Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի գրասենյակի ղեկավար Շալանդա Յանգը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինական բանակին զենքի կանոնավոր մատակարարումների հետեւանքով ամերիկյան զինանոցները սպառվում են: Նա հավելել է, որ սեփական զենքի պաշարները համալրելու համար Միացյալ Նահանգներին մնացել է ընդամենը մոտ 1 միլիարդ դոլար:
Յանգը ուղիղ հարց է տալիս՝ արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է վտանգի ենթարկելու իր պաշտպանունակությունն այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը, բառիս բուն իմաստով, ավելի ու ավելի է բարդանում մեր աչքի առջեւ:
Ամերիկացի պաշտոնյան Կոնգրեսին կոչ է արել ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաեւ աջակցել Ուկրաինային, քանի որ Կիեւին տրվող օգնության քննարկված ծավալի մեծ մասը դեռ կմնա ԱՄՆ-ում: Օգնության պատվերը կստանա ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը: Կիեւին փոխանցվող ռազմական տեխնիկա, զենք եւ զինամթերք արտադրող հազարավոր ԱՄՆ քաղաքացիներ էլ կապահովվեն լավ վարձատրվող աշխատատեղերով: