Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսի դեմ պատվաստումն այսօրվանից դարձել է պարտադիր 60 եւ բարձր տարիքի բնակիչների համար: Պատվաստվել պարտավոր են նաեւ քրոնիկ հիվանդություններով բնակիչները, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների աշխատակիցները:
Երկրամասի վարչակազմի որոշմամբ՝ նշված խմբերի բնակիչները պատվաստանյութի առաջին չափաքանակը պետք է ստանան մինչեւ դեկտեմբերի 13-ը, իսկ երկրորդը՝ մինչեւ հունվարի 13-ը:
Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանը եւս նոյեմբերի 9-ին ընդունել է 60 եւ բարձր տարիքի բնակիչների համար պատվաստումը պարտադիր դարձնելու որոշում, սակայն քաղաքային օրենսդիր մարմինը հաջորդ օրը հայտարարել է, թե պատվաստումը կամավոր կմնա:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի Սանկտ Պետերբուրգի քաղաքային վարչությունը հայտարարել է, որ այս տարվա դեկտեմբերի 16-ից բոլոր հիմնարկները պարտավոր են աշխատանքից ազատել 60 եւ բարձր տարիքի այն աշխատակիցներին, որոնք պատվաստանյութի առաջին չափաքանակը չեն ստացել:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային շտաբն այսօր հաստատել է, որ կառավարության հետ մշակում է տրանսպորտ, սրճարաններ, խանութներ եւ հանրային այլ վայրեր ու հիմնարկներ միայն QR կոդերով մուտք գործելու կարգը: