Ֆրանսիական դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ձերբակալության կարգադրություն է տվել՝ 2013 թվականին քիմիական զենք օգտագործելու մեղադրանքով։
«Ֆրանսպրես» գործակալությունը հայտնում է, որ քիմիական զենքի կիրառմանն առնչվող ընդհանուր առմամբ չորս անձի ձերբակալման կարգադրություն է տրվել։ Սիրիայի նախագահից բացի՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա եղբոր՝ Սիրիայի հանրապետական գվարդիայի հրամանատար Մահեր Ասադի նկատմամբ: Ի դեպ, նախագահի եղբոր գլխավորած էլիտար ռազմական կազմավորումը նախատեսված է սիրիական իշխանությունների պաշտպանության համար։ Ձերբակալության կարգադրություն է տրվել նաեւ սիրիացի երկու այլ գեներալների նկատմամբ, որոնց անունները չեն նշվում:
Բոլոր չորս անձինք մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործություններին մեղսակցության համար: Դամասկոսը դեռեւս չի մեկնաբանել Ասադի ձերբակալման վերաբերյալ Ֆրանսիական դատարանի հրամանը: