• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ՀայաստանՄենք

Սյունիք: Կլինեն փշալարեր ու «մահվան գոտի»

Անուշ Թրվանց 13:44 | 14.12.2020
Անուշ Թրվանց 13:44 | 14.12.2020

Նոյեմբերի 9-ից հետո աննախադեպ վիճակ է ստեղծվել Սյունիքում: «Ալիք մեդիա»-ն Սյունիքում ծագած սահմանային հարցերի եւ դրանց արձագանքների մասին զրուցել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սյունիքի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցի հետ:

— Պարոն Քումունց, Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ նախկին սահմանագծի երկայնքով տեղակայված Սյունիքի բնակավայրերն ի՞նչ վտանգների առջեւ են կանգնած այսօր, իսկապե՞ս վտանգված է Սյունիքի սահմանը, ինչպես այս օրերին խոսվում է: Նոր գծվող սահմանն ուրվագծվո՞ւմ է:

— Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն, ըստ էության, փոխանցվել է Հայաստան եւ տարածաշրջան՝ լայն ընդգրկումով: Մասամբ կամ ամբողջապես չլուծվեց արցախյան խնդիրը, այլ, ընդհակառակը, ձեւավորվեց հայկական մի նոր հարց, որտեղ այլեւս առաջնային են պետականության պահպանումը, հայ բնակչության պաշտպանության ու գոյատեւման հարցերը, արտագաղթի ահազանգը: Ոչ միայն պատերազմից առաջ, այլեւ պատերազմի ընթացքում որեւէ քայլ չի կատարվել դեպքերի հետագա ընթացը կանոնավորելու առումով. նահանջը դարձավ փախուստ, զիջումը՝ անիրավահավասար պայմանագիր, բանակցումը՝ թշնամուն մինչեւ վերջ անձնատուր լինելու պատրաստակամություն: Հաճախ պատերազմի հետեւանքներն ավելի դաժան են, քանի ինքը՝ պատերազմը: Ստորագրված փաստաթղթով չի լուծվել Արցախի խնդիրը, ոչ էլ հիմքեր են ստեղծվել հետագա բանակցային գործընթացների համար: Ավելին, պատերազմի ծավալները մեծացել են՝ հասնելով Հայաստան, մասնավորապես Սյունիք: Գիտեք, ողջ պատմության ընթացքում Սյունիքն ու Արցախը նույն ճակատագիրն են ունեցել: Մեր օրերը բացառություն չեն, եւ Սյունիքն ուղղակի կրելու է պատերազմի ամենամեծ հետեւանքները:

Գալով բուն հարցին՝ նշենք, որ Սյունիքում հիմա գծվելու է ոչ թե հայ-ադրբեջանական սահման, այլ դիրքավորման գոտի՝ կանխատեսելի բոլոր հետեւանքներով: Պատերազմին մասնակից որեւէ կողմ գոհ չէ արդյունքներից, ուստի համարեք, որ պատերազմը չի ավարտվել: Այս դեպքում Սյունիքի քաղաքներն ու գյուղերն իսկապես դժբախտ ճակատագիր կունենան, եթե պետական մտածողությունը չվերադասավորվի: Տա՛ Աստված, որ ես սխալված լինեմ, բայց, հետեւելով այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի համաթյուրքականացման իդեալներին, հիմքեր են ստեղծվում հայտարարելու՝ Սյունիքում պատրաստվե՛ք պատերազմի: Մեզնից անկախ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ արտաքին եւ ներքին հնարավոր ճնշումները չեն կարող դառնալ մեր գոյատեւելու ուղենիշը: Ուստի՝ պետք է կամք դրսեւորենք այս պահին ծառացած խնդիրների պետականաշահ լուծման համար:

Ոչ միայն Արցախի, այլեւ Սյունիքի հետ Ադրբեջանի սահմանները երբեք էլ կանոնավոր չեն եղել (առհասարակ Կովկասն ամենախայտաբղետ քարտեզն ունի, եւ նրա ձեւավորումը չի ավարտվել): Հայկական մամուլն այսուհետեւ ամեն օր գրելու է Սյունիքի սահմաններում պատահելիք դժբախտ դեպքերի մասին: Հիշե՛ք՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես էին թիրախավորվում մեր քաղաքներն ու գյուղերը: Դրա հետեւանքով նախկին սահմանամերձ գյուղերից շատերը դատարկվեցին: Չէի ցանկանա քաղաքականացնել ասվածը, բայց արդյո՞ք արցախյան խնդիրը լուծելու կոչված անձինք մտածել են տարրական անվտանգության գոտու մասին: Ո՛չ: Ո՞րն է սյունեցու անվտանգության գրավականը, կյանքի եւ գոյության աղբյուրը: Մենք շարունակում ենք պարտվել, քանի դեռ չի փոխվել բանակցային կողմերի հոգեբանությունը. Ադրբեջանը մինչ մի նոր պատերազմ սկսելը խոսելու է հաղթողի ու պահանջողի դիրքերից, եւ նույն դիրքերից, փաստորեն, գծվելու են Սյունիքի սահմանները:

— Գյուղական բնակավայրերի ղեկավարները, պատասխանատուները ինչո՞ւ են շտապում եւ փորձում սահմանազատումն իրենք կատարել:

— Ցավոք, առայժմ պետական որեւէ ծրագիր չկա՝ Սյունիքի ապագային վերաբերող: Ես մի առիթով ասել եմ, հիմա հաստատում եմ, որ փաստացի Սյունիքը պետական հոգածությունից դուրս է: Չկան Սյունիքին վերաբերող ապագայի ծրագրեր: Սյունիքից ընտրված պատգամավորների հիմնական մասը, փաստորեն, անհաղորդ է տեղական խնդիրներին եւ տառապում է իշխանություն պահելու կամ իշխանության անցնելու ազգակործան խնդիրներով: Այս անկայունությունը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Համայնքներում ոչ թե սահման են գծում, այլ ընդամենը փորձում են պաշտպանել իրենց, փրկել ամեն մի թիզը, ստեղծել անվտանգության գոտի: Բնակչությունը տեղյակ չէ՝ այդ անիծյալ «հայտարարությունից» բացի գրավոր կամ բանավոր այլ որոշում-համաձայնություն կա, թե՞ ոչ, եւ քանի դեռ բացակայում են պետական ուշադրությունը, պատշաճ տեղեկատվությունը եւ իրազեկումը, համայնքները փորձում են ուղղակի պաշտպանել բնակչությանը: Համայնքապետերի նախաձեռնությամբ հերթափոխով սահման են պահում: Այո՛, իրենք իրենց ընտանիքներն են պաշտպանում, իրենց տներն ու այգիներն են փորձում պահել, բայց արդյոք միջպետական հարցերում իրենք դեր ունե՞ն կամ որեւէ մեկը հարցնելո՞ւ է նրանց կարծիքը սահմանը գծելիս:

— Սահմանազատում կատարելուց հետո մյուս կողմում հայկական գյուղերի ունեցվածք մնալո՞ւ է՝ հողեր, գերեզմաններ եւ այլն:

— Սահմանազատում կատարելուց հետո ֆիզիկական եւ հոգեբանական բարդ իրավիճակներ են ստեղծվելու Սյունիքում: Օրինակ՝ գյուղատնտեսական առումով (մարդկանց հիմնական զբաղմունքն է) Սյունիքում արտադրողականությունը կրճատվելու է մոտ 50-60%-ով: Սյունիքի հիմնական ճանապարհի մեծ մասը հայտնվելու է թշնամու թիրախում, իսկ որոշ կարեւոր հատվածներ ուղղակի ընդհատվելու են GPS-ով առաջնորդվելու դեպքում: Հազարավոր ընտանիքներ արդեն թշնամուն են թողնելու (թողել) իրենց կեցության հիմնական աղբյուրը՝ այգիներ, գոմեր, արոտավայրեր, ձկնաբուծարաններ, ՀԷԿ-եր, անտառային գոտիներ եւ նույնիսկ տներ: Սահմանից այնկողմ՝ մեր հսկողությունից դուրս են մնալու նաեւ մշակութային կոթողներ, սրբավայրեր (օրինակ՝ Մազրայի եկեղեցին, նրա շրջակայքում գտնվող հայկական գերեզմանավայրերը, Լալազարի կամուրջը, նրան հարակից միջնադարյան 7 բերդերից մոտ 6-ը): Ամբողջ Քաշաթաղը պատմական Սյունիքի ամենակենսունակ, բարեբեր գոտին էր: Նրա հարցը առհասարակ բանակցային որեւէ սեղանի չպիտի դրվեր, եւ բոլորս գիտենք, որ Ղարաբաղի՝ գծագրված եւ Ադրբեջանի կազմում ընդգրկված տարածքը խորհրդանշական է, իսկ Քաշաթաղը մինչեւ 1921-ը եղել է Սյունիքի ուղղակի մի հատվածը եւ կրում է պատմական Սյունիքի հոգեւոր եւ մշակութային ժառանգության պատկառելի մասը՝ Ծիծեռնավանք, Քրոնից վանք, մի խոսքով՝ հազարավոր հուշարձան-կոթողներ: Այն պետք է մնար գոնե անվտանգության գոտի: Բայց կարծես այլեւս ավելորդ է սույն հարցերը բարձրաձայնելը, քանի որ Սյունիքի համար հիմա առավելապես ահագնացել է գոյության խնդիրը, որին, ցավոք, սյունեցին անհաղորդ է, բայց որի անմիջական կրողն է: Ես ապավինում եմ սյունեցու մեր տեսակին, որ կոչվում է հայոց ող:

— Ինչպե՞ս են սյունեցիները պատկերացնում կյանքը՝ այդպիսի սահմաններով, ադրբեջանցիների հարևանությամբ:

— Կարճ պատասխանեմ՝ ադրբեջանցիների եւ սյունեցիների համագոյակցությունն անիրատեսական է. այլեւս ԽՍՀՄ գոյություն չունի, կլինեն փշալարեր ու «մահվան գոտի»:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վարչապետը հրաժարական չի տա
հաջորդը
Փոքրիկ արցախցիները ցուցահանդեսի են պատրաստվում

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Մակրոնը մտադիր է հանդիպել Պուտինի հետ

    21:43 | 17.04.2021
  • Օրենքը չի ստորագրելու, ՍԴ չի դիմելու

    20:43 | 17.04.2021
  • 72-ական ժամ՝ միմյանց տարածքները լքելու համար

    19:38 | 17.04.2021
  • 10:10. «Ոչ-ոքի»՝ հօգուտ կայունացման

    17:59 | 17.04.2021
  • Կուբան առանց Կաստրոյի

    17:30 | 17.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 4

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Դեկտեմբերի 2020
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Նյմ   Հնվ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա