«ՀայՓոստ ընկերությունից» հայտնել են, որ վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են անվճար հայտարարությունների տարբեր էջերից, մասնավորապես List.am-ից, ինչպես նաեւ նամակների ուղարկման տարբեր հարթակներից (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգից) օգտվող խարդախները, որոնք փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին եւ այնտեղ պարունակող ֆինանսական միջոցներին:
«ՀայՓոստը» շարունակում է ահազանգեր ստանալ, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, իր անվան եւ ապրանքային նշանի շահարկմամբ եւս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Այս անգամ խարդախները ներկայանում են իբրեւ «ՀայՓոստ» ընկերության օպերատորներ:
Ընկերությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ «ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որեւէ առնչություն չունի:
«ՀայՓոստը» հորդորում է ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները եւ այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ: