2021 թվականի դեկտեմբերին Գյումրու քաղաքապետարանը բացօթյա առեւտուրն արգելելու որոշում էր ընդունել։
Առեւտրով զբաղվողներին ժամանակ էր տրվել մինչեւ ապրիլի 30-ը ազատել փողոցներն ու մայթերը: Բացի այդ՝ քաղաքապետարանը որոշել էր ամբողջությամբ վերացնել «Լաչինի միջանցք» կոչվող հատվածի շուկան, հանել բոլոր տաղավարները, տարածքն էլ դարձնել ավտոմեքենաների համար երթեւեկելի միակողմանի փողոց: Ապրլի 30-ն անցավ: Առեւտրով զբաղվողները կրկին նույն տեղում են, փողոցներն ու մայթերն էլ՝ գերբեռնված:
Ապօրինի բացօթյա առեւտուրը վերացնելու պահանջը քաղաքում նոր չէ: Բոլոր ղեկավարների օրոք էլ խնդիրը բերվել է առաջ, սակայն երբեք լուծում չի ստացել. մարդկանց համար հացի խնդիր է: Կլուծվի՞ հարցն արդյոք այս անգամ:
Գյումրու քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանն ասում է՝ այո՛: «Քաղաքի տեսլականն է փոխվել, դառնում ենք զբոսաշրջային կենտրոն, իսկ այն, ինչ հիմա ունենք, համահունչ չէ դրան»:
Թե քաղաքապետարանն ինչ այլընտրանք է առաջարկում առեւտրով զբաղվոողներին, Առուշանյանն ասում է՝ հին շուկայի տարածքն են նկատի ունեցել, որն այժմ, սակայն, սեփականատեր ունի եւ մոտ ապագայում չի պատրաստվում տարածքը գործարկելու որպես շուկա: Միակ այլընտրանքային տարածքը Միկրոյի շուկան է, որը, կրկին, վաճառված է, բայց տերը դեմ չէ մեծ շուկա դարձնելուն: Համաձայնություն են ձեռք բերել սեփականատիրոջ հետ:
Բացօթյա առեւտրով զբաղվողները կտրուկ մերժում են Միկրոյի շուկայում աշխատելու պահանջը: «Մենք սեփականատիրոջ գերի չենք լինի: Ասել են՝ առաջին ամիսն անվճար է լինելու տարածքը, դրանից հետո տերը կորոշի՝ ինչ գին սահմանի: Բացի տեղի գումարից՝ հավելյալ վճարելու ենք նաեւ արկղերի, պահեստի համար: Ամեն ինչի համար վճարելու ենք առանձին-առանձին: Միայն 1 ավտոմեքենա ենք մտցնում 2 արկղ ապրանք բերելու համար, 100 դրամ են վերցնում»,- իրար հերթ չտալով՝ բողոքում են առեւտրականները:
Պետական ենթակայության շուկա գնալուն դեմ չեն, ասում են՝ կվճարեն, գոնե գիտեն, որ քաղաքին կգնա գումարը, սեփականատերն էլ սրտի ուզած պահին վարձավճար չի ավելացնի: Մանրածախ առեւտրով զբաղվողները համաձայն չեն նաեւ նույն տարածքում մեծածախ առեւտրականների հետ աշխատելուն. «Ես 10 կգ եմ առնում, կողքինս՝ 10 տոննա, ես ի՞նչ անեմ, իմ մի քանի կիլոգրամ մրգին նայողն ո՞վ է»,- հարցնում են նրանք:
«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի իրավաբան Հերմինե Հովհաննիսյանը նույնպես մտավախություն ունի, որ սեփականատերը կարող է օգտվել մենաշնորհից ու մի օր որոշել, որ այդ գնով այլեւս չի ուզում աշխատել: «Քանի որ քաղաքացին այլընտրանք չունի, լուրջ խնդրի կբախվի, եւ կրկին առեւտուրը կգնա փողոց»: Իրավաբանը հորդորում է առեւտրով զբաղվողներին անպայման պայմանագիր կնքել սեփականատիրոջ հետ, որի մեջ հստակ կնշվի վարձավճարի չափը:
Տնտեսագետ Կարեն Պետրոսյանը հարցին ավելի հեռվից է մոտենում. «Ինչո՞ւ վաճառվեց Գյումրու կոլորիտային շուկան եւ ո՞ւմ վաճառվեց»: Տնտեսագետն առաջարկում է հանրային գերակա շահի տիրույթում հետ գնել շուկան ու բաժնետիրական սկզբունքով գործարկել: Առաջարկում է, որ 50 տոկոսով բաժնետեր լինի համայնքապետարանը, նույնքան էլ՝ առեւտրականները. «Թող բոլորը հասկանան, որ դա իրենցն է»:
Որ փողացային առեւտուրը լրջագույն խնդիր է Գյումրիում, Պետրոսյանը չի ժխտում: Փաստում է, որ փողոցում՝ ցեխի ու փոշու մեջ, սանիտարահիգիենիկ պայմանների մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ՝ աչքի համար խիստ տհաճ է, եւ վերջապես անհարմարություններ է առաջացնում թե՛ զբոսաշրջիկների, թե՛ բնակիչների համար:
Տնտեսագետը հորդորում է համայնքապետարանին կամք դրսեւորել, լծվել գործին ու վերջնական լուծում տալ տարիներով անլուծելի թվացող այս հարցին: Վստահ է՝ մեծ շուկայում աշխատելն ավելի եկամտաբեր ու հաճելի կլինի: Մասնագիտական կարծիք է հայտնում, որ եթե մարդկանց հոսքը մեկ տեղում է, նրանք հոգեբանորեն հակվում են ավելի շատ գնումներ կատարելուն:
Գալով Գյումրու քաղաքապետարանի առաջարկին՝ տնտեսագետն այն մասնակի «հում» է որակում, քանի որ միայն մեկ տարբերակ են դիտարկել: Վստահ է՝ եթե համայնքապետարանը համակարգված լուծում առաջարկի, գնա դրա հետեւից, ունենա մեկ օրակարգ՝ հստակ ռիսկերի բացակայությամբ, փողոցային առեւտրով զբաղվող մարդիկ հեշտությամբ ընդառաջ կգնան առաջարկին եւ ոչ թե կընդդիմանան, ինչպես դա անում են այսօր:
Հարցին, թե ինչ եք անելու, եթե այնուամենայնիվ, առեւտրականները չհամաձայնեն Միկրոյի շուկա գնալուն, Դավիթ Առուշանյանն ասում է՝ գործելու է օրենքը. կտուգանվեն:
Նշենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով 3 օրով հետաձգվել էր փողոցային առեւտրի արգելքը, բայց այդ ժամկետը նույնպես անցել է, փողոցներից ու մայթերից էլ այսօր կրկին «Էստի համեցեք» են անում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։