես սկսում դու։

Իմ սիրուն ու բարդ մանկությունից՝ լի հոգեկան տրավմաներով (անխուսափելի), բայց թեւավորող, ամրացնող ու ոգեշնչող դրվագներով նաեւ։ Ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել երկու տատիկներս, մեկն ինձ տարել է դեպի գիրքն ու խաղաղությունը, մյուսը՝ դեպի հողը, ստեղծագործական մտքի ազատությունը։ Իմ էության մեծ մասը ծեփված է տատիկներիս ձեռքերով։ Մանկությանս մի զգալի մասն անցել է մեր չքնաղ գյուղում, եւ դա հրաշալի է։ Հրաշալի է շփվել հողի ու ջրի հետ, քաղաքային միջավայրից կտրված լինել, բնությանը շատ մոտ ապրել։ Ահա այդտեղից սկսվում եմ ես։

Ինչպե՞ս ես ինքնամաքրվում։

Առաջին հերթին խեցեգործական իմ ստուդիա գնալով։ Մոզաիկաներս պատրաստում եմ տանս արվեստանոցում, բայց կավը, որը դարձել է իմ աշխարհի անբաժան մասը, «Տեռակոտայում» է։ Վերջինս շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, անչափ սիրելի տեղ է, իմ դրախտն՝ արդեն չորս տարի։ Ինչ տրամադրությամբ էլ գնամ «Տեռակոտա», այնտեղ միշտ խաղաղվում եմ։ Հաճախ ասում եմ՝ մեր ստուդիան մի մեծ լոգարան է, որը քեզ վերցնում-մաքրում է, եւ ամեն ինչ տեղն է ընկնում։

Angie Poghosyan

Իսկ մինչեւ կա՞վը։

Գրադարանը։ Ընդհանրապես սիրում եմ գրադարանային մշակույթը։ Հիմա շատ ընդունված է գիրք գնելը, նվիրելը։ Բայց ես սիրում եմ գիրքը գրադարանից վերցնել։ Գրադարան գնալը եւս թերապիայի մի տեսակ է, հատկապես այն գրադարանը, որից օգտվում եմ 8 տարեկանից։ Այնտեղ ինձ ընդունում են գրկաբաց ու ջերմ՝ մաքրելով գլխիս հավաքված բոլոր սեւ ամպերը։

Իսկ ծո՞վը, որի մասին այդքան խոսում ես, եւ որն այնքան շատ է քո աշխատանքներում։

Դա իմ ցավոտ տեղն է՝ Երեւանն անծով քաղաք է։ Բայց շուտով տեղափոխվելու եմ Նյու Յորք, եւ այդ բացն այլեւս չի լինի՝ օվկիանոսն ինձ մոտ կլինի, մեծ ջրի կարոտ չեմ ունենա։ Ես իմ իդեալական կյանքը հենց ծովի մոտ եմ պատկերացնում՝ ամուսնուս եւ երեխաներիս հետ։

Ինչպե՞ս ես պատկերացնում քո հաջորդ կյանքը։

Մեծ հույս ունեմ, որ այն այլեւս այս մոլորակի վրա չի լինի։ Զգացողություն ունեմ, որ կան ավելի լավ իրականություններ։ Ուզում եմ հավատալ, որ իմ մի մասը կապրի գործերիս մեջ, իսկ մի ուրիշ մաս կթափառի ու լավ բաների ականատես կլինի։

Այս մարմինը նրա համար է, որ կարողանանք մասնակից լինել կյանքին, ինքներս ինչ-որ բան անենք։ Ուզում եմ սա մասնակից լինելու իմ վերջին կյանքը լինի։ Հետո ուզում եմ պարզապես տեսնել։

Քո էջում գրել էիր, թե ինչ-որ ժամանակ գնում էիր կավի, երբ կարծում էիր, որ արժանացել ես այդ հաճույքին։ Ինչպե՞ս էիր արժանանում։

Կար մի երկա՜ր շրջան, երբ ես չէի էլ պատկերացնում, որ արվեստը կդառնա կյանքիս ամենակարեւոր բաղադրիչը։ Այդ ժամանակ կավի հետ աշխատանքն ինքնամաքրվելու եւ հաճույքի համար էր։ Երբ համարում էի, որ արել եմ կարեւոր գործերս, պրոդուկտիվ եմ եղել, ինձ թույլ էի տալիս նաեւ կավի հետ շփվելու հաճույքը։ Հետո իմ կյանքում եղան շատ կարեւոր ու դրական փոփոխություններ, ստեղծագործելը դարձավ ոչ թե պարգեւատրում, այլ ամենօրյա աշխատանք։

Ո՞ր կորցրածներն են «Այն, ինչ երբեւէ կորցրել եմ» գործի մեջ։

Բոլոր այն հնարավորությունները, որոնք կորցրել եմ, բոլոր այն ճանապարհները, որոնցով կարող էի քայլել, բայց չեմ քայլել։

Angie Poghosyan

Ափսոսո՞ւմ ես դրանց համար։

Մինչեւ վերջերս ափսոսանք կար. կարծում էի սխալ տեղում եմ ուսանել, պիտի կիսատ թողնեի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսումս ու գնայի ինձ ավելի հարազատ տեղ։ Բայց հիմա համոզված եմ՝ պիտի լիներ այնպես, ինչպես եղել է։ Դա՛ էր իմ ճանապարհը։ Իմ սիրած ֆիլմերից մեկում ասվում է․ «Մեր կյանքը բաղկացած է հնարավորություններից, նույնիսկ նրանցից, որոնք մենք բաց ենք թողել»։ Պիտի որ Ֆիցջերալդի միտքը լինի։ Իմ կյանքը եւս բաղկացած է բազում բաց թողնված հնարավորություններից, որոնց համար այլեւս չեմ ափսոսում։

Ե՞րբ է աշխարհը հոգ տանում մեր մասին։

Միշտ։ Եվ շատ կարեւոր է զգալը, տեսնելը՝ ինչպես է աշխարհը հոգ տանում մեր մասին։ Հատկապես Հայաստանի պես երկրում ապրելիս շատ հեշտ է հայտնվել այն համոզման թակարդում, որ ամեն ինչ քո դեմ է, ամբողջ աշխարհը քո դեմ է։ Բայց տիեզերքը շատ կարգապահ է։ Տիեզերք ասելով՝ նկատի ունեմ այն, ինչը սկիզբ է տվել կյանքին, աշխարհին, բնությանը։ Այս բոլորում կարգապահություն կա։ Եվ հոգատարությունն այդ կարգապահության կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Երբեմն հենց մենք ենք վերին հոգատարությունը տեղ հասցնողը։ Ինչ-որ մեկը կարիք ունի այդ հոգատարության, եւ աշխարհը մեր միջոցով հոգ է տանում այդ մեկի մասին։

Ի՞նչն է օգնում ավելի վեր լինելու դժվարություններից։

Հավատը, իմ հրեշտակը, սերը։ Սերը ամուսնուս, մամայիս, քրոջս ու կյանքի հանդեպ։

Angie PoghosyanԻնչպիսի՞ն է քո հրեշտակը։

Մի հրաշալի կերպար է, բայց կերպարանք չունի․ ավելի շատ ներկայություն է։ Միշտ զգում եմ, որ ինձ հետ է։ Երբ դադարում եմ իր ներկայությունը զգալուց, ուրեմն շատ վատ հոգեկան վիճակում եմ։ Լինում է, որ կորցնում եմ ինձ հրեշտակիս չզգալու հետեւանքով, թվում է՝ այլեւս չեմ ունենա իրեն։ Բայց հավաքվում եմ՝ հասկանալով, որ կան բաներ, որոնք բոլորովին մենակ պիտի հաղթահարեմ, ինքս պիտի գլուխ հանեմ իմ խնդիրներից ու չեմ նեղանում հրեշտակիցս՝ ինձ ժամանակավորապես մենակ թողնելու համար։ Մարդը մարդ է հենց դրանով՝ ազատությամբ, ինքն իրեն օգնելու, ինքնամաքրվելու, ինքնաբուժվելու կարողությամբ։ Մարդը նաեւ շատ ինքնաբավ է, պարզապես սոցիումը հասցնում է կոտրել աշխարհ եկած ամեն նոր մարդու՝ ապականելով նրան անտեղի վախերով, բարդույթներով, այլ աղբով։

Ո՞րն է քո մեջ արած սիրելի բացահայտումը։

Որ համբերատարությունը ոչ թե այն է, ինչն ի սկզբանե ունենում ես, այլ մի հատկություն, որը հնարավոր է զարգացնել, ու երբ դու զարգացնում ես այն, շատ դռներ ես կարողանում բացել։ Չկա դուռ, որ չբացվի բավականաչափ համբերելու դեպքում։

Համբերությունն ամեն դուռ բացող բանալի է։

Ի՞նչն է քեզ դարձրել համբերատար։

Կավի հետ աշխատանքը։ Կավը շատ ակնհայտ զգում է շտապելդ։ Կավը քեզ չի ենթարկվում, քանի դեռ անհամբեր ես։ Այն ինքն իրենով քեզնից անկախ նյութ է, կարող է ապրել քեզնից առանձին, թե ուզում ես նրան ձեւ ու բովանդակություն տալ, պիտի հասկանաս նրա լեզուն։ Իսկ այդ լեզուն համբերատարությունն է։ Սկզբում ես այն բոլորովին չէի հասկանում, եւ դա շատ ցավոտ էր ինձ համար։ Ուրախ եմ, որ ժամանակի ընթացքում ստացվեց սովորել, հասկանալ։

«In the name of peace» գործը ստեղծել ես, երբ Հայաստանում լայնամասշտաբ պատերազմ էր։ Ի՞նչ մտքեր ու պատմություններ կան այդ շարքում։

Դա կյանքիս ամենածանր էտապն էր․ ոչ միայն պատերազմից էի վնասված, այլ նաեւ անձնական ծանր խնդիրներ ունեի։ Այս շարքի վրա աշխատանքը միակ բանն էր, որ մեղմացնում էր ցավս, տալիս կոտրվածը վերականգնելու ուժ եւ հույս, որ մի օր մի լավ բան կլինի մեզ հետ, մեր երկրի հետ եւ ինձ հետ։

Angie PoghosyanՀիմա ցավալի է տեսնել, որ սպասված վերածնունդը միայն իմ անձնական կյանքում եղավ, բայց մեր երկրում դեռ չկա, թեկուզ տարրական բաների մեջ՝ իրար լսելու եւ իրար մասին հոգ տանելու։ Եթե չենք կարողանում ուժեղ լինել, սիրող պիտի լինենք, հոգատար պիտի լինենք, այսինքն՝ ուժեղ՝ մեր փխրունության մեջ։

Տարբեր թեմաների շուրջ մեր հարցազրույցը, թերեւս, ավարտեմ Էնջիի այս մտքով․ «Անկախ ամեն ինչից՝ կարեւոր է չլինել աշխարհից նեղացած փոքր երեխա, որովհետեւ մարդը պատասխանատու է իր կյանքի համար։ Եվ եթե ինչ-որ պահի մարդու կյանքում բացասականը գերակշռում է, ուրեմն նա ինչ-որ տեղ թողել է դրա սերմերը»:

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տարաձայնություններ Ուկրաինայի ապառազմականացման հարցի շուրջ
հաջորդը
Անհրաժեշտ է հանդիպել եւ խոսել. Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն