• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կաթողիկոսի ամանորյա ուղերձը, որ մերժել է Հ1-ը, իմա՝ իշխանությունը

aliq 01:12 | 01.01.2024
aliq 01:12 | 01.01.2024
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս եւ ի սփյուռս,

Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։

Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի եւ հուսառատ գալիքի։

Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային։ Արցախի բռնազավթման եւ հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով եւ առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին եւ հավատը առ մեր Ամենակալ Տերը։

Սիրելիներ, ուրախության, թե նեղության պահերին մեր ժողովուրդը միշտ ապավինել է Աստծուն, միշտ ուժ ու զորություն առել Բարձրյալից՝ հավատքով, որ Աստված մեզ հետ է։ Անտարակույս, մեր ժողովրդի հոգեւոր ներուժն ու ոգու ամրությունը մեզ պիտի առաջնորդեն վերհառնումի եւ հայոց կյանքի հաղթական վերընձյուղման։ Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել: Արդարեւ, չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որի տարեգրությունը զարդարված է աստվածպաշտության եւ հայրենասիրության հրաշալի վկայություններով, ապրելու եւ արարելու անընդմիջելի տենչանքով:

Փորձությունները հաճախ են պատահում ժողովուրդների կյանքում, սակայն դժվարին իրավիճակներից հաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստված հավատքով եւ արիաբար դիմակայում նեղություններին ու մարտահրավերներին։ «Տերը ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա»,- ասում է սաղմոսերգուն (17.31)։

Արդ, սիրելիներ, նոր տարում նորոգվենք հոգով ու մտքով, զորանանք հույսով, ինքնաքննությամբ անդրադառնանք մեր ընթացքին ու գործերին, սրբագրենք թերացումներն ու սայթաքումները, թույլ չտանք, որ ազգային կյանքում սերմանվի ատելություն ու պառակտում, արմատավորվի կործանարար հարմարվողականությունն ու անտարբերությունը։ Ապրենք հավատքով զարդարուն կյանքով, միմյանց հանդեպ աստվածապատվեր սիրով, որպեսզի զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեզանում։ «Մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով»,- ինչպես հորդորում է առաքյալը (Հուդա 20-21)։ Միասնական լինենք Հայաստանում ու սփյուռքում եւ մեր համախումբ ջանքերը ծառայեցնենք հանուն համազգային շահերի պաշտպանության, հայրենյաց ու ազգի կյանքի նոր արշալույսի կերտման։

Գիտակցենք, որ հայրենիքը այն միակ սրբազան վայրն է, որտեղ ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, եւ որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը: Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, եւ զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին եւ Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած եւ գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին։

Սուրբ գրական պատգամի համաձայն՝ չմոռանանք բարեգործությունը եւ մեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն (հմմտ. Եբր. 13.16), եւ այս է ճանապարհը մեր ժողովրդի բարեպաշտ ու ապահով կյանքի, այս է ճանապարհը դարավոր ու նվիրական արժեքներով մեր ազգի եւ պետության լինելիության ու հարատեւության։

Սրտագինս աղոթենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի հայոց աշխարհը եւ ողջ մարդկությանը, Իր զորակցությամբ հույսի ու սիրո շնորհները եւ հաղթության պարգեւը սփռի վտանգների միջով անցնող մեր հայրենիքի ու համայն հայության կյանքին այսօր եւ միշտ եւ հավիտյան. ամեն:

Բարի, օրհնյալ Նոր տարի»,- ասված է Կաթողիկոսի ամանորյա ուղերձում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարզաբանումը

«Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։

Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռեւս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որեւէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես եւ ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց եւ մերժվեց։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը,- ասված է Մայր Աթոռի պարզաբանման մեջ։

Ծանրագույն տարին փակում ենք գործող քաղաքական մեծամասնության ցավալի սխալով

Արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան, Վրաստանի եւ Հայաստանի «Ալիք Մեդիա» կայքերի հիմնադիր Արսեն Խառատյանն  իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթին, որը Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց:

«Սխալով փակվող ծանր տարին գնաց:

Մեր բաժան-բաժան եղած ու հյուծված ժողովրդի համար այս ծանրագույն տարին փակում ենք գործող քաղաքական մեծամասնության ցավալի սխալով:

Այս օրը Հ1-ի եթերով 3 տասնամյակից ավելի ավանդույթ ունեցող Կաթողիկոսի ելույթի չհեռարձակումը պետական  եւ առավել եւս հեղափոխական նոր քաղաքականությամբ չի կարող բացատրվել: Եթե այդպես էր, կամ՝ է, ապա առնվազն 6 տարի ունեին այս մասին խոսելու կամ գործընթաց հարուցելու ՀԱԵ-ի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բացառիկությունը փոփոխելու վերաբերյալ:

Անկախ գործող Վեհափառի նկատմամբ ունեցած որեւէ մեկի անձնական վերաբերմունքից, սա ինստիտուտի, ոչ թե անհատի հարց է, ուստի այս որոշումն ի ցույց է դնում գործող քաղաքական ուժի վերաբերմունքն ու մոտեցումները ինստիտուտների նկատմամբ, մնացածը դատարկաբանություն է:

Անկախ ամենից՝ սրտի ծանրությամբ շնորհավորում եմ հատկապես հայրենազրկված արցախցի մեր հայրենակիցներին: Ձեզ լավ նայեք, սիրելիներ, վստահ եմ՝ մեր եւ ձեր բալիկների լավագույն օրերը դեռեւս առջեւում են…»,- նշել է Արսեն Խառատյանը:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ալիք Մեդիայի» տարեմուտի մաղթանքը
հաջորդը
Մայր Աթոռի մատենադարանի դռները փակ են Հ1-ի առաջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն