Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի շրջանակում դժվարություններ առաջացան, քանի որ որոշ երկրներ խորապես չեն հասկանում ռուս-ուկրաինական պատերազմի բնույթը եւ շարունակում են Ռուսաստանին լայնածավալ ռազմական արշավներ իրականացնելու ունակ համարել:
Պոդոլյակը հավելել է, որ նման երկրները չեն հասկանում, թե պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանն ինչու պետք է լքի Ուկրաինայի տարածքը։ Ըստ նրա՝ այդ երկրները շարունակում են մտածել, որ դա ինչ-որ տարածքային նրբերանգների խնդիր է: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությանը տարածք թողնելը, թեկուզ մի փոքրիկ կտոր, կնշանակի պատերազմն ուղղակիորեն տեղափոխել հաջորդ փուլ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի խորին համոզմամբ հանգուցալուծումն առանց ռուսների պարտության կնշանակի ինչ-որ բան պայմանավորվել Ռուսաստանի Դաշնության հետ եւ վարկաբեկել միջազգային իրավունքը:
Պոդոլյակը շեշտել է, որ բանակցությունների միակ հիմքը նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձեւն» է։ Ըստ այդմ, չեն կարող լինել «կրակի անհապաղ դադարեցում» եւ «բանակցություններ այստեղ եւ հիմա» կարգի փոխզիջումային դիրքորոշումներ, այլ միմիայն՝ ռուսական զորքերի դուրսբերում՝ ըստ 1991 թվականի սահմանների։ «Պատրանքների կարիք չկա. ցանկացած «Մինսկ-3» միայն ապագայում կշարունակի պատերազմը: Հենց «պատրանքներից հրաժարում» է տեղի ունենում այսօր շատ երկրներում, որոնք դեռ երեկ սխալ էին գնահատել Ռուսաստանին եւ միջազգային իրավունքը «ոչնչացնելու» նրա մտադրությանը»,- թվիթերյան իր գրառման մեջ շեշտել է Պոդոլյակը: