Բրիտանական Financial Times պարբերականը գրում է, որ ըստ եվրոպացի անանուն դիվանագետի՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է որպես սադրանք գնահատվել: Դիվանագետը չի ճշտել՝ հատկապես ում համար դա կարող է սադրանք գնահատվել:
Շվեդիան եւ Ֆինլանդիան սկսել են բազմամյա չեզոքությունից հրաժարվելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին խոսել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության պայմաններում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցման գործընթացը չի հապաղի, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի 30 անդամ երկրների քաղաքական որոշումից զատ դրա համար անհրաժեշտ է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան իրենք միանալու որոշում ընդունեն:
ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը մայիսի 5-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սպասում է, որ այդ երկրներն առաջիկա ամիսներին ու շաբաթներին ինքնուրույն որոշումներ կընդունեն դաշինքին անդամակցելու հնարավորության շուրջ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կողջուներ դաշինքին այդ երկրների միանալը:
Ռուսասատանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իսպանական ABC պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան եւ Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումն ավելի մեծ անվտանգություն չի բերի Եվրոպային, ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին գոյաբանական սպառնալիք չի համարում Ռուսաստանի համար:
Նախօրեին Գերմանիայի կառավարության հետ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի վարչապետների դռնփակ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ այդ երկու երկրները դեռ չեն կողմնորոշվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ եթե այս երկու երկրները որոշեն անդամակցել ՆԱՏՕ-ին, կարող են ակնկալել Գերմանիայի աջակցությունը։
Պատմական տեղեկանք
1949-ին ստեղծված Ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքին անդամակցող 30 երկրներից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիսամերիկյան։ ՆԱՏՕ-ի անդամների թիվը սկզբնական շրջանում 12-ն էր, որոնք միաժամանակ ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներն էին։ Ֆրանսիան 1966-ին լքեց ռազմական ինտեգրալ կազմակերպությունը՝ միաժամանակ պահպանելով Ատլանտյան դաշինքի անդամությունը, 2009-ին կրկին դարձավ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։
1952-ին՝ Սառը պատերազմի շրջանում, ՆԱՏՕ-ն իր կազմ ընդունեց Հունաստանին եւ Թուրքիային։ Արեւմտյան Գերմանիան Փարիզի համաձայնագրերով անդամակցում է 1955-ից ի վեր, 1982-ին ՆԱՏՕ-ին միացավ Իսպանիան։ Սառը պատերազմի ավարտը նշանավորած Արեւելյան բլոկի փլուզումից հետո Արեւելյան Եվրոպայի 14 երկիր 1999-2009 թվականների ընթացքում միացավ Հյուսիսատլանտյան դաշինքին։ 2017-ի հունիսին Մոնտենեգրոն դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ, 2020-ի մարտին Հյուսիսային Մակեդոնիան՝ 30-րդ անդամ երկիրը։ Շվեդիան եւ Ֆինլանդիան անդամակցելու դեպքում կդառնան ՆԱՏՕ-ի 31-րդ եւ 32-րդ անդամ երկրները: