Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը գործել է հիմնարար պայմանագրի համաձայն, որտեղ հստակ արձանագրված է, թե որ պարագայում է կազմակերպությունն օգնություն ցուցաբերում այս կամ այն պետությանը:
Նա մանրամասնել է, որ, ՀԱՊԿ անդամ պետության դեմ ագրեսիայի դեպքում, իր կայունությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիք տեսնող երկիրը ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելուց հետո անհետաձգելի ռազմական օգնություն է ստանում, մինչդեռ Հայաստանից ռազմական օգնության մասին որեւէ դիմում չի եղել, հետեւաբար մեխանիզմները գործի չեն դրվել:
Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ն ի սկզբանե հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման եւ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին եւ ողջունում է ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել ավելի մեծ ողբերգությունից:
Նա նաեւ նշել է, որ սիրիացի վարձկան գրոհայինները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունն ու հեռանան Լեռնային Ղարաբաղից, հավելելով, որ անօրինական զինված կազմավորումների ստեղծումն անմիջապես ՀԱՊԿ սահմանների մոտ վտանգավոր է անդամ երկրների համար: