Լեռնային Ղարաբաղում (Արցախում) 44-օրյա պատերազմի ընթացքը լուսաբանած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսը ռուսական «Lenta.ru»-ին տված հարցազրույցում հանգամանորեն ներկայացրել է պատերազմի օրերին իր արձանագրածն ու տպավորությունները։
Գոնսալեսը մարտերի թեժ պահին Ստեփանակերտում եւ Արցախի այլ քաղաքներում նյութեր էր պատրաստում իսպանական EFE լրատվական գործակալության, բասկյան Gara թերթի, Ամերիկայի ձայնի, լեհական մի քանի հրատարակությունների եւ լատինամերիկյան մի հեռուստաընկերության համար: Հետխորհրդային տարածքում Գոնսալեսի համար սա առաջին զինված բախումը չէր։ Թղթակիցն աշխատել էր նաեւ Ուկրաինայում՝ ճակատի երկու կողմերում:
«Ալիք Մեդիան» ներկայացնում է ռուսական պարբերականին իսպանացի լրագրողի տված հարցազրույցի առավել կարեւոր հատվածները։
Երեք շաբաթ անցկացրեցի Ղարաբաղում, մարտի վայրեր եմ մեկնել ինքնուրույն եւ հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հետ: Տարածաշրջանն ինձ ծանոթ է. այնտեղ եղել եմ 2013-ին եւ 2019-ին`լուսաբանելու չճանաչված պետությունների ֆուտբոլի առաջնությունը:
Նախ, ես գրեցի հակամարտության երկու կողմերին՝ պարզելու, թե աշխատանքային ինչ հնարավորություններ են պատրաստ նրանք տրամադրել: Ադրբեջանում խուսափողական պատասխանեցին, պարզ դարձավ, որ այցը կազմակերպելը շատ երկար ժամանակ կպահանջի: Հայաստանից պատասխանեցին մի քանի ժամվա ընթացքում, խոստացան տրանսպորտ տրամադրել եւ կորոնավիրուսի թեստ անել, որպեսզի չմնամ ինքնամեկուսացման մեջ:
Պատերազմի մասին իմացել էի դեռ Վարշավայում՝ գործուղման ժամանակ: Այնպես պատահեց, որ ես Ղարաբաղ հասա առանց սարքավորումների։ Իսպանիայում տանն էին մնացել զրահաբաճկոնս, սաղավարտս եւ անհրաժեշտ հագուստներս, դրանք վերցնելու ժամանակ չեղավ:
Խոստացան զրահաբաճկոն տրամադրել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Հարձակումներից մի քանիսի ժամանակ ստիպված էի աշխատել ապաշտպան, մի դեպքում՝ հազիվ փրկվեցի մահից: Իսպանիայի հայկական սփյուռքը միջամտեց, որպեսզի Արցախի Պաշտպանության նախարարությունն ինձ համազգեստ տա:
Բացի այդ, տեղում իմ ընթերցողներն էին շատ օգնում: Պատերազմի սկզբում ոչ մի կապ չկար, իսկ ես չգիտեի՝ ինչպես գումար դնել հայկական համարիս վրա: Ավելի ուշ կարողացա սոցիալական ցանցերում գրառում անել եւ օգնություն խնդրել։ Իմ հայ ծանոթներն անմիջապես հաշիվս լիցքավորեցին: Առաջարկեցի փոխհատուցել ծախսերը, քանի որ ճիշտ չէ որոշակի մարդկանցից ֆինանսավորում ստանալը, նույնիսկ եթե դա հինգից տաս եվրո է, բայց նրանք կտրականապես հրաժարվեցին:
Դոնեցկի հետ համեմատել չի լինի
Առաջին օրերից՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հայտնվել էր ինչպես խորհրդային մոդելի, այնպես էլ թուրքական արտադրության սմերչերի եւ կասետային ռումբերի կրակի տակ։ Ինքս էլ մի քանի անգամ կրակի տակ եմ ընկել: Դրանք արգելված զինամթերք են, ես նրանց նկարները հրապարակել եմ սոցցանցերում:
Ամենաուժեղ տպավորությունը, երեւի, ունեցա Մարտունի քաղաքում: Դա այն օրն էր, երբ վիրավորվեցին Le Monde թերթի ֆրանսիացի լրագրողները: Ես նրանցից 40 մետր հեռավորության վրա էի, երբ արկն ընկավ: Մենք առաջինը եկանք օգնելու. երկու տղա Հայաստանից, Մոսկվացի լրագրող Եվգենի Բուտմանը, մի ֆրանսիացի Le Figaro թերթից եւ ես մեքենայով շտապ տեղափոխեցինք վիրավորներին հիվանդանոց:
Այդ գնդակոծությունը եղավ «Գրադով», 40 հրթիռ արձակվեց քաղաքի կենտրոնի ուղղությամբ։ Այդ օրերին Մարտունին առաջնագծից հինգ-վեց կիլոմետր հեռավորության վրա էր: Այնուհետեւ սպանվեցին տեղի երեք բնակիչներ՝ ոստիկան, քաղաքապետարանի աշխատակից եւ մեկ անհայտ անձ:
Ընդհանրապես, պետք է ասեմ, որ այս պատերազմում՝ համեմատած 90-ականների հետ, այնքան էլ շատ խաղաղ բնակիչներ չեն զոհվել: Տարհանումը լավ էր կազմակերպված: Մարտերի մեկնարկից երկու-երեք շաբաթ անց խաղաղ բնակիչների 70 տոկոսը հեռացվեց տարածաշրջանից:
Լավ աշխատանք կատարեց նաեւ ԼՂՀ օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Գրեթե ամբողջ ժամանակ մարդիկ նստած էին նկուղներում, իսկ քաղաքներում գնդակոծությունների թիրախավորումը նույնը չէր, ինչ, ասենք, Ուկրաինայում:
Ադրբեջանցիները հարվածում էին տներին, բայց այդ հարվածների ուժգնությունը չի կարող համեմատվել նույն Դոնեցկի հետ: Դոնեցկը երբեմն գնդակոծվում էր, որպեսզի ռազմաճակատի որոշ պարտություններ փոխհատուցվեին: Այստեղ նման բան չկար: Այո, Մարտակերտում հետեւանքները սարսափելի էին, ռումբեր էին նետվում ադրբեջանական «Սու-25» գրոհիչ օդանավերից, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ հայկական հրետանանավորները կրակում էին հենց քաղաքից։
Մեզ արգելեցին կործանված տեխնիկա հրապարակել
ԼՂ Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն աշխատելու համար շատ բան չէր տրամադրում եւ գրագետ չէր շփվում լրագրողների հետ՝ պատճառաբանելով գրաքննությամբ: Օրինակ՝ մեզ արգելված էր առաջնագծի մոտ ոչնչացված հայկական սարքավորումներ հրապարակել: Ինչո՞ւ չպետք է կադրերը հրապարակվեին, հատկապես եթե գնդակոծման վայրը չէր երեւում, մնում է անհասկանալի:
Մի անգամ ինչ-որ անօդաչուի մնացորդներ տեղափոխեցին օդանավակայան՝ լուսանկարելու, բայց միանգամից էլ սկսեցին գոռալ, թե այստեղ ոչինչ չի կարելի նկարել:
Ես հասկանում եմ, որ կան իրավիճակներ, երբ սահմանափակումներն անհրաժեշտ են: Օրինակ ՝ քաղաքը ռմբակոծվում է, եւ ցանցում տեղադրված կադրերը կարող են մյուս կողմին հնարավորություն տալ պարզելու հարվածի արդյունքը: Զուտ տեսականորեն, կարելի է հասկանալ, որ եթե լուսանկարում ծխի սյունը մի փոքր աջ է գնում, քան ուզում էին հարվածել, ապա նրանք կարող են կրակը կրկնել, եւ դուք ակամա կդառնաք հակառակորդի սխալն ուղղողը:
Ես շատ ավելի ուշ էի հրապարակում այդպիսի կադրերը, կամ ծխի սյունները նկարահանում այնպես, որ հողը տեսանելի չլիներ: Բայց կային լրագրողներ, ում համար մեկ էր։ Նրանք ռեպորտաժները պատրաստում եւ արագ հեռանում էին: Այդ պատճառով առաջանում էին լուրջ հակասություններ:
Ես հասկանում եմ, թե ինչպես է հասարակությունն արձագանքում պատերազմին: Եթե 2014-ին Կիեւում բոլորն անտարբեր էին, թե ինչ է կատարվում երկրի արեւելքում, ապա Երեւանում մարդիկ շատ ավելի զգայուն էին:
Եթե հասարակությունը տեղյակ լիներ ռազմաճակատի իրական հանգամանքներին, եթե նրանք իմանային, թե իրականում ինչ է տեղի ունենում պատերազմում, միգուցե հայերը ստիպեին իրենց ղեկավարներին այլ կերպ վարվել: Սա լրագրության ուժն է, բայց քանի որ գրաքննություն եղավ, սրանցից ոչ մեկը տեղի չունեցավ:
Սա ճիշտ այն վիճակն է, երբ չես ցանկանում հավատալ կատարվածին:
Ամբողջ խառնաշփոթը գալիս էր վերեւից
Որքան կարող եմ եզրակացնել, ի վերջո հայտարարված մոբիլիզացիան՝ ինչպես հարկն է, չիրականացվեց: Շատ բան արվեց պատահականորեն: Չգիտես ինչու, մարդիկ ակնկալում էին, որ ամեն ինչ նման կլինի 2020-ի ամռան թեթեւ բախումներին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Չնայած ակնհայտ էր, որ նույնիսկ առանց թուրքական գործոնը հաշվի առնելու, Հայաստանը դեռ այն ժամանակ պարտավոր էր կենտրոնացնել իր բոլոր ուժերն ու կարողությունները պատերազմի համար:
Տարածաշրջան Հայաստանից հաճախ «հյուրեր» էին գալիս, նրանց կարելի էր տեսնել Ստեփանակերտում: Նրանք կարծես հյուրախաղերի եկած լինեին։ Բոլորը թանկարժեք մեքենաներով էին (երբեմն ռուսական համարներով), ինչ-որ մեկը մեքենան նույնիսկ քողարկման նախշով էր ներկել: Եկան, մի քիչ պտտվեցին եւ հետ գնացին Հայաստան: Սրանք մարդիկ էին, որոնք ցանկանում էին ցույց տալ իրենց քաղաքացիական դիրքորոշումը, բայց կռվելու ցանկություն չունեին: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց հայկական կողմի մարտական ոգին դրանից, մեղմ ասած, չեր ամրապնդվում:
Պարտությունն, իհարկե, մի շարք գործոնների համադրություն էր: Կազմակերպչական խնդիրները վատ էին լուծվում: Տպավորությունն այնպիսին էր, որ ամբողջ խառնաշփոթը վերեւից էր գալիս: Կարծես՝ որոշումներ կայացնելու կամք չկար։ Հակամարտության հենց սկզբից հայ հասարակության հայտնի դեմքերը, կարող եք վերաբերվել նրանց ինչպես ցանկանաք, քննադատաբար էին խոսում մի շարք հարցերի վերաբերյալ. մոբիլիզացիայի ձախողում, նյութատեխնիկական ապահովում, շատերին նույնիսկ հնարավորություն չի տրվել մեկնել ռազմաճակատ:
Ես նկատեցի, որ այդ պատճառով տղամարդկանցից մի քանիսը ինքնուրույն էին գնում դեպի այն ստորաբաժանումները, որտեղ նախկինում ծառայում էին: Նրանք ոչ ոքի չհարցրեցին, տեղ հասան ու խնդրեցին կռվել: Բայց ակնհայտորեն ոչ բոլորը կարող էին դա անել:
Ոչ ոք չկազմակերպեց Շուշիի պատշաճ պաշտպանությունը: Ինչպես կորցրին այն՝ պարզապես աներեւակայելի է։ Ես չեմ կարող դա հասկանալ:
Պատրաստեց Կարինե Դավոյանը