Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Արեւմտյան Բալկաններին նվիրված կոնֆերանսի արդյունքներն ամփոփելիս թվարկել է այն վեց երկրների անունները, որոնք մոտ ապագայում դառնալու են Եվրամիության մեծ ընտանիքի անդամ:
Մերկելը նշել է, որ այդ երկրների անդամակցությունը բխում է ԵՄ բուն շահերից: Այսպիսով՝ Եվրամիությանը շուտով կանդամակցեն Բոսնիան եւ Հերցեգովինան, Սերբիան, Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան եւ Կոսովոն:
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ այդ տարածաշրջանը Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցության տակ է: Մերկելն ընդգծել է, որ Բալկանները «լույսի եւ խավարի արանքում են»՝ նկատի ունենալով 1990-ականների պատերազմն ու դրա հետեւանքները Հարավսլավիայի փլուզումից հետո: Մասնավորապես, կանցլերը հիշեցրել է Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բարդ հարաբերությունները, Բոսնիայի եւ Հերցոգովինայի ներքին տարաձայնությունները, ինչպես նաեւ Բուլղարիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ ծառացած խնդիրները:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Լայենը ողջունել է այդ երկրների ճանապարհը դեպի ԵՄ:
Բալկանյան երկրների անդամակցությանն իր աջակցությունն է հայտնել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Վերոնշյալ որոշման մասին բավական զուսպ արտահայտվել են նաեւ Բուլղարիան եւ Նիդերլանդները:
Նշենք, որ ներկայում Եվրամիության 27 անդամ-երկրներն են Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Խորվաթիան, Կիպրոսը, Հունգարիան, Հունաստանը, Մալթան, Նիդերլանդները, Շվեդիան, Չեխիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան եւ Ֆրանսիան: