Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը նման վայրագություններ չէր տեսել նույնիսկ Իսլամական պետությունից (ԴԱԻՇ):
«Այս պատերազմը մեզ պարտադրել են այն գազանները, որոնք փառավորում են կանանց, երեխաներին ու ծերերին սպանողներին։ Մենք քաջ գիտեինք՝ ինչ է ՀԱՄԱՍ-ը: Հիմա ամբողջ աշխարհը գիտի՝ ՀԱՄԱՍ-ը ԴԱԻՇ-ն է: Եվ մենք հաղթելու ենք այնպես, ինչպես առաջադեմ աշխարհը հաղթեց ԴԱԻՇ-ին»,- ասել է նա:
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ լարվածության սկսվելուց հետո սպանվել է 900 իսրայելցի: Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է 123 զինվորների անունները, որոնք սպանվել են էսկալացիայի սկսվելուց ի վեր։
«Կոչ ենք անում Գազայի բոլոր բնակիչներին փախչել Եգիպտոս»,- Իսրայելի բանակի ճեպազրույցում հայտարարել է ՑԱԽԱԼ-ի խոսնակը:
Իսրայելում գործողության հետևանքով ՀԱՄԱՍ-ի զինյալների ավելի քան 1500 դի է հայտնաբերվել։ Հարավային սահմանն ամբողջությամբ վերահսկվում է: Գիշերվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում ավելի քան 200 հարված են հասցրել թիրախներին։
Թարմացում
Վերջին մի քանի ժամվա ընթացքում զանգվածային տարհանումներ են եղել Պաղեստինում. Գազայի հատվածը լքել է ավելի քան 187 հազար մարդ։
Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական զորքերը հոկտեմբերի 10-ի առավոտյան ներխուժել են Հորդանան գետի արեւմտյան ափի Նաբլուս քաղաք: Նաբլուսը Պաղեստինի ինքնավարության տարածքում Գազայի հատվածից մոտավորապես հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաք է:
