ՀՀ կենտրոնական բանկը հայտնել է, որ արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված արտոնագրի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ:
«Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում եւ չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել եւ չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»,- նշված է ԿԲ հայտարարությունում:
ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար պետք է դիմել Կենտրոնական բանկից համապատասխան արտոնագիր ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։