Լատվիայում հունիսի 9-ից չի հեռարձակվի ռուսական 80 հեռուստաալիք, որոնց թվում՝ ԱՊՀ երկրների նախաձեռնությամբ ստեղծված «Միր»-ը։ Դրա մասին թվիթերյան գրառման մեջ հայտնել է Լատվիայի՝ ԶԼՄ-ների հարցերով Ազգային խորհրդի ղեկավար Իվարս Աբոլինշը։
Փոխարենը հունիսի 9-ից հեռարձակման թույլտվություն կտրվի ՌԴ-ում օտարերկրյա գործակալ ճանաչված ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքին։ Լրատվամիջոցը մարտից դադարեցրել է հեռարձակումը Ռուսաստանում, իսկ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեեւան հայտարարել է, որ «Դոժդ»-ի հետագա աշխատանքը կարող է հանգեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումների:
Հեռարձակումը դադարեցնող ալիքների թվում են նաեւ «Օրուժիե»-ն, «ETV»-ն, «Իլյուզիոն+»-ը, «Կինո 24»-ը, «Միր TV»-ն, «Օխոտա ի ռիբալկան», «Պերեցը» եւ «Ռուսական իլյուզիոնը»:
Որոշումն ընդունվել է նոր օրենսդրական նորմի համաձայն, ըստ որի՝ Լատվիայում չեն կարող գործել երկրի անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող այլ երկրի հեռուստաալիքները։