Գյումրու համայնքապետարանում կրքերը թեժ են. քաղաքը ղեկավարող «Բալասանյան» դաշինքին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց կիսել քաղաքի ղեկը: ՔՊ-ն միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ ստորագրած համագործակցության հուշագիրը։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Գյումու նորընտիր ավագանու կազմում տասնչորս մանդատ ունեցող «Բալասանյան դաշինք» եւ տասնմեկ մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները համաձայնագիր էին կնքել, ըստ որի՝ Գյումրու քաղաքապետ էր առաջադրվելու «Բալասանյան դաշինքի» ընտրական ցուցակի 1-ին համար Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեին իշխող ուժի թեկնածուները։
Ըստ պայմանագրի՝ կողմերը պարտավորվում էին կադրային քաղաքականությունն իրականացնել փոխհամաձայնեցված՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար։
Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը եւ Վահագն Մկրտչյանն արդեն ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառը, ըստ նրանց, եղել է այն, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե´ Գյումրու քաղաքապետարանի գործունեությունը եւ թե´ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:
Թե ովքեր են ստվերից կառավարում Գյումրին, փոխքաղաքապետերն ու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն անուններ չեն հնչեցնում, փոխարենը կրկին պնդում են՝ քաղաքն արտաքին ուժերն են ղեկավարում:
Կկրկնվի՞ Գյումրիում Ալավերդու հայտնի սցենարը. ՔՊ-ից ասում են՝ ոչ, պատրաստվում են իրենց 11 մանդատը ծառայեցնելու քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Քաղաքում, սակայն, «հալած յուղի տեղ չընդունեցին» ո՛չ հրաժարականների, ո՛չ էլ հուշագրի խզման մասին պատճառաբանությունները: Ավելին՝ ասում են, որ սա բեմականացված շոու է, քաղաքական առեւտուր. Սամվել Բալասանյանի որդին Իրաքում դեսպան նշանակվելու դիմաց կզիջի Գյումրու քաղաքապետի աթոռն իշխանություններին:
Նշենք, որ փոխքաղաքապետներից մեկը՝ Արթուր Պապիկյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է, մյուսը՝ Վահագն Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը: Ըստ տարածված լուրերի՝ Գյումրու քաղաքապետի աթոռը վերջինիս համար է ազատվում:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։