Գերմանական Der Spiegel պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում 1991 թվականի փաստաթուղթ է հայտնաբերվել, որում Արեւմուտքի երկրները նշել են, որ ՆԱՏՕ–ի արեւելյան ուղղությամբ ընդլայնումն անընդունելի է:
«Նոր փաստաթղթերը հաստատում են Ռուսաստանի դժգոհությունները ՆԱՏՕ–ի նկատմամբ։ ՌԴ–ն տասնամյակներ շարունակ հայտարարում է, որ դեպի արեւելք ՆԱՏՕ–ի ընդլայնումը հակասում է Արեւմուտքի խոստումներին»,– գրում է պարբերականը։
Նախկինում գաղտնագրված փաստաթուղթը 1991-ի մարտի 6-ին Բոննում տեղի ունեցած բանակցությունների մասին է, որոնց ներկա են եղել ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԳԴՀ–ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները։
«2+4 (միավորումից հետո Գերմանիայի կարգավիճակի մասին) բանակցությունների ժամանակ հստակ հասկացրինք, որ ՆԱՏՕ–ն Էլբայից այն կողմ չի ընդլայնվի։ Այդպիսով մենք չենք կարող Լեհաստանին եւ մյուսներին ՆԱՏՕ–ին անդամակցելու առաջարկ անել»,– հայտարարել էր ԳԴՀ–ի ներկայացուցիչ Հրոբոգը, որը, ըստ Der Spiegel պարբերականի, ամենայն հավանականությամբ, Էլբան շփոթել է Օդրայի հետ։
Ըստ պարբերականի՝ նման խոստումներ էին տվել նաեւ ամերիկացի դիվանագետները։
Մասնավորապես, Der Spiegel-ը մեջբերել է նաեւ ԱՄՆ ներկայացուցիչ Ռայմոնդ Զեյտցի՝ «ՆԱՏՕ–ն ո՛չ ձեւականորեն, ո՛չ էլ ոչ պաշտոնապես չպետք է ընդլայնվի դեպի արեւելք» խոսքերը։