Ըստ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների եզրափակիչ նիստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վերջին մի քանի օրում շատ բարդ հարցեր են քննարկել եւ շոշափելի առաջընթաց գրանցել:
Արլինգթոնում մայիսի 4-ին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը՝ եզրափակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ե՛ւ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանն ընդունում են, որ տեւական, կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է… Բլինքենը շեշտել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել եւ շոշափելի առաջընթաց են գրանցել տեւական խաղաղության պայմանագրի հարցում։ Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Միրզոյանն ու Բայրամովն էլ իր նման հասկանում են, որ առկա է տեսանելի եւ հասանելի համաձայնություն: «Դրան հասնելն, ըստ իս, կլինի ոչ միայն պատմական քայլ, այլ նաեւ մեծապես կբխի Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների շահերից եւ շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս։ Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը եւ հիմքը, որը դրել են այստեղ գտնվող մեր գործընկերները, ցույց է տալիս, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն»,- ընդգծել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարը դարձյալ շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել տրամադրել կողմերին այս հարցում իր աջակցությունը: «Յուրաքանչյուր մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բոլորս դա գիտենք: Սակայն ԱՄՆ-ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին` հատելու եզրագիծը: Նորից եմ ասում, ըստ իս, մենք շատ մոտ ենք դրան… Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու հանձնառությունը, վճռականությունը իրական են: Եվ այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցե, եւ պատրաստ ենք օգնել մեր բարեկամներին հասնելու դրան»,– հավելել է Բլինքենը։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է վերադառնալ իրենց մայրաքաղաքներ, սեփական կառավարություններին հաղորդակից դարձնել այն մտքերը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության եւ փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է։ «Նրանք շարունակելու են ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը եւ մասնակցությունը ամուր եւ տեւական խաղաղության հասնելու իրենց ջանքերում»,- եզրափակել է Բլինքենը։