ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնել են, որ ՊՆ ՌՈ-ն բացահայտել է կորոնավիրուսի թեստի բացասական տվյալներով կեղծ պատասխաններ տրամադրելու դեպքեր։
Սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 15-ին «Ֆենիքս մեդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ՔՈՎԻԴ-19 համավարակի հայտնաբերման հետազոտության նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմից իրականացրել են ընդհանուր թվով 62 նմուշառում։
Այնուհետեւ, համապատասխանաբար հոկտեմբերի 4-ին եւ հոկտեմբերի 18-ին վերջիններիս տրամադրել են «Բիոմեդ» ՍՊԸ ձեւաթղթեր՝ տալով բացասական տվյալներով կեղծ պատասխաններ առանց ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտության:
Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: