Անցած մեկ ամսում մամուլում եւ քաղաքական շրջանակներում քննարկվում էր հարցը, որ Հայաստանը կտրուկ՝ ավելի քան տասն անգամ ավելացրել է Թուրքիայից ներմուծումը եւ այս տարվա առաջին հինգ ամիսներին հասցրել 76 մլն դոլարի։ Եվ որ թուրքական ապրանքների դիմաց Հայաստանից այդ երկիր գնացած յուրաքանչյուր դոլար ֆինանսավորում է նրանց ռազմարդյունաբերությունը, ինչը հատկապես 44-օրյա պատերազմից հետո անթույլատրելի է։ Չէ՞ որ Թուրքիան թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ ու հիմա զենքով օգնում է Ադրբեջանին։ Ուրեմն մենք, այդ երկրից ապրանք գնելով, նպաստում ենք թշնամու ռազմական տեխնիկայի համալրմանն ու դառնում մեր զինվորների սպանության ֆինանսավորողը։
Նախ պետք է նշել, որ Թուրքիայից ներկրումը թեեւ ընդհուպ մոտեցել, բայց դեռ չի վերականգնել մինչեւ պատերազմը եղած ծավալները։ Հայտնի պատճառներով այն կտրուկ ավելացել է միայն 2021 թվականի համեմատ. Ազգային ժողովի սահմանած արգելքի արդյունքում անցած տարի այդ երկրից ներմուծում գրեթե չէր արվում։ Իսկ զրո ներկրման դեպքում որոշակի շրջանառությունն արդեն անգամներով աճ է նշանակում։ Նշենք նաեւ, որ 2020 թվականի առաջին հինգ ամիսներին, Թուրքիայից ներմուծվել է այս տարվա նույն ժամանակահատվածում ներկրվածից ավելի շատ՝ 79 մլն դոլարի ապրանք։
Ինչ վերաբերում է Թուրքիայից ներկրումներին ընդհանրապես, ապա Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիսի ներկրումը հավասարվել է հեղափոխությունից առաջ՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ներկրման ծավալներին՝ 76 մլն դոլար։ Բայց արդեն 2018 եւ 2019 թվականների առաջին հինգ ամիսներին Թուրքիայից ներկրումը եղել է ավելի շատ՝ 87,7 եւ 98,5 մլն դոլարի։
Իհարկե, կարող եք ասել, թե այնուամենայնիվ այդ երկու տարիներին միայն 5 ամսվա կտրվածքով Թուրքիայից ներկրումն ավելացել է 10-20 մլն դոլարով, բայց դա էլ ներառում է այն գնաճը, որն ամեն տարի գրանցվում է ամբողջ աշխարհում։ Ի դեպ այս տարի Թուրքիայում գնաճն ամենաբարձրն է՝ 70-80 տոկոս։ Այնպես որ այդ երկրից ներկրումը դեռ չի ավելացել, չի գերազանցել վերջին չորս-հինգ տարիների ծավալները։
Իսկ 2021-ին, երբ արգելվեց Թուրքիայից ներկրումը, հույս կար, որ փոխարենը կզարգանա տեղական արտադրությունը։ Այդ հույսերը չարդարացան մի քանի պատճառներով: Նախ՝ արտադրությունն ավելի երկարատև գործընթաց է, ավելի լուրջ ներդրումներ ու ժամանակ է պահանջում։ Բացի այդ՝ Հայաստանը երկար տարիներ փակ սահմաններ, տեխնոլոգիաների ներմուծման եւ արտադրանքի արտահանման դժվարություններ ունեցող երկիր է եղել։ Ունի շատ փոքր շուկա եւ իրացման ցածր հնարավորություն։ Այս եւ այլ խնդիրների պատճառով մեր արտադրանքի ինքնարժեքը բարձր է եւ մրցունակ չէ արտադրական ահռելի հնարավորություններ ունեցող Թուրքիայի ապրանքների համեմատ, որոնք բարձր որակի եւ ցածր ինքնարժեքի շնորհիվ գրավել են եվրոպական երկրների շուկաները։
Մյուս կողմից՝ ներկրումն է արտադրելուց բավականին հեշտ, ինչու չէ, նաեւ ավելի եկամտաբեր։ Դա է պատճառներից մեկը, որ մեր գործարարները տարիներ շարունակ իշխանությունների հետ նախընտրել են առաջինը՝ նվազագույնի հասցնելով մեր արտադրական հնարավորությունները։ Իսկ անցած տարի թուրքական ապրանքների ազատ թողած շուկայի մի մասը շատ արագ գրավեց Ռուսաստանի ապրանքը։ Օրինակ՝ մեր խանութներում հայտնվեց ռուսական հագուստ, կամ մեր մոլերում բացվեցին ռուսական բրենդային խանութներ։ Ընդ որում՝ ռուսական հագուստը որակով զիջում է թուրքականին, բայց ավելի թանկ է։
Թուրքական ծագման ապրանքների վրա արգելքի կիրառումից հետո 2021-ին Թուրքիայից ամենամեծ անկումը գրանցեց հագուստի, նավթամթերքի եւ լվացող ու մաքրող միջոցների ներմուծումը՝ համապատասխանաբար 14,2 մլն, 5,2 մլն եւ 4,7 մլն դոլարով։ Նույն նավթի եւ նավթամթերքի՝ Ռուսաստանից ներմուծումն աճեց 71 մլն դոլարով, լվացող եւ մաքրող միջոցներինը` 6 մլն դոլարով։ Եվ ընդհանրապես անցած տարի Ռուսաստանից ներկրումն ավելացավ 20 տոկոսով։ Իսկ հիմա, երբ Թուրքիայից ներմուծման արգելքը հանվել է, այդ երկրի ապրանքը Հայաստանից արագորեն դուրս կմղի ռուսականին։ Դա շուկայի օրենքն է։
Ինչ վերաբերում է հարցին, թե մենք, Թուրքիայից ներկրում անելով, զինում ենք Ադրբեջանի զինվորին, ապա հայտնի է, թե որ պետությունն է այդ երկրի ռազմական տեխնիկայի թիվ մեկ մատակարարը՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի գնահատմամբ՝ 2011-2020 թվականներին Ադրբեջանի ձեռք բերած զենքի ավելի քան 60 տոկոսը Ռուսաստանն է վաճառել: Ադրբեջանի զենքի երկրորդ խոշոր՝ 26,6 տոկոսի մատակարարը եղել է Իսրայելը, երրորդը ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսն է՝ 7,1 տոկոս մասնաբաժնով։ Ի դեպ Ադրբեջանն այդ երկու կազմակերպությունների անդամ չէ։ Թուրքիան այս շարքում ունի ընդամենը 2,9 տոկոս։
Նույն տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել։ Այսինքն՝ Ռուսաստանը մի կողմից Ադրբեջանին Հայաստանից անգամներով շատ է զինել ու շարունակում է զինել, մյուս կողմից Արցախում իրականացնում է խաղաղապահ առաքելություն, իսկ Հայաստանում՝ ընդլայնում իր ռազմաբազան։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։