ԱՄՆ-ը Իսրայելին զենք կմատակարարի մինչեւ ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը։ Դեկտեմբերի 12-ին հրեական Հանուկա տոնի կապակցությամբ Սպիտակ տանը ընդունելության ժամանակ դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Մենք կշարունակենք ռազմական աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ազատվել ՀԱՄԱՍ-ից: Նա հավելել է, որ այդուհանդերձ, ԱՄՆ-ը պետք է շատ զգույշ լինի, քանի որ աշխարհի կարծիքը մեկ գիշերվա ընթացքում կարող է փոխվել իսրայելական ռազմական գործողությունների բնույթի պատճառով: «Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- շեշտել է ամերիկացի առաջնորդը:
Բայդենն ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները միաժամանակ կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հատվածին. «Կշարունակենք գլխավորել Պաղեստինի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության համաշխարհային նախաձեռնությունը»,-շեշտել է Բայդենը:
Հանդիպման վերջում Բայդենը խոստովանել է, որ ինքը սիոնիստ է: «35 տարի առաջ ես ասացի՝ սիոնիստ լինելու համար պարտադիր չէ հրեա լինել, ես սիոնիստ եմ: Կրկնում եմ՝ սիոնիստ լինելու համար պարտադիր չէ հրեա լինել»,- կրկնել է Սպիտակ տան առաջնորդը։