Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ 2022-ի հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու ԵՄ GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմից։ Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է, որ տվյալ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվում է բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների շարքը։
Այդ դեպքում երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում շարունակում է օգտվել արտոնյալ ռեժիմից:
Հայաստանը 2017, 2018 եւ 2019 թվականներին Համաշխարհային բանկի կողմից համարվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, իսկ 2021-ին օգտվել է անցումային ժամանակահատվածից, ուստի 2022-ի հունվարի 1-ից այլեւս չի օգտվելու GSP+ համակարգից։
Այսպիսով՝ հաջորդ տարվանից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս հայաստանյան ընկերությունների նկատմամբ արտոնություն չի կիրառվի։
Չնայած դրան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանին շարունակելու են GSP համակարգից օգտվելու հնարավորություն տրամադրել ԱՄՆ-ը, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան ու Նորվեգիան:
Տրամադրվող արտոնությունների ցանկն ըստ երկրների
Կանադայի տրամադրած արտոնությունների ցանկում ներառված են գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքներ, որոնց թվում են տեքստիլը, կոշկեղենը, քիմիական եւ մի շարք արդյունաբերական ոլորտների արտադրանքներ։
Ճապոնիա
Ճապոնիան արտոնություն է տրամադրում գյուղատնտեսական եւ ձկնամթերքի 337 եւ արդյունաբերական 3141 ապրանքների նկատմամբ։
Նորվեգիա
Նորվեգիայի տրամադրած արտոնությունը վերաբերում է GSP-ի շրջանակում գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքներին` 0% մաքսատուրքով եւ տեքստիլ արտադրանքին` 5-15%–ի սահմաններում։
Շվեյցարիա
Շվեյցարիայի կողմից տրամադրվող արտոնությունը տարածվում է գրեթե բոլոր արդյունաբերական եւ մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա։ Տեքստիլի եւ հագուստի համար գործում է արտոնյալ զեղչ՝ մաքսատուրքի 50%-ի չափով։
ԱՄՆ
ԱՄՆ-ի կողմից տրամադրվող արտոնությունների ցանկում ներառված են մի շարք քիմիական նյութեր, հանքանյութեր, ոսկերչական արտադրանք, գորգերի որոշ տեսակներ, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքներ եւ ձկնամթերք։
Հայաստանն ազատ առեւտրի ռեժիմ ունի նաեւ Ուկրաինայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ: Նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ազատ առեւտրի ռեժիմից հանումներ չի կիրառում, միաժամանակ Ազատ առեւտրի համաձայնագրի մասնակից պետությունները հայկական ապրանքների նկատմամբ չեն կիրառում որեւէ հանում:
Հայաստանի Հանրապետությունը GSP+-ից օգտվում էր 2009-ի հունվարի 1-ից։ 2014-ի հունվարի 1-ից Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ–ն ընդգրկվել է ԵՄ վերանայված արտոնյալ առեւտրային ռեժիմի նոր փուլում, որից օգտվելու նախապայման է մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը եւ արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը:
ԵՄ-ի կողմից տրամադրվող GSP+ մաքսային արտոնությունների համակարգը ցածր եւ ցածր միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: