ԱՄՆ-ում Vulcan Centaur հրթիռով հունվարի 8-ին Լուսին է արձակվել The Peregrine 1 լուսնագնացը:
Եթե տիեզերական ռոբոտաշինությամբ զբաղվող Astrobotic կորպորացիայի կառուցած Peregrine 1-ի առաքելությունը հաջողությամբ պսակվի, այն կդառնա մասնավոր ընկերության սարքի՝ Երկրի բնական արբանյակի վրա վայրէջք կատարած առաջին լուսնագնացը: Ծրագրի նպատակն է Լուսին տիեզերագնացներ ուղարկելուց առաջ տվյալներ հավաքել երկնային մարմնի մակերեւույթի վերաբերյալ:
Թռիչքն ըստ ծրագրի ընթանալու դեպքում Peregrine-ը Լուսնի վրա վայրէջք կկատարի փետրվարի 23-ին:
Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ Peregrine 1-ը հագեցած է ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA), ինչպես նաեւ 15 այլ ընկերությունների եւ կազմակերպությունների սարքավորումներ: Դրանց օգնությամբ չափելու է ճառագայթման մակարդակը, մակերեւութային եւ ստորգետնյա ջրային սառույցը, մագնիսական դաշտը եւ էկզոսֆերա կոչվող գազի չափազանց նուրբ շերտը:
Ուշագրավ է, որ մոդուլը պարունակում է ոչ գիտական բեռներ, դրանց թվում՝ «մեկ բիթքոյնով բեռնված» ֆիզիկական մետաղադրամ եւ ճապոնական «լուսնային երազանքի պարկուճ», որը պարունակում է 185 հազար 872 հաղորդագրություն ամբողջ աշխարհի երեխաներից: Տիեզերական մոդուլը դրանից բացի պարունակում է նաեւ 200 մարդու աճյուններ, ներառյալ՝ «Ասղային ուղի» սերիալի ստեղծող Ջին Ռոդենբերիի եւ սերիալի մի քանի դերասանների աճյունները, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահներ Ջորջ Վաշինգտոնի, Դուայթ Էյզենհաուերի եւ Ջոն Քենեդիի մազերի նմուշները: Ընկերությունը պնդում է, որ ԴՆԹ-ն տիեզերք ուղարկելով հնարավոր կլինի հազարավոր տարիներ պահպանել «մարդկային գենոմը»: Մարդու աճյունը բնական արբանյակ ուղարկելու արժեքը կազմում է 13 հազար դոլար։